Մտահոգությո՞ւն, թե՞ գովազդ


Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի առևտրի կենտրոնում տեղադրվել են հղի աշակերտուհիների մանեքեններ` հղի դպրոցականների տեսքով: Առաջին պահին քաղաքացիների տարակուսանքը հարուցող այդ «աշակերտուհիներին» ի ցույց դնելն ընդամենը նպատակ ունի բոլորի ուշադրությունը սևեռել երկրում առկա մի հիմնահարցի վրա: Խնդիրն այն է, որ Լատինական Ամերիկայում խիստ բարձր է դեռահաս աղջիկների հղիության մակարդակը:

Բայց արդյո՞ք ընկալումը հակառակ արձագանք չի գտնի: Դիցուք, որ միանգամայն օրինաչափ է հղի վիճակով դպրոց գնալ, այն էլ` հատուկ իրենց համար կարվող աշակերտական համազգեստով:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, այդ «մեղսավոր» մանեքենները տեղադրված են «Կրկին դպրոց» մակագրության ներքո:

- Կարծում եմ, որ դա սարսափելի է: Եթե ես մայր լինեի, չէի ցանկանա, որ իմ երեխան սա տեսներ,- մանեքենները զննող լրագրողներին ասել է 18-ամյա Քելլի Հերնանդեսը:

Իսկ նրա 20-ամյա ընկերուհին հավելել է.

- Բայց դա իրականություն է: Փողոցում դուք միշտ կտեսնեք հղի աղջնակներ:

Վենեսուելայում հղիների ընդհանուր թվի 20 %-ը դեռահասներ են: Նման իրավիճակ է նաև լատինաամերիկյան Հաիթիում և Էկվադորում: