«Կնքահայրը» Հոլիվուդն էր


Քաղաքական շրջանակներում պնդողներ կան, թե Բարաքին Միացյալ Նահանգների նախագահ դարձրեց Հոլիվուդը: Միակողմանի ու չափազանցված է, իհարկե, այդ կարծիքը, բայց նաև անհերքելի է, որ այն կարևոր դերակատարում ունեցավ, որպեսզի Սպիտակ տանը հայտնվի սևամորթ ղեկավար, ում 48-ամյակը բոլորեց մեկ շաբաթ առաջ: Խոսքը ոչ թե Օբամայի նախընտրական քարոզարշավին ֆինանսական աջակցության և առաջին մեծության կինոաստղերի ակտիվ մասնակցության մասին է, այլ ամերիկյան կինոյի մեծ ազդեցության: Նեգրերն ամերիկյան էկրաններին հայտնվեցին որպես ԱՄՆ-ի ռասսայական կարծրատիպերի կրողներ` առանձնաթաղերի հանցագործներից մինչև սպիտակամաշկ տերերի ծառաներ (խոհարար, դայակ, դռնապան…): Վերջին 48 տարիներին, այսինքն` Օբամայի ծննդից ի վեր այդ կարծրատիպերը նահանջել են, և սյուժեներում սևամորթներն արդեն գործարարներ են, քաղաքական գործիչներ, մտավորականներ: Հոլիվուդի նեգրական ժամանակակից պատմությունը «առաջին»-ների շարան է հիշեցնում` գլխավոր դերակատարման համար «Օսկարի» արժանացած առաջին գունավոր կինոաստղ և այլն: Օրինակ, անցյալ դարի 60-ականներին ամերիկյան կինոյում իր հաղթարշավն էր շարունակում այդ «առաջին»-ներից ամենաառաջինը` Սիդնի Պուատյեն: Եվ հենց նա էլ սևամորթ ամերիկացիների յուրօրինակ դեսպանը դարձավ սպիտակ հանդիսատեսների համար: Նա, իհարկե, արժանի հետնորդներ ունեցավ, որոնց կերտած կերպարները հոգեմոտ էին հանդիսատեսին: Ինչպես իր հրապարակումներից մեկում գրել է «Նյու-Յորք թայմս»-ը` - Մինչ Օբամայի հաղթանակը, Հոլիվուդը Սպիտակ տանը, որպես դրա տեր, սևամորթի էր բնակեցրել: Նրանք էին Ջեյմս Էռլը` «Մարդը» ֆիլմում, Մորգան Ֆրիմենը («Բախում անդունդի հետ»), Քրիս Ռոքը («Պետության ղեկավարը») և Դենիս Հայսբերգը («24»): Այդ նեգր-կինոնախագահները մինչ Օբամայի հայտնվելը հոգեբանորեն նախապատրաս տեցին նեգր առաջնորդի ճանապարհը: Նրանք յուրովի և որոշակիորեն արագացրին նրա հայտնվելը` նման հնարավորության սերմեր ցանելով: Ես չեմ կամենում արհեստական ուղղահայաց գծագրել. Պուատյեն «սև ամենամարդ» էր, Քոսբին` «համաամերիկյան սև հայր», Ֆրիմենը` «սև Հուդա», Դունկանը` «սև Քրիստոս»: Եվ, վերջապես, գագաթնակետը` Օբաման, իրական առաջին ամերիկյան նախագահ ու միաժամանակ` իր ազգի ծառա խորհրդական, հերոս, հայր ու աստված: Իհարկե` սա արդեն ուղղահայաց չէ, այլ ընդամենը կետագիծ, որտեղ կյանքն ազդում է կինոյի, կինոն` կյանքի վրա: