Չի° կարող հավակնել


Հատված` Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականության» քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում: Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի° կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության: Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար: