Արդյո՞ք «ճարտարապետը»  հենց Սահակաշվիլին չէ 


 

Ասում ենք Վրաստանում անարյուն ու անաղմուկ հեղափոխություն տեղի ունեցավ. ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում և արդեն ձևավորել է իր կառավարությունը: Ոմանք զարմացան, շատերը հիացան, որոշներն էլ հիասթափվեցին իրենց ժողովրդից, որ վրացիների նման միաբանվել չեն կարողանում:

Բայց արդյո՞ք «վարդերի հեղափոխության ասպետ» Սահակաշվիլիի սրտով կամ գուցեև նրա նախագծով չէր այս հեղաշրջումը: Մասնավորեցնենք:

Երկու օր առաջ նախանձելի մեծահոգությամբ վրաց նախագահը վերականգնեց ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2011 թ. հոկտեմբերին: Առանց այդ քաղաքացիության վերջինս չէր կարող վարչապետ դառնալ, և երկրի նախագահը հարթեց նրա ուղին դեպի կառավարություն:

Նույն այն նախագահը, ով ընդամենը մեկ տարի առաջ Իվանիշվիլիին զրկել էր քաղաքացիությունից միայն այն պատճառով, որ նա հայտարարել էր, թե մտադիր է քաղուժ ստեղծել` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ավելին, չէր թաքցրել, որ այդ ընտրություններում հաղթելու դեպքում նախաձեռնելու է Սահակաշվիլիի պաշտոնանկութ յան գործընթացը: Ո՞ր պաշտոնյան կկամենա վաղաժամ գահընկեց արվել: Դե, Սահակաշվիլին էլ փութալով` նրան զրկեց Վրաստանի քաղաքացիությունից: Նրա այս քայլը Արդարադատության նախարարությունը պատճառաբանեց, թե վրացի միլիարդատերը Ֆրանսիայի քաղաքացի է: Իսկ այդ ժամանակ գործող օրենքով` այլ երկրի քաղաքացիություն ընդունելը հանգեցնում էր Վրաստանի քաղաքացիությունից զրկելուն:

Դեռ այն ժամանակ էլ շատ փորձագետներ ենթադրում էին, որ այս քայլը քաղաքական պատճառներ ունի: Իհարկե´ ուներ: Դրանից 2 ամիս անց` դեկտեմբերին, Իվանիշվիլին հրաժարվել է Ռուսաստանի, ապա նաև Ֆրանսիայի քաղաքացիությունից: Եվ բազմաքաղաքացի Բիձինան մեկեն դարձել է ապատրիդ` քաղաքացիություն չունեցող անձ:

Ի դեպ, Ֆրանսիան խոստացել էր նրան զրկել իր քաղաքացիությունից միայն այն ժամանակ, երբ նա որևէ այլ երկիր կընտրեր: Հիմա արդեն հայրենիք վերադարձած «աշխարհաքաղաքացին» «կձերբազատվի» ֆրանսիական ձևակերպումից:

ԲԱՅՑ ՍԱ ԴԵՌ ԲՈԼՈՐԸ ՉԷ

Վրաց իշխանությունները հանկարծ սկսեցին ընդառաջել իրենց թիվ 1 ընդդիմադիրին: 2012-ի մայիսի 22-ին հատուկ նրա համար երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց, որպեսզի քաղաքացիություն չունենալով հանդերձ` հոկտեմբերի 1-ին Իվանիշվիլին մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Միլիարդատեր քաղգործիչը դրանից հրաժարվել է: Դա էլ չի խանգարել, որպեսզի նրա ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթի ու միանգամից պահանջի գործող նախագահի հրաժարականը: Հաղթանակի հաջորդ օրն այս պահանջը մեղմվեց` վերափոխվելով «կառուցողական համագործակցության» առաջարկի: Սահակաշվիլին էլ իր «պարտությունից» հետո հանդիպեց իր վարչախմբի «գերեզմանափոր» Իվանիշվիլիի հետ և հավաստիացրեց, թե երկրում իշխանափոխությունը խաղաղ կընթանա...

Հետաքրքիր է, թե ա´յս «հեղաշրջմանն» ինչ անուն է տրվելու: