ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ


 

Այս վերնագրի մեջ պակասում է հարցական նշանը, որն անպայման ընթերցողներն իրենք կդնեն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Օրերս հրավիրած մամուլի ասուլիսում ՕԵԿ ղեկավարներից մեկը` արտակարգ իրավիճակների պատճառով պաշտոնանկ արված նախարար Մհեր Շահգելդյանը, հայտարարեց, թե ՕԵԿ-ի ջանքերով են վերականգնվել աղետի գոտու շինարարական աշխատանքները, թե իրենց կուսակցությունն է կառուցում աղետի գոտին: Մհեր Շահգելդյանը երևի ասուլիսի օրը եկել էր դեռ քունը չհաղթահարած, այդ պատճառով էլ խառնում էր փաստերը, իրադարձություններն ու իրողությունները: Սկզբում նա խոսեց վերջին չորս տարիների ընթացքում կուսակցության կատարած աշխատանքների մասին` հիշատակելով ավանդների վերադարձը, նոր ծնված երեխաների միանգամյա նպաստի չափի բարձրացումը և աղետի գոտու շինարարությունը:

Չենք առարկում, ավանդների վերադարձման գործում ՕԵԿ-ը ներդրում ունի, սակայն` նախորդ խորհրդարանում, մինչև 2007 թվականը: Այսինքն, դա վերջին չորս տարիների աշխատանքի արգասիքը չէ: Նշված ժամանակամիջոցի արգասիքը չէ նաև նորածինների նպաստի բարձրացումը, որն, ի դեպ, միայն ՕԵԿ-ի նախաձեռնությունը չէր: Առավել ևս, ՕԵԿ-ը որևէ կապ չունի աղետի գոտու բնակարանաշինության հետ, քանզի դա Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն էր, իսկ Նախագահը Հանրապետական կուսակցության առաջնորդն է:

ՕԵԿ-ը երբեք հանդես չի եկել աղետի գոտու բնակարանաշինությանը վերաբերող ծրագրերով ու նախաձեռնություններով: Իհարկե, հանուն արդարության նշենք, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի» հաստատման գործում կարևորվեց նաև ՕԵԿ-ի քվեարկությունը, բայց դա էլ 2003 թվականին էր, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:

Ստացվում է, որ ՕԵԿ-ն ուզում է մաշված խաղաթղթերով նոր խաղ խաղալ: Բայց դա արդեն հնացած ու ժամանակավրեպ հնարք է: Իր ասուլիսի ավարտին Մհեր Շահգելդյանն ասաց.

- ՕԵԿ-ն իրականացրել է բազմաթիվ աշխատանքներ. մենք իրականացրել ենք այն ծրագրային հիմնադրույթները, որոնք ամրագրված են եղել 2007 թ.-ին:

Մենք չծուլացանք և վերհիշեցինք նախընտրական ծրագիրը, նորից ուսումնասիրեցինք ծրագրային դրույթները: Ստացվեց, որ ոչինչ չի արվել, միայն Արթուր Բաղդասարյանին հաջողվել է մոտ 40 յուրայինների աշխատանքի տեղավորել Անվտանգության խորհրդում և երկու նախարարությունում, միջնակարգ մասնագիտական հաստատության տնօրեն Անդրանիկ Ավետիսյանին էլ նշանակել Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: Գուցե դրա՞նք են եղել ծրագրային հիմնադրույթները, իսկ մենք միամտաբար ուրիշ բան ենք սպասել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ