ՍԻՐԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՀԵՏՔԸ


 

Ուշագրավ է, որ ադրբեջանական պետական հեռուստակայանները պաշտպանում են Ալ-Քաիդային և այսպես կոչված ընդդիմադիրներին` չթաքցնելով իրենց հրճվանքն այն առթիվ, որ ավերվում են մի շարք բնակավայրեր, զոհվում են մարդիկ: Ըստ հավաստի տեղեկությունների, Ադրբեջանը զենք և մարդկային ուժ է մատակարարում «ապստամբներին»` միաժամանակ ֆինանսներ ներդնելով ընդդիմության զինման գործում:

Սիրիան իր պատմության ողբերգական օրերն է ապրում: Արաբական «գարնան» յուրատեսակ արձագանքները հասել են նաև այս երկիր` այստեղ ամեն ինչ խառնելով իրար: Մոտ մեկ տարի է` երկիրն ապրում է ցնցումների, կրակոցների, չհայտարարված պատերազմական իրավիճակում` արդեն մեկ միլիոնից ավելի մարդու պարտադրելով հեռանալ երկրից: Իսկ զոհերի թիվը հասել է մի քանի հազարի:

Նման իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ մի շարք արևմտյան տերություններ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, կամենում են իշխանությունից հեռացնել Բաշար ալ-Ասադին: Ի տարբերություն արաբական աշխարհի այլ պետությունների, այստեղ սիրիացիների գերակշռող մեծամասնությունը կանգնած է իշխանությունների կողքին` չկամենալով ընդունել այն պարտադրվող սցենարները, որոնց նպատակն է երկրում հաստատել «մարիոնետային իշխանություն» և ամեն ինչ հպատակեցնել Արևմուտքի կամքին: Հենց Արևմուտքն էլ հորինել է այսպես կոչված սիրիական ընդդիմությանը, որի կազմում, ինչպես վկայում են շատ սիրիացիներ, հայտնվել են բնավ էլ Սիրիայի հետ առնչություն չունեցող անձինք, Ալ-Քաիդայի զինյալներ, չեչեններ և ադրբեջանցիներ:

Իբրև գլխավոր «ուղղորդող ուժ»` հանդես է գալիս Թուրքիան, որին չափազանց ձեռնտու է Սիրիայի թուլացումը և նրա հպատակեցումն արևմտյան տերություններին:

Սիրիան արաբական աշխարհի ամենահզոր պետություններից մեկն էր` իր կազմավորված զինված ուժերով, պետական կարգով, ընդդիմության բացակայությամբ: Այն նաև հարուստ երկիր է, ինչն էլ «անհանգստացնում» էր նրա հարևաններին, բոլոր նրանց, ովքեր կամենում են օգտվել այս երկրի հարստություններից: Ուստի, Սիրիային ծնկի բերելու համար էլ ռմբահարվում է այս երկրի տարածքի մասը, սպանվում են անմեղ մարդիկ, կազմաքանդվում են համայնքները, արտագաղթը հասել է անընդունելի չափերի:

Այլևս գաղտնիք չէ, որ քաղաքների ռմբահարումներն ու անմեղ մարդկանց սպանդն իրականացնում են ոչ թե կառավարական զորքերը, այլ հենց ընդդիմադիրները` այստեղ յուրովի կրկնելով Խոջալուի սցենարը: Սա առավել քան ակնհայտ է, որովհետև ընդդիմադիրների շարքերում գործող չեչեններն ու ազերիները գործում են անօրինակ դաժանությամբ` չմտածելով, որ սպանվում են անմեղ արաբներ: Զարմանալին ու տարօրինակն այն է, որ ՄԱԿ-ն ու Եվրամիությունը, համակողմանիորեն իրավիճակը քննարկելու և Սիրիայի ներքին խնդիրներին չմիջամտելու փոխարեն, արդեն Սիրիա զորք մտցնելու և պատերազմական գործողություններ իրականացնելու կոչեր են հնչեցնում: Պատերազմական գործողությունների ծավալումը կարող է ճակատագրական լինել ողջ տարածաշրջանի համար, որովհետև սիրիական պաշտոնական զորքերը չեն պատրաստվում հեշտությամբ հանձնել երկիրը և փոխել սահմանադրական կարգը: Նրանք կանգնած են նախագահ Ասադի կողքին և հանդիսանում են խաղաղ բնակչության կյանքի երաշխավորներ:

Պատերազմի դեպքում` Սիրիան կվերածվի մի նոր Աֆղանստանի և Իրաքի. երկիրը կդատարկվի: Եթե անգամ հաջողվի կարճ ժամանակամիջոցում ավարտել պատերազմը, ապա իշխանության եկածները կքայքայեն երկիրը` այդ դարձնելով արևմտյան տերությունների համար ռազմական պոլիգոն` այստեղ տեղակայելով թուրքական զինյալներին:

Սիրիայում տիրող իրավիճակն անհանգստացնում է մեզ, որովհետև այստեղ է ապրում 60 հազարից ավելի հայ: Հայության մի ահռելի հատված բնակվում է Հալեպում, որը նույնպես դարձել է այսպես կոչված ընդդիմադիրների հարձակումների թիրախը: Ինչպես մեզ տեղեկացրեցին հալեպահայ մեր մտերիմները` ազգային-հանրային գործիչներ Ներսես Տաղլյանը, Հակոբ Միքայելյանը, Անի Սարյանը և Արաքսի Մուսալին, գրեթե կաթվածահար վիճակում են հայտնվել հայկական կառույցները, դպրոցները գործում են զգուշության և վախի մեջ, հայկական ակումբները չափազանց սահմանափակել են իրենց գործունեությունը, իսկ շատ-շատերն էլ հեռանում են երկրից` հիմնականում մեկնելով Միացյալ Նահանգներ: Կան նաև Հայաստան եկողներ: Ըստ էության, վտանգված է հայկական գաղութի գոյությունը. մեր հնագույն գաղթավայրերից մեկն այսօր կանգնած է ոչնչացման շեմին, ինչն էլ նշանակում է, որ տասնյակ հազարավոր հայեր կկտրվեն հայրենի արմատներից, լեզվից, կկորցնեն իրենց սոցիալական հենարանները: Իսկ սիրիահայությունը սովորաբար համարվում է հարուստ և բարեկեցիկ կյանքով ապրող: Ինչպես մեզ պատմեց սիրիական հեռուստակինոյի ճանաչված դեմքերից մեկը` Հուրի Ստեփանյանը, քնում են վախի մեջ, երբեմն գիշերները հերթապահում են պատուհանների մոտ, որպեսզի տագնապի դեպքում կարողանան շուտ կողմնորոշվել և հեռանալ: Հալեպում էլեկտրաէներգիան մատակարարվում է ընդհատումներով, այլևս զգացվում է պարենամթերքի մեծ պահանջարկ, քանի որ հարուստ խանութները դատարկվել են: Սիրիահայության շրջանում մեծ ցավով ու ցասմամբ վերաբերեցին հերթական հայ զինվորի մահին: Նա սպանվել էր սահմանի մոտ, ընդդիմադիրների արձակած գնդակներից: Նշենք, որ տարեսկզբից երրորդ հայ զինվորն է սպանվել` պաշտպանելով սիրիական հայրենիքը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ