«ՀՈՐՈՎԵԼ». ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄԵԼԻ ՈՒ «ՀԱՐԱԿԻՑ» ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ


Մոտ քառասուն տարվա ստեղծագործական ճանապարհ անցած` Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ազգագրական երգի-պարի անսամբլը վերջապես հանդես եկավ մայրաքաղաքի երաժշտասերների առջև: Համերգն ազդարարող պաստառներ չկային, հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չցուցադրվեցին: Գրեթե անաղմուկ ու անգամ «թաքուստված» տեղի ունեցավ համերգը, որին սպասողներ կային: Կային, որովհետև ժամանակին այս անսամբլը ճանաչում ուներ ոչ միայն Հայաստանում: Հանդես էր եկել աշխարհի մի շարք երկրներում, Կրեմլի պալատում: Շնորհալի խմբավար ու կազմակերպիչ Լևոն Սարգսյանի (վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ հորեղբոր), կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի և անվանի պարուսույց Խաչիկ Մարգարյանի ջանքերով ստեղծված այս անսամբլը տարիներ շարունակ ներկայացրել է Լոռվա ու Գուգարքի երգային և պարային հարստությունները, ձևավորել սեփական երկացանկը, ստեղծագործական ավանդույթները: Սակայն անկախության հռչակումից հետո «Հորովելն» էլ, ի թիվս այլ համերգա-կատարողական կառույցների, հայտնվել է մոռացության մեջ` այսօր հանդիսանալով Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույց` չնչին բյուջեով, գրեթե վիրավորական աշխատավարձերով, փոքրաթիվ պարախմբով և երգչախմբով: Նաև` իր հանդեպ «ձևավորած» անտարբերությամբ. մոտ 40 տարիների ընթացքում անսամբլի արտիստներից պատվավոր կոչումներ են ստացել նշանավոր դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանը (ՀՍՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող) և օրերս` Ստեփան Դալլաքյանը (ՀՀ վաստակավոր արտիստ)… «Հորովելն» իր երևանյան ելույթին պատրաստվել էր մեծ պատասխանատվությամբ: Այդ էր վկայում նրա երկացանկը, որում տեղ էին գտել ինչպես բազմաթիվ անգամներ կատարված ստեղծագործություններ, այնպես էլ` նոր երգեր ու պարեր, որոնք իրենց մատուցման ձևերով ու եղանակներով իրապես տարբերվում էին, հաստատում սեփական ձեռագրի մասին: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Անանյանը, երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կրոյանը, գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանն ամեն ինչ արել էին, որպեսզի ճշգրտորեն մատուցվեին անսամբլի դիմագիծն ու ստեղծագործական այն առանձնահատկությունները, որոնցով այս անսամբլը կարողացել է տասնամյակներ շարունակ պահպանել իր ինքնությունը: Հատկապես ուշագրավ էին պարերի բեմադրությունները, որոնք ժխտում էին մի շարք հնացած ձևեր ու սկզբունքներ, ազգագրականը միահյուսում բեմադրականին, պարերի մեջ ներբերում խորեոգրաֆիայի դիպուկ տարրեր: Նկատելի էր, սակայն, որ «Հորովելը» հազվադեպ է հանդես գալիս համերգներով. արտիստների կաշկանդվածությունը, փորձի սակավությունն այդ էին հղում: *** Համերգից հետո ծնունդ առած մի շարք մտահոգություններ չեն կարող անտեսվել ու անկարևորվել, որովհետև դրանք ունեն ընդհանրական բնույթ ու չեն վերաբերում միայն «Հորովելին»: Վերջին շրջանում հատկապես մեր մշակույթի կառավարիչները հաճախ են խոսում մշակութային կյանքի և մշակութային իրողությունների ապակենտրոնացման, մարզերում գեղարվեստական կյանքի ու իրողությունների հարստացման և ակտիվացման մասին: Խոսելուց զատ` ինչ-որ կցկտուր քայլեր արվում են, ինչ-որ նախաձեռնություններ կյանքի կոչվում են, սակայն «Հորովելի» վիճակն արդեն իսկ հուշում է, որ չենք հեռանում «դեկլարատիվ» հայտարարություններից, ձևականությունից: «Հորովելը», ինչպես նաև մարզերում գործող և պետական համարվող այլ մշակութային կառույցներ (թատրոններ, անսամբլներ, նվագախմբեր, երգչախմբեր) դուրս են մնացել մշակութային քարոզչության ընդհանուր շրջագծերից, համերգային գործունեության հնարավորությունից, պետական հոգածությունից և ուշադրությունից: Միայն «Հորովելի» օրինակով առաջնորդվելով` կարող ենք ասել, որ իսպառ բացակայում է կապը մայրաքաղաքի արվեստի բուհերի և քոլեջների հետ: Այստեղ լուրջ խնդիրներ կան պարողների ու երգիչների, նվագախմբի արտիստների ընտրության հարցում: Վանաձորում արհեստավարժ պարարվեստի ուսուցմամբ զբաղվում է միայն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղը, որն էլ ոչ թե պարողներ, այլ` պարարվեստի բեմադրիչներ, այսինքն` դրամատիկական ներկայացումների համար է պարեր բեմադրողներ պատրաստում: Իսկ ահա պարողներ ընտրվում են ինքնագործ սակավ խմբերից, այն երիտասարդներից, ովքեր գալիս են անսամբլ` չունենալով կրթություն և մասնագիտական որակավորում: Մայրաքաղաքի պարարվեստի պետական քոլեջը շատ վաղուց իր շրջանավարտներին չի գործուղում մարզեր` ամեն ինչ բացատրելով սոցիալական խնդիրներով: Նույն այս քոլեջը չի ձևավորում նպատակային ուսուցում` մարզերում գործող պարային խմբերը համալրելու համար: Լուրջ խնդիրներ կան նաև նվագարանների հարստացման և արհեստավարժ երաժիշտներ պատրաստելու հարցում: Վանաձորի երբեմնի փառաբանված երաժշտական ուսումնարանի փոխարեն այսօր գործում է արվեստի քոլեջ, որը գրեթե չի պատրաստում տարբեր նվագարանների մասնագետներ` ամեն ինչ կենտրոնացնելով դուդուկի շուրջ: Այս խնդիրն այսօր մտահոգում է նաև մայրաքաղաքի երաժիշտներին, ազգային նվագարանների ճակատագրով զբաղվող մարդկանց, քանզի մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում էլ այլևս չկան ուդի, շվիի, քամանչայի, թառի, պարկապզուկի, քամանիի և այլ նվագարանների բաժիններ, մոռացության են մատնվել արժեքավոր շատ նվագարաններ... Այս ամենին գումարենք նաև ժամանակակից ստեղծագործությունների պակասը: Անսամբլն, իհարկե, մեծ ցանկություն ունի համագործակցել ժամանակակից աշուղների ու կոմպոզիտորների հետ, սակայն չկան ֆինանսական միջոցներ, որպեսզի «Հորովելի» ղեկավարությունը կարողանա պատվերներ տալ, համագործակցել: Հովանավորներ էլ չկան… Մեծադղորդ «տաշիրներ» կազմակերպող լոռեցիները դույզն իսկ չեն մտահոգվում իրենց հայրենի Լոռու միակ պրոֆեսիոնալ ազգագրական անսամբլի խնդիրներով, իսկ հորովելցիները ոչ թե Երևանում ու Մոսկվայում շքեղաշուք բնակարաններ են ուզում, ավտոմեքենաներ և մեծ դրամական պարգևներ պահանջում, այլ` բարի կամքի արտահայտություն, նկատելի աջակցություն, քանզի արվեստը չի կարող ինքն իր համար ճանապարհ հարթել` առանց անշահախնդիր աջակցության... Նաև` առանց պետական աջակցության և ծրագրային քաղաքականության:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ