ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


 

- Սամվել Բալասանյանը հսկայական աշխատանք է կատարել իր ընտրատարածքում, հատկապես գյուղական համայնքներում, սակայն դեռ անելիքները շատ են: Հավելեմ նաև, որ պարոն Բալասանյանը խոստացել է ընտրատարածքի բնակիչներին, որ այսուհետ ևս ջանքեր կգործադրի` աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ: Կարծում եմ` այս իրավիճակում ճիշտ կլինի, եթե ապագա պատգամավորը լինի հենց նրա որդին` Միսակ Բալասանյանը:

Ահա այսպիսի հայտարարություն է արել Գյումրու քաղաքապետ Բալասանյան Սամվելի մամլո խոսնակը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր ձևավորվում է մի անառողջ հոգեբանություն, որի արդյունքում նորից գլուխ են բարձրացնում «նոմենկլատուրային ժառանգորդները», նորից պաշտոնների են նշանակվում պաշտոնյաների զավակները` առավել շնորհալի երիտասարդների զրկելով ինքնահաստատվելու հնարավորությունից: Հոգեբանական անհեռանկարայնություն, ինչը ևս նպաստում է երկրից արտագաղթին: Առավել կարևոր է դառնում պատգամավորական մանդատները ժառանգաբար փոխանցելու արատավոր ավանդույթը, որն էլ հիմա կամենում է որդեգրել պատգամավոր -քաղաքապետը:

Առաջ մղելով 29-ամյա իր որդուն, այժմ արդեն քաղաքապետ հայրը, ով ընտրական «դավադրությունների» մեծ վարպետ է, բնականաբար, ոչնչի առջև կանգ չի առնի` Բալասանյան Միսակին պատգամավոր դարձնելու համար: Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ Բալասանյանը ՀՀԿ-ին խոստացել էր պատգամավորական թափուր տեղի համար հայտարարվող ընտրություններում սատարել Արման Սահակյանին, իսկ հիմա նա դրժում է իր խոստումը: Ըստ էության, Բալասանյանը հավատարիմ է մնում ինքն իրեն և հերթական անգամ ընտրում «քցելու» նոր թիրախ:

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀԿ-ն Գյումրու նոր քաղաքապետի դավաճանությանն ու դավադրությանը` չգիտենք: Սակայն համոզված ենք, որ Գյումրիում սպասվում է նոր և լարված իրավիճակ: Մանավանդ` քաղաքում արդեն ստեղծվում են Արման Սահակյանին աջակցող խմբեր:

Գուցե չանդրադառնայինք այս խնդրին, եթե Գյումրու նորընտիր քաղաքապետի միջոցով չամրապնդվեին մի շարք հոռի բարքեր` նաև քաղաքական գործընթացներում, եթե «բիրդան աղաներ» դարձած որոշ դուքանչիներ պատանդի կարգավիճակում չպահեին ընտրազանգվածն ու չսերմանեին քաղաքական ու բարոյական անհավատարմության տարրեր: Իսկ հասարակությունը կազմաքանդում են հենց նման երևույթները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ