Քաղաքական ձևաչափերը չափում է մարքսիստը


Քաղաքական դաշտի փոխհարաբերությունները Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ քաղաքական հայացքներն ու այդ քաղաքականության հետևանք նրա վերլուծությունների արդյունքները, ի վերջո բազմաթիվ ճշմարտություններ դժվար թե նախորդ հասարակարգում` մարքսիստական-կոմունիստական գաղափարների տիրապետության օրոք հնարավոր լիներ բարձրացնել: Սակայն, ի պատիվ իրեն, մարդը կարողացել է ամբարել իր մեջ ճշմարտությունը և մնալ դրա անխոտոր հետևորդը: Սկսելով իշխանական թևից և անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` գլխավոր մարքսիստն այն համարում է արհեստածին, անգաղափար կառույց: Որքան էլ կուսակցության մեջ մտավորական ներուժ է ընդգրկված, սակայն միավորումը տեղի չի ունեցել գաղափարի շուրջ համախմբվելու հենքով: Գաղափարական թեզեր ԲՀ-ի կանոնադրության մեջ չեք գտնի: Իսկ կուսակցության հապճեպ ստեղծումը, ըստ Դ. Հակոբյանի, «Նպատակ ունի հայոց արքունիքում հավերժացնել ղարաբաղյան վիկինգների հարատևությունը»: Նա նաև կանխատեսում է նպատակի իրականանալիությունը. «բան դուրս չի գա»: Անցում կատարելով անտիիշխանական ճամբարին` Դ. Հակոբյանը հղում է կատարում դարձյալ իր կանխատեսմանը, որ արել է մեկ տարի առաջ. այն է` «ընդդիմությունն ընտրությունների կգնա փոշիացած: Գործ ունենք ոչ թե համազգային ընդդիմության, այլ կլանային ընդդիմության հետ, որի պարագլուխները հիվանդ են մեծամոլության մանիայով, առաջինը լինելու ախտով. «Ամեն երկրորդն իրեն Արշակ 2-րդ է զգում»: Ո՞ր թևում է մարքսիստական կուսակցությունը և պատրաստվո՞ւմ է, արդյոք, միավորվել այս կամ այն ուժերի հետ: Մարքսիստները ոչ իշխանություններին են հարում, ոչ, այսպես կոչված, խռովյալ դավադիրների կողքին են: Ո՞ր ընդդիմությանը միանալ. այն ընդդիմությա՞նը, որ այլընտրանքային գաղափարներ չունի: «Ընդդիմություն ասվածն այսօր ՀՀՇ-ի հարթակի տղաների քաղաքական մուտանտներն են` արցախյան վիկինգների տեսքով»: Նախկին վարչապետներն այսօր իշխանության են մղվում. քաղաքական մի քանի զգեստ փոխած, սկզբունքներ ու դավանանք փոխած մարդիկ: Իսկ միավորվելու առաջարկ կուսակցությունը չի ստացել ընդդիմադիր և ոչ մի ուժից: Փոխարենը մի քանի անգամ անձամբ է հրապարակավ հայտարարել միավորվելու իր պատրաստակամության մասին, սակայն «ես ընդդիմություն կոչվածների վրա սահմռկեցուցիչ ազդեցություն եմ թողնում»: Ինչո՞ւ: «Որովհետև ընդդիմության ներսում ներտեսակային պայքարն ավելի դաժան է, քան միջտեսակային պայքարը: Դժվար է միտքն ու գափաղարը, որից իրենք զուրկ են, կողքին հանդուրժելը»: Անդրադարձ կատարելով երկրի ներքին քաղաքական իրավիճակին` Դավիթ Հակոբյանը ԱԺ ընտրությունները համարում է նախագահական ընտրությունների նախերգանքը: Խորհրդարանական ընտրություններում վճռվում է ոչ միայն քաղաքական ուժերի փոխհարաբերությունը Ազգային ժողովում, այլ այն, թե արդո՞ք հայ ժողովուրդը կարող է ազգային խորհրդարանին մատակարարել այնպիսի ուղեղներ, որոնք գաղափարական սերնդափոխության համար շրջադարձային կլինեն: