«Հիմա հավերժ միասին են Գարունն ու Աշունը»


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ճեմասրահը արտասովոր գրավչություն էր ստացել: Մեծադիր պաստառներից իր արվեստի երկրպագուներին ծիծաղկոտ հայացքով, ասես, ողջունում էր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ստեղծագործական տարեգրության մնայուն էջերը բովանդակած դերամարմնավորումների կենսախինդ «գվարդիան»:

Մեծատաղանդ օպերային ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանի դիպուկ բնորոշմամբ` «գրոտեսկային թատրոնի լավագույն ավանդույթների, վերակերտման և անկեղծ ապրումի դպրոցների համադրումով» միս ու արյուն ստացած հարյուրից ավելի կրակոտ ու անսահման հմայիչ հերոսուհիներ:

Գրքի շնորհանդեսին հրավիրվածներից ոմանք, ովքեր գիտեին «Սվետլանա Գրիգորյան» նորընծա շքեղ գիրք-ալբոմի հեղինակի և դերասանուհու 60-ամյա անդավաճան բարեկամության մասին, ներողամտորեն ժպտացին: Տասնամյակներով խնամքով ժողոված բացառիկ փաստավավերագրերով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 13 հատորներին քաջածանոթ արվեստասերներն անմիջապես որսացին այդ ժպիտը: Ակադեմիկոս Ռուբեն Զարյանի հորդորով 2002-ից կյանքի կոչված այս մատենաշարի առաջնեկի գլխավոր հերոսուհին էլ, չէ՞, «մեր Սվետիկն» էր: Յուրատիպ կնքամայրը «սիրելի Սերյոժայի» կարևորագույն ձեռնարկի` իր իսկ մտահղացած պատկերազարդ ու բովանդակալից ձևաչափով:

- Սվետլանա Գրիգորյանի դերասանական արվեստը ներկայացնող առաջին հատորյակս ամփոփում էր երևելի արտիստուհու բեմական գործունեության 50 տարին և նվիրված էր ծննդյան 70-ամյակին ,- պարզաբանում է Սերգեյ Առաքելյանը:- Հետագա 15 տարիների նրա ստեղծագործական դիմանկարը սերունդների համար ամբողջացնելու ձգտումս հատկապես սրվեց, երբ այս մայիսին, 85-ամյա հոբելյանի նախաշեմին, կորցրեցինք օպերետայի թատրոնի ոսկեդարը կերտած մեր վերջին մոհիկանին: Սակայն ազնիվ մղումներս անիրականանալի կմնային, եթե դերասանուհու դժվար տարիների հուսալի պատվարն ու անդավաճան երկրպագուն` մեր թատրոնի երբեմնի աշխատակիցն ու սրտակից բարեկամը` արվեստամեծար ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը սիրահոժար չհոգար ստվարածավալ այս հատորյակի տպագրության ծախսերը: Ինչպես ժամանակին մոռացությունից ինքնակամ փրկեց Կարպ Խաչվանքյանի շիրիմը, հոգաց հուշատախտակի մասին նույնքան օպերատիվ, որքան պատերազմական ծանր տարիների արժանապատիվ կեցության...

- Այս թատրոնն իմ հարազատ տունն է: Մենք մեր պարտքն ենք կատարել` թատրոնի ղեկավարության, իմաստուն արվեստագետ Սերգեյ Առաքելյանի հետ միասին: Ես ականատեսն եմ եղել չքնաղ դերասանուհու բոլոր թռիչքների, վաստակած դափնիների: Կան մեծություններ, որոնց համար «մեծ» կոչված բազմաչարչար ածականը շա´տ է փոքր: Այդպիսի մեծություններ են ինձ համար, մեր ժողովրդի համար նաև Սվետլանա Գրիգորյանն ու Կարպ Խաչվանքյանը: Երկար տարիների իմ անձնական մտերմությամբ` մեկն իր էությամբ գարուն էր, մյուսը` աշուն: Զարմանալիորեն ներդաշնակ բեմական մի զույգ, որ հենց մուտքից կլանում էր հանդիսատեսի ուշադրությունը, գամում տաղանդավոր զուգախաղով ցանկացած ներկայացում թատերական հրավառության վերափոխող կատարողա կան հյութեղ արվեստով: Հիմա արդեն հավերժ միասին են Գարունն ու Աշունը: Աստվածահաճո գործ է գրքի լույսընծայումը, երախտագիտության ուսանելի օրինակ, ինչին աջակից լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է,- իրեն ուղղված երախտիքի խոսքերին ի պատասխան նշեց Վլադիմիր Գասպարյանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ