ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ՄԱՀ ՉԵՍ ՓՆՏՐՈՒՄ, ԹՈՒՐՔԻՆ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ


ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ Վովա ՍԱՐԳՍՅԱՆԸ ծնվել էր 1957 թ. Մարտակերտի Թալիշ գյուղում: Ռոզա Սարգսյանի միակ արու զավակը դպրոցական տարիներին համեստ, ամաչկոտ, քչախոս ու ինքնամփոփ տղա էր: 74 թ-ին ընդունվել էր Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկում: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ապրել ու աշխատանքի էր անցել քաղաքային էլեկտրացանցում: Ընտանիքում ստեղծել էր բարեկեցություն` ջանալով թեթևացնել չարչարված ու տանջված Ռոզա մայրիկի հոգսը: Ամուսնանալով թալիշցի Ալվարդի հետ` շենացնում էր հայրական օջախը: Նրանց առաջնեկի` Բաբկենի ծնունդը խինդ ու բերկրանքով էր լցրել ընտանիքը: Հետո ծնվել էին Ռուզաննա ու Լիանա դուստրերը: 1988-ից արցախցիների համար բախտորոշ ժամանակահատված էր, Արցախ աշխարհի բախտն էր որոշվում: Վովան քեռորդու` Ազոյի հետ անդամագրվել էր հայաստանաբնակ թալիշցիներից կազմված կամավորակամ ջոկատին: Սակայն մարտերին կարողացել էր մասնակցել միայն 92 թվականին: Ծննդավայրի հանդեպ ունեցած անսահման սերն ու կարոտը նրան հանգիստ չէին տալիս: Մայր հողը արյամբ էր տամկացած: Գյուղը 1992 թվականը դիմավորեց թշնամու անդադար արկակոծումներով: Նա արդեն Թալիշում էր` մասնակցելով մարտական թեժ գործողություններին: Մի օր էլ Վովան մարտընկերներից մեկին ասել էր. -Այս ծանր պահին յուրաքանչյուր թալիշցի պարտավոր է լինել այստեղ, այդ թվում` նաև ես… Իսկ մարտադաշտում մահը փնտրելու ժամանակ չի լինում, թուրքին ես փնտրում: Մարտական գործողություններում թշնամին անգամ օդուժ էր օգտագործել: Գյուղի վրա բաց էին թողել զենիթային հրթիռներ: Նրանց գրոհներն արյան գնով ետ էին մղվել: Բարբարոսներն ամեն գնով փորձել էին թուլացնել հյուսիսային հատվածի պաշտպանությունը, բայց մերոնք աներեր էին: Մայիսին նրանք լայնածավալ հարձակման էին անցել` նպատակ ունենալով գրավել Թալիշը` օգտագործելով ծանր հրետանի ու «Գրադ» կայանքներ: Իսկ մայիսի 4-ին հակառակորդը, անցնելով Ինջա գետի խորխորատները, գաղտնի մոտեցել էր մերոնց դիտակետին, շեշտակի հարձակումով անակնկալի բերել մեր տղաներին, ովքեր ընդամենը 20-25-ն էին: Հայորդիները երդվել էին մարտնչել մինչև վերջին փամփուշտը: Թալիշից օգնության էին շտապել: Նրանց մեջ էր նաև Վովան, որ կրակ դարձած օգնության էր հասել ընկերներին ու Ազոյին` մանկության ու պատանեկության ընկերոջը: Գրեթե բոլոր մարտերին նրանք միասին էին մարտնչել` խնայելով միմյանց կյանքը: Բայց 1992 թ. մայիսի 4-ը երկու քաջերի համար երկրային կյանքի վերջին էջն էր. միասին էին դառնալու հավերժի ճամփորդներ: Թալիշի համար անդառնալի կորուստը: Հաջորդ առավոտյան հայ վրիժառուներն, իրենց օգնության հասած շահումյանցիների հետ անսանձ հակառակորդին մի լավ դաս էին տվել և ետ վերցրել այն բարձունքը, ուր հերոսաբար զոհվել էին տղաները: Ռոզա մայրը որդու մահվան լուրը լսելով ասել էր. - Մայրական ինչ-որ բնազդով զգում էի, որ որդիս այլևս չի վերադառնա: Երբ պիտի գնար, ուզում էի չթողնել, չէ՞ որ նա էր միակ հույսս ու ապավենս: Բայց ինչպե՞ս կարող էի չթողնել, երբ Վովան գիշեր-ցերեկ Արցախ ու Թալիշ էր ասում: Ու «բարի ճանապարհ» մաղթեցի… Հասկանու՞մ եք, բարի ճանապարհ… դեպի մահ… Քաջերի դիերն ամփոփեցին գյուղի` Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Ռոզա մայրիկը, չդիմանալով ծանր կորստին, իր մեն ու մենիկ զավակի սևեռուն հայացքը սրտում` շտապեց հասնել իր Վովային: Կինը` Ալվարդը, դժվարությամբ մեծացրեց իր զավակներին, տվեց բարձրագույն կրթության: Լիանա դուստրը շատ ու շատ հուշեր կլսի հայրիկի մասին ու իրական ալեբախումների հորձանուտում կպոռթկա. -Այո, հայրենիքն իմ ընտանիքն է, պապայի թափած արյունն է, բայց… չէ՞ որ նա այսօր չկա… Երբեմն կարոտախտի պես մի բան կրծում է հոգիս… Երանի հայրս մեզ հետ լիներ:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ