Նշվեց դպրոցի կեսդարյա հոբելյանը


Մայրաքաղաքի` Համբարձում Գալստյանի անվան N 83 դպրոց Տնօրեն` Մանվել Պապոյան Փոխտնօրեններ` Կարինե Սարգսյանի, Նունե Հարությունյան Աննա Ստեփանյան Ուսուցիչներ` 55, Աշակերտների թիվը` 800 Դասարանների քանակը` 30 Առաջին դասարաններ` 3 (մեկը` կրտսեր), 100 աշակերտ Դպրոցը գտնվում է Օրբելի եղբայրների փողոցի վրա: Սակայն այդ օրը տեղափոխվել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենք... Վետերաններ, ծնողներ, հյուրեր: Երբ վարագույ րը բացվեց, բեմի վերևի աջ կողմում` 50 թիվն էր: Բացման խոսքով հանդես եկավ փոխտնօրեն Աննա Ստեփանյանը: Նա ձայնը տվեց դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանին: - Մեր դպրոցը 50 տարեկան է,- ասաց նա:- Կեսդարյա հարուստ տարեգրություն, որի ընթացքում դպրոցին հատկացված նկուղային հարկում հարմարեցված 2-3 դասասենյակներից բաղկացած կրթօջախը վերածվել է առաջնակարգ դպրոցի: 1957 թ. սեպտեմբերի 1-ին Կիևյան փողոցի «Հրազդան» կինոթատրոնին կից շենքում կազմավորվեց N 83 յոթնամյան, որի տնօրենն էր Վիկտորյա Էգիբյանը, փոխտնօրեն` Լիդիա Մաթևոսյանը... Ցավոք, ուսուցիչներից ոմանք մեզ հետ չեն: Այսօր դպրոցը հաջողությամբ է իրականացնում իր ամենամեծ առաքելությունը. կրթում և դաստիարակում է վաղվա քաղաքացիներ, արժանի փոխարինողներ: Այսօր մեր տասնամյան ունի 800 աշակերտ, կահավորված կաբինետներ, նիստերի և մարզադահլիճ, մարզահրապարակ, ազգագրության թանգարան, համակարգչային դասասենյակ... Դպրոցը տվել է 3500 շրջանավարտ, ավելի քան 100 հոգի արժանացել են ոսկե մեդալների: Մի քանի տարի է, ինչ լույս է տեսնում «Մենք մեր մասին» թերթը, խմբագիր` Զարինե Կարապետյան, լուսաբանում է աշակերտների առօրյան, դպրոցի միջոցառումները, ներկայացնում շնորհաշատ աշակերտների ստեղծագործություններն ու հաջողությունները: Առաջիկայում երազում ենք ունենալ սեփական հեռուստաընկերություն, որը հնարավորություն կտա հեռուստակամուրջ ստեղծել ոչ միայն հանրապետության, այլև արտերկրի դպրոցների միջև: Կից կառույցի կարիք կա, որտեղ կլինի սեփական պատկերասրահ, որպեսզի ցուցադրենք մեր սաների ձեռքի աշխատանքները: Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս: Այդ ընթացքում էկրանին վաղամեռիկ Համբարձում Գալստյանն է խոսում իր ծրագրերի մասին, դասասենյակներ են, որտեղ ուշիմ աշակերտները կլանված լսում են ուսուցիչներին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոսեց երջանկահիշատակ Համբարձում Գալստյանի մասին, դպրոցի ձեռքբերումների, հաջողությունների մասին: Նա պատվոգիր ու հուշանվեր հանձնեց կոլեկտիվին ու տնօրենին: ԿԳ նախարարության դպրոցների գլխավոր վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ոսկե հուշամեդալ» հանձնեց տնօրեն Մանվել Պապոյանին` ծննդյան... 50 ամյակի կապակցությամբ, պատվոգրեր հանձնեց կենսաբանության ուսուցչուհի Թամարա Միկոյանին, օտար լեզվի ուսուցչուհի Էմմա Վարդպատրիկովային, մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Բերիևային: ՄԱՆՑ համալսարանի պրոռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դպրոցին պարգևատրեց «Ոսկե մեդալով»: Համերգային մասը հստակ ու կիրթ վարեցին X դասարանի աշակերտուհի Սոնա Մարտիրոսյանն ու IX դասարանի աշակերտ Արմեն Կյուրեղյանը: Ճոխ ու հետաքրքիր ծրագրեր էին ներկայացնում Նաիրա Գյուրջինյանի, Մայա Մարգարյանի ղեկավարած մանկական համույթները: Իսկ ջութակահարների համույթը ոչ միայն ղեկավարում, այլև սիրով ու պրոֆեսիոնալ կերպով նվագում էր ինքը` տնօրեն-հոբելյարը: Վերջում երգչուհի Լեյլա Սարիբեկյանն իր «Հայաստան» երգը նվիրեց 50-ամյա դպրոցին ու տնօրենին, վերջինիս տնօրինության 15-ամյակին: Սիրով միանում ենք բոլոր մաղթանքներին: Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Դպրոցի հիմնադիր-ուսուցիչներից