Խոզերն ու հնդկահավերն այլևս չեն թռչի


Շա˜տ «անխիղճ» են գտնվել ամերիկյան ավիաուղիների ղեկավարները. արգելել են ինքնաթիռի սրահ տանել խոզեր ու հնդկահավեր: Ախր մինչ այս դրանք իրենց տերերին ուղեկցում էին օդում, որպեսզի հոգեբանորեն սատարեն նրանց:

Վերջին հաշվարկներով` տարեկան շուրջ 100 հազար ամենատարբեր կենդանիներ են հայտնվում ինքնաթիռների ուղևորասրահներում: Պարզվում է` իրենց ներկայութ յամբ դրանք օգնում են հոգեկան-հոգեբանական զանազան հիվանդություններով տառապող տերերին` թռիչքը «թեթև տանել»: Սակայն շատ կենդանատերեր էլ ձևացնում են, թե կենդանին իր կողքին պետք է լինի` բժշկական պատճառներով: Իրականում նրանք չեն կամենում վճարել իրենց չորքոտանիների համար:

Խորամանկությունը բացահայտվել է, և հաստատված նոր կանոններով ուղևորասրահ մուտք կգործեն միայն շներն ու մինի-ձիերը (տեղեկացրել է The DΖily MΖil թերթը):

Դե, պատկերացրեք ձեր թռիչքը` շան ու թեկուզ շատ փոքր ձիու հարևանությամբ… Ամերիկացիները, սակայն, սա ընդունելի են համարում: Բայց, մինչ նոր կանոնն ընդունելը, մի միջադեպ «ցնցել» է բոլորին. ողևորուհիներից մեկին մինչև ինքնաթիռի օդ բարձրանալը` խնդրել են դուրս բերել իրեն ուղեկցող խոզին, որը սրահում բարձրաձայն խռխռացրել է ու բնական կարիքը հոգացել հատակի վրա: Կարելի է կարծել, թե շներն ու ձիերն ավելի մաքրասեր են և բնական պահանջի դեպքում կթակեն զուգարանի դուռը…