ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ


Հակակրիմինալ շարժման քաղաքականացումն աստիճանաբար բարդանում է: Առավել ևս` նախորդ շաբաթ խորհրդարանում ընդունված հայտնի որոշումը աներկբայորեն փաստում է կոնկրետ գործողությունների անցնելու` իշխանությունների պատրաստակամությունը: Կրիմինալի դեմ պայքարը, ինչ խոսք, մշտապես արդիական գործառույթ է եղել, սակայն վերջին ամիսների իրադարձություններն ակնհայտորեն ստիպում են ուժեղացնել քրեականների դեմ պայքարը` զուգահեռաբար տեսադաշտում ներառելով այսպես կոչված «խոշոր շնաձկներին»: Մեծ է նաև հավանականությունը, որ առաջիկայում նոր բացահայտումներ էլի կլինեն, ինչն էլ հիմնավորապես կցրի այս օրերի այն ոչ այնքան անկեղծ կասկածները, թե կրիմինալի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները պատգամավոր Հակոբ Հակոբյանին քավության նոխազ են դարձնում: «Ճոյտը» բացառություն չէ և ոչ էլ իր տեսակի մեջ միակը: Ուստիև ասպարեզից ոչ միայն նա (իհարկե, եթե առաջիկայում դատարանը նրա բոլոր մեղքերն ապացուցի), այլև բոլոր նրա նմանները` պետությանը վնաս հասցնողները, հարկեր չմուծողները, պարզապես խուլիգանները և այլք, ի վերջո պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ եթե հաշվի առնենք, որ լավ սկիզբը գործի կեսն է, ուրեմն լիարժեքորեն կարող ենք իրատես լինել: Ի վերջո, չպետք է անտեսել, որ Հակոբ Հակոբյանը իշխանություն ունեցող կուսակցության անդամ է, և Հանրապետականը չի մերժում արդարադատությանը հանձնել իր ներկայացուցչին: Այլապես որևէ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե մեկ մարդու նոխազ դարձնելով` իշխանությունը ում և որ մեղքը պետք է քավի: Զինակցին ասպարեզից հեռացնելը չի կարող նաև նախադեպ հանդիսանալ ու օրինակ ծառայել, քանի որ որևէ մեկը մեկ օրում կամ մեկ ամսում չէ հանցագործ դարձել: Կարճ ժամանակահատվածում մեկեն բարոյականությունը վերագտնելու դեպքում անգամ (իհարկե, եթե ստացվի), հնարավոր չէ խուսափել անցյալի հանցագործությունների համար կրելիք պատասխանատվությունից: Եթե կա իշխանության` թեկուզև ուշացած կամքը` ձերբազատվելու ժամանակի ընթացքում բուրգին սերտաճած տզրուկներից, ուրեմն այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Այսքան ցայտուն համապատկերը կատարելապես բովանդակազրկում է ընդդիմության հակակրիմինալ հարայհրոցի էությունը: Ավելին, ինչպես կանխատեսել էինք, հակակրիմինալիստների շարքերն սկսել են նոսրանալ: Կան նաև ասվածն ապացուցող որոշ գործընթացներ: Այսպես, մինչ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, արդեն հայտնի էր, որ հակաքրեականներին է պատրաստվում միանալ ալան-թալանի սկզբնավորման ու բարգավաճման գլխավոր կնքահայրը` նախկին իշխանություններին ներկայացնող կուսակցությունը: Ինչպես և դժվար չէր կանխատեսել, սրան հաջորդեց ձևավորվող դաշինքում ընդգրկված շատ ու շատ քաղաքական ուժերի սպառնալից հայտարարությունը` նախկինների մուտքի դեպքում մնացյալ հակակրիմինալիստներին շուտափույթ հրաժեշտ տալու մասին: Փաստն ինքնին հաստատում է արմատականների նոր միավորման գերքաղաքականացված լինելը և նախընտրական հեռահար նպատակների վերաբերյալ արդեն հնչած հիմնավոր կասկածները: Բայց դա այլևս կարևոր չէ, մանավանդ, որ արմատականների նոր շարժումը սովորականի պես արդեն մարում է: Կարևորն այն է, որ սառույցը շարժվել է, և հակակրիմինալ շարժման շոշափելի ձեռքբերումները տեսանելի են դառնում: Հուսանք, որ այն է°լ ավելի իրական ընթացք կունենա: