ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


 

«Սիվիլիտաս» հիմնադրամի  փորձագետ Թաթուլ Հակոբյանը գյումրեցիներից կարծիք հարցրեց, թե ի՞նչ պետք է անել կյանքը մայրաքաղաքում չկենտրոնացնելու համար:

- Ես շատ եմ սիրում Հայաստանում ման գալ, և ինչպես հայտնի գրողներից մեկն էր ասել`` պիտի Հայաստանը իր մանրամասների մեջ սիրել: Բայց իմ տպավորությամբ  Հայաստանը նման է մեծ գլխով`` փոքր ոտքերով երեխայի. գլուխը Երևանն է, ոտքերը`` մնացածներ են: Հայաստանը ռազմավարական ապագա չի կարող ունենալ` այս տեմպերով զարգանալու դեպքում, ամեն ինչ Երևան, ամեն ինչ Երևանում… Մենք լսում ենք Հայաստանի վարչապետի հայրենասիրական մեկնաբանությունները, որ էստեղ տեխնոպարկ են սարքելու, ուրիշ քաղաքում ինչ-որ ֆինանսական կենտրոն են բացելու: Նկատվու՞մ է դա, տեղից շարժվու՞մ է,- հարցրեց Թաթուլ Հակոբյանը:

 Ի պատասխան`` «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն ասաց.

- Ես որպես Գյումրու ավանդույթները սիրող մարդ,  դեմ եմ, որ մայրաքաղաքը բերեն Գյումրի`` ավանդույթները չվերացնելու ու չփչացնելու առումով… Բայց մենք այնքան թասիբ չունեցանք, որ 23 տարվա մեջ գյումրեցի անօթևանին բնակարանով ապահովենք, որպեսզի  քաղաքը չդատարկվի, եթե մարդը տուն-տեղ ունենար, միգուցե չմտածեր քաղաքը լքելու մասին: Քաղաքում դաժան մթնոլորտ է ստեղծված, սոցիալական ծրագիր ենք անում, մարդիկ դրսից գյումրեցուն օգնում են, իսկ քաղաքում մոտ  50 մեծահարուստ կլինի`` ոչ մի օգնություն: