ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՍԻՎԻԼԻԹԱՍԻՑ.

ո՞վ է փոխարինելու


 

Արդեն հայտնի է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա շրջապատում պնդողներ կան, թե նախկին արտգործնախարարն ապագա խորհրդարանում զբաղեցնելու է խոսնակի պաշտոնը:

Իր հեռացումն Օսկանյանը հիմնավորել է այսպես.

- Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը: Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե´ որպես կառավարության անդամ, թե´ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որևէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, և ժամանակն է, որ Հայաստանում ևս չխուսափենք նման ընկալումներից:

Անտարակույս, արևմտյան արժեքներով առաջնորդվող Վարդան Օսկանյանի քայլն իսկապես աննախադեպ է, քանի որ նա կարող էր մնալ հիմնադրամում և շարունակել կառավարել այն: Այսօր արդեն դրված է այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու Օսկանյանին: Իսկ սա կարևոր հարց է, քանի որ «Սիվիլիթասը»` կապված լինելով Ռոբերտ Քոչարյանի անվանը, այնուհանդերձ սերտակցված է մի շարք միջազգային կառույցների. այն կարելի է համարել նաև եվրոպական նախկին առաջնորդների մինի-ակումբ: Չի բացառվում, որ այս հիմնադրամը հետագայում դառնա ԲՀԿ-ի համար կարևոր քաղաքական հենարան և նպաստի, որ կուսակցությունն իր առագաստները պարզի դեպի Եվրոպա: