ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴՆ ՈՒ... ԱԴՐԲԵՋԱՆԸ 


 

Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Բաքու և Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին նրա մասնակցությունը զարմացրել ու զայրացրել է իրանական հասարակությանը: Իրանում այս պահին ստեղծվել է լարված ու խառնակ իրավիճակ: Ներքաղաքական մթնոլորտը ոչ միայն լարված, այլև չափազանց պրկված է, սրան գումարվել են հանրային անհանգստությունները, տարադրամի տարուբերումները, որոնք լուրջ ցնցումներ են առաջացրել տնտեսության մեջ:

Իրանցիները երկրում ստեղծված ծանր կացության համար մեղադրում են նախագահ Ահմադինեժադին, ով, ըստ իրանական վերլուծաբանների, տապալել է կառավարության ծրագիրը, ձախողել է բոլոր առաջավոր գաղափարների ներդրումը: Չընդունելով իր հասցեին հնչած որևէ մեղադրանք` նախագահը սկսել է մեղավորներ փնտրել` թիրախ ընտրելով իբրև թե հակակառավարական տարադրամային մաֆիային, որն էլ, նախագահի պնդմամբ, երկրում ստեղծել է քաոսային վիճակ: Խորհրդարանում արդեն լուրջ մեղադրանք է հնչել նախագահի հասցեին, նախագահության անդամ պատգամավոր Սոբհանինիան հայտարարել է.

- Հանրապետության նախագահի հայտարարություններն ու կիրառած քայլերը տագնապալի իրավիճակ առաջացնելու ենթահող են ստեղծում երկրի ու հասարակության ներկայիս մթնոլորտում:

Սա, խոստովանենք, Ահմադինեժադի ողջ կառավարման շրջանում առաջին անգամ հնչող գնահատական է, ինչն էլ նշանակում է, որ նախագահն այլևս վստահություն չունի իր երկրում: Ստացվում է, որ մինչև գարուն` մինչև իր նախագահական կառավարման ժամկետի ավարտը, Ահմադինեժադը հայտնվելու է ընդդիմադիր և ազգային-պահպանողական ուժերի հարձակումների կիզակետում` այսպես նաև բացահայտելով այն մեծ ձախողումները, որոնք լուրջ հարված են հասցրել Իրանին:

Չնայած այս ամենին, ԻԻՀ նախագահը հայտնվել էր Ադրբեջանում, մի երկրում, որն իրանցիները թշնամի են համարում, Իսրայելի գործակալ: Հայրենակիցները սկանդալային են համարում նախագահի այցը ոչ բարեկամ երկիր և դատապարտող խոսքեր ուղղում նրան: Նրա այս քայլը համարել են պետության և Իսլամական համակարգի արժանապատվութ յունը հարցականի տակ դնող երևույթ: Այսինքն` գրեթե պետական դավաճանություն, որին, սակայն, առայժմ Ահմադինեժադը չի պատասխանել` հավանաբար ինքն էլ հասկանալով, որ հայտնվել է ոչ հաճելի վիճակում:

Մինչդեռ ԻԻՀ նախագահի այցը չափազանց ոգևորել է Ադրբեջանին, անգամ հույսեր ներշնչել, թե կարող են պաշտոնական Թեհրանին նոր պահանջներ ներկայացնել: Իրանում շարունակաբար պնդում են, որ Իսրայելը, օգտագործելով իրանա-ադրբեջանական սահմանը, այդ երկիր է «գործուղել» Իրանի ատոմային գիտնականներին ահաբեկող խմբեր: Բայց, կարծես կարևորություն չտալով այս ամենին, Ահմադինեժադը մասնակցում է գագաթնաժողովին, հանդիպում ունենում Իլհամ Ալիևի հետ:

Դժվար չէ կռահել, որ ԻԻՀ նախագահի այս քայլը դիվանագիտական ենթաշերտեր է պարունակում: Օրերս Արևմուտքը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին պատասխանեց Իրանի հոգևոր առաջնորդը` հավաստելով, որ 33 տարի իրենք դիմացել են տարբեր ճնշումների և պատժամիջոցների ու ուստի հիմա էլ իրենց մեջ ուժ կգտնեն և կդիմանան: Բայց Ահմադինեժադը ցանկացել է առավել իրատես երևալ, մտածել իրավիճակը հարթելու մասին և մեկնել Բաքու` այստեղ գուցե համախոհներ գտնելու հույսով:

Արդեն հիշատակել ենք, որ այս գագաթնաժողովին մասնակցում են հիմնականում Արևելքի պետությունների ներկայացուցիչներ, որոնց մի մասը սահմանակից է Իրանին: Հետևաբար, հենց այստեղ պիտի Ահմադինեժադը գտներ համախոհների, առաջարկեր աջակցել Իրանին: Արդյո՞ք նրան հաջողվել է դա անել, արդյո՞ք Ադրբեջանի հետ եղած հակամարտութ յունները նա հարթել է…

Այս հարցերն այսօր իրանցիներին չեն հետաքրքրում, որովհետև նրանք երես են թեքել իրենց նախագահից, բայց ահա Արևմուտքը շահագրգռված է իմանալ ավելին` իր հետագա քայլերը մշակելու համար: Չի բացառվում, որ Իրանին աջակցելու պատրաստակամություն հայտնած լինեն Աֆղանստանը, Պակիստանը, անգամ Ուզբեկստանն ու Ղազախստանը: Բայց Ադրբեջանը երբեք չէր գնա համաձայնության` չակնկալելով նաև զիջումներ Իրանի կողմից: Իսկ այդ զիջումներն այնքան ցայտուն պիտի լինեն, որպեսզի հանուն դրանց` Բաքուն փոքր-ինչ հեռանար Իսրայելից: Դիցուք, որպես գլխավոր զիջում` կարող էր քննարկվել Հյուսիսային Ատրպատականի ադրբեջանցիների մշակութային ինքնավարության ընդլայնման խնդիրը: Բայց դա էլ մեծ վտանգ է սպառնում Իրանի տարածքային ամբողջականությանը, քանզի ձեռք բերելով մեծ ինքնավարություն` այստեղի ադրբեջանցիները կարող են նախապատրաստել անջատողական շարժումը: Ու հենց դա հակասում է Իրանի շահերին: Ուրեմն… կարելի է ենթադրել, որ Ահմադինեժադը Բաքվից վերադարձել է ձեռնունայն` այսպիսով առավել ակտիվ դարձնելով Ադրբեջանին, որը կարող է ձախողված բանակցություններից հետո առավել ցինիկ պահվածք որդեգրել հզոր Իրանի հանդեպ… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ