ԴՈՎԻԼՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐԸ


Ֆրանսիական Դովիլ քաղաքում ղարաբաղյան կարգավորման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այս օրերին դարձել է բուռն քննարկումների թեմա: Մասնավորաբար, շատերի ուշադրությունն է սևեռվել այն խնդրին, որ նախագահները դիմել են Հայաստանին և Ադրբեջանին` կոչ անելով վերադառնալ խաղաղ բանակցությունների «ռեժիմին»` բացառելով ռազմական ուժի կիրառումը: Ավելին, նրանք պահանջի նման հնչեցրել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին շուտափույթ վերադառնալու անհրաժեշտության հարցը: Արտաքուստ այն տպավորությունն է, թե նախագահները, գերակա դարձնելով «լղոզման» քաղաքականությունը, դարձյալ ընտրել են համահարթեցման ճանապարհը և իրավիճակի սրման, հրադադարի ռեժիմի խախտման, դիպուկահարների կրակոցների, ռազմատենչ հայտարարությունների համար կշտամբել երկու կողմերին էլ հավասարապես: Ավելին, այս հայտարարության մեջ դարձյալ մոռացության է տրվել Լեռնային Ղարաբաղի` բանակցություններին մասնակցելու հարցը: Տպավորությունն, իհարկե, սխալ չէ, մանավանդ որ արդեն տևական ժամանակ Մինսկի խումբը չի կամենում հաղթահարել կարծրատիպերն ու ԼՂ-ն ճանաչել բանակցող կողմ` դարձյալ ու դարձյալ կոնֆլիկտը դիտարկելով Ադրբեջանի ու Հայաստանի «քաղաքական շահերի» համածիրում: Սակայն այս հայտարարությունն ունի մի շարք ենթատեքստեր, որոնք պարզորոշ են դարձնում նրա նպատակներն ու միտումները, շատ ավելի քննադատությունն ուղղում դեպի Ադրբեջան` անգամ սպառնալիք հնչեցնելով: Հայաստանյան քաղաքական մի շարք ուժերի մտահոգությունները, թե այս հայտարարությամբ նախագահները մեկ անգամ ևս հիշեցնում են, որ հիմնահարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության հայեցադրույթի շրջանակներում` չի կարող արդարացված համարվել, քանզի հայտարարության մեջ պարզ ու հստակ հիշատակվում է միջազգային նորմերի մասին: Իսկ ազգերի ինքնորոշման իրավունքի նորմը ոչ ոք չի հանել օրակարգից: Ուրեմն, այս հայտարարությունը բնավ էլ Հայաստանին պարզված մահակ չէ, այլ «մեսիջ» է Ադրբեջանին ու Իլհամ Ալիևին: Այն պարագայում, երբ հայաստանյան իշխանությունները սկսեցին երկխոսություն ընդդիմության հետ, կիրառվեց համաներում, իսկ Ադրբեջանում ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ, վտանգված է ազատ խոսքը` հազիվ թե համանախագահող երկրների առաջնորդները շարունակեին նույն «ստանդարտների» կիրառումը` հարվածի տակ դնելով իրենց սկզբունքայնությունը: Անշուշտ, մեծ քաղաքակա նության մեջ սկզբունքայնությունը հարաբերական հասկացություն է, որը ձևավորվում է տարբեր երկրների շահերից: Սակայն մինսկյան եռյակն այլևս չի կարող հանդուրժելի համարել Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Ուրեմն եկել է պաշտոնական Բաքվին «դաս տալու» ժամանակը: Այստեղ է, որ խնդիրը դուրս է գալիս Հայաստան-Ադրբեջան «հարաբերությունների» սահմաններից և ձեռք բերում առավել գլոբալ արժեք ու նպատակադրումներ: Ղարաբաղյան խնդրի առնչությամբ եվրոպական մի շարք պետությունների և հատկապես ԱՄՆ-ի կողմից ներկայացվող մի շարք նախաձեռնություններ կարծես հուշում են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված նոր իրողություններ են առաջացել: Իսկ այդ իրողությունները տեսանելի են: Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումն այսօր Սև ծովի և Հարավային Կովկասի երկրներին եվրոպական քաղաքական տարածությանը մերձենալու նոր մոտեցումներ են թելադրում: Անհրաժեշտ է շեշտել այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում օրավուր սրվում է եվրոպական արտաքին քաղաքականության սուբյեկտայնության խնդիրը: Վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են ձևավորվել եվրոպական սահմանադրության, Լիսաբոնի արձանագրության, Եվրամիության ներկայացուցչական և գործադիր իշխանությունների կառույցների գործունեության համաձայնեցման կարգի քննարկումների ասպարզներում: Ավելին, իրաքյան նոր զարգացումները եվրոպացիներին պարտադրում են հեռանալ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ միասնական կարծիքի ձևավորումից և մտորել հետագա իրադարձությունների մասին: Հատկապես եվրոպացիները քննադատաբար են վերաբերվում ԱՄՆ-ի քաղաքականության որոշ դրույթների, սակայն նրանք ցանկանում են առաջ մղել իրենց շահերն ու օգուտներ քաղել: Շահերի և օգուտների առումով` առաջնային են դառնում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումները: Մեծ Բրիտանիան այսօր մեծ աջակցություն է ցուցաբերում իր նավթային ընկերություններին` առաջ տանելով քաղաքական շահերը: Նավթային բոլոր նախագծերը հաջողությամբ իրականացվում են, բայց պաշտոնական Լոնդոնը Այսրկովկասում չափազանց զգույշ քաղաքականություն է վարում` խուսափելով միջամտել աշխարհատնտեսական հավակնությունները չշոշափող խնդիրներին: Ֆրանսիայի շահերն էլ կապված են աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայություն ցուցադրելու ձգտման հետ: Մյուս գերտերության` Գերմանիայի շահերը պայմանավորված են իր տնտեսական և քաղաքական ազդեցության ոլորտ կերտելու երկարաժամկետ քաղաքականությամբ: Իսկ այս խնդիրը Հարավային Կովկասին կառնչվի միայն 10-15 տարի հետո: Ուրեմն, անհրաժեշտություն է առաջանում ամեն ինչ նպատակաուղղել այլ` ռազմական գործողություն ները կանխելու խնդրին, որպեսզի չվնասվեն եվրոպական առաջատար երկրների և Ռուսաստանի շահերը: Այս մտադրությունն արդեն հստակորեն արտահայտվել է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ և վտանգավոր է Հարավային Կովկասի կայունության պահպանման տեսանկյունից: Բրիտանացի բոլոր փորձագետները կտրականապես մերժում են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ուժային հարկադրանքի կիրառումը, ինչպես նաև խաղաղարար միջոցառումներին եվրոպական զինված ուժերի մասնակցության հնարավորությունը: Ահա դովիլյան հայտարարության ենթատեքստի առանցքը. Հարավային Կովկասում երբեք չտեղակայել խաղաղարար ուժեր, և ամեն ինչ լուծել տեղի ներուժի միջոցով` հատկապես «զսպելով» Ադրբեջանի «կրքերը»: Այս հանգամանքը կարող է թելադրել նաև նոր փոխզիջումների անհրաժեշտությունը, ինչին էլ պատրաստ` Հայաստանը պետք է ամեն ինչ անի` թույլ չտալու իր շահերը վնասող զիջումների արձանագրումն ու Ղարաբաղի դիրքերի թուլացումը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ