ՉԵՂԱՆ ԸՆՏՐՈՂ - ՊԱՐՏՎՈՂՆԵՐ 


 

ՀՀ նախագահի` 2013-ի ընտրությունը, բոլոր ընտրությունների նման, ոմանց գոհացրեց, ոմանց զայրույթը շարժեց, որոշների էլ անտարբեր թողեց: Բայց այն էապես տարբերվում է համապետական նմանատիպ մյուս միջոցառումներից` նախևառաջ երկրում տիրող մթնոլորտով: Չեղան հրահրումներ և իրար «կոկորդ» կրծող թիմեր, շարքային ընտրողներն այս առիթով թշնամացած խմբերի չբաժանվեցին: Կարելի է նաև ասել, որ հաղթող ու պարտվողներ էլ չեղան: Սեփական ընտրախաղն այս կամ այն կերպ վարագուրած 6 թեկնածուներն անհարկի չճամարտակելու խոհեմություն դրսևորեցին, իսկ աննախադեպ հաջողություն արձանագրած Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 1, ինչպես ընդունված է ասել` արմատական հռչակվեց:

Հնչած դժգոհություններում ու նույնիսկ չարտոնված հանրահավաքներում անհանդուրժողականության, միմյանց բզկտելու կոչեր չհնչեցին: Հանգամանք, ինչը գերազանցապես սոցիալական վիճակից դժգոհ զանգվածին առաջնորդող Րաֆֆի Հովհաննիսյանի գրագետ քաղաքականության արդյունքն էր: Բայց` ո´չ միայն նրա: Երկրիս Նախագահի պատրաստակամ հանդուրժողականությունը, թերևս, ժողովրդին փորձության չտանելու առաջին նախապայմանն էր: Եվ, իհարկե, ՀՀ ոստիկանության անդուլ աշխատանքը` նախընտրական քարոզարշավի սկզբից ևեթ: Աշխատանք, որը նույն լարվածությամբ շարունակվում է առ այսօր ու դեռ շարունակվելու է` մինչև նախընտրական, հետընտրական և քվեարկության օրն ընտրախախտումների յուրաքանչյուր դեպքով կատարվող քննությունների ավարտը: Թերևս ավելորդ է նշելն իսկ, որ ընտրական ու հետընտրական կրքերը «բարիկադների» չվերածվեցին հենց ոստիկանների շնորհիվ: Նույնիսկ այսօր ընդվզող Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նրանց: