Հետընտրական մտորումներ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` համերաշխության նախապայման


Քաղաքական երկխոսությունը թե° երկրի ներսում, թե° միջազգային հարաբերություններում վիճելի հարցերը քաղաքակիրթ կերպով լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու լավագույն միջոցն է: Բայց երկխոսության համար, ինչպես բառն ինքը հուշում է, երկու կողմ է անհրաժեշտ: Ինչքան էլ մեկը ցանկանա երկխոսության գնալ, եթե մյուսը դրան պատրաստ չէ կամ ցանկություն չունի` կստացվի… մենախոսություն: Նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանը թե ընտրություններից առաջ, թե հետո բազմիցս շեշտել է երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության իր պատրաստակամությունը: Մարտի 13-ի հեռուստատեսային հարցազրույցում նա մի անգամ ևս վերահաստատեց իր այդ հանձնառությունը: Նորընտիր Նախագահը դա շեշտեց իրեն ուղղված այն հարցին պատասխանելիս, թե ինքը «հնարավոր համարու՞մ է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների հետ քաղաքական երկխոսությունը և հասարակության բևեռացման թուլացումը»: Հիշենք Սերժ Սարգսյանի պատասխանը` բառացի. - Որ բևեռացումը պետք է թուլացվի` միանշանակ է: Ես երբեք դեմ չեմ եղել որևէ երկխոսության…Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել: Եթե մոտեցումներն այլ լինեն, իմ մոտեցումներն էլ այլ կլինեն…: Սրանով նորընտիր Նախագահը նախ հարցականի տակ դրեց այն ենթատեքստը, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական երկխոսությունը, իբր, կարող է դիտվել որպես հասարակական բևեռացումը թուլացնելու միջոց: Երկրորդ` այս կերպ նա սեփական քաղաքական դեմքը փրկելու վերջին հնարավորությունը տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Այն է` հրաժարվել զազրախոսությունից (այլ կերպ չի կարելի անվանել դիմացինի հասցեին անձնական վիրավորանքներ տեղալու անկրթությունը): Դրա ականատեսն էինք ողջ նախընտրական ու հետընտրական շրջանում` Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերից հնչող ելույթները լսելիս: Երրորդ` վերջ տալ ինքն իրեն «65 տոկոսով ընտրված Նախագահ» հռչակելու անհեթեթությանը և հայտարարել, որ ենթարկվում է ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու մասին Սահմանադրական դատարանի վճռին: Այդ պայմաններով, այսինքն սթափվելու և քաղաքական իրատեսության վերադառնալու պարագայում, Սերժ Սարգսյանը, թերևս, կարողանա իր մեջ ուժ գտնել` հաղթահարելու ներքին և միանգամայն բնական ու օրինաչափ անբարյացակամությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ և ամենևին ոչ հանուն նրա, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդի` քաղաքական երկխոսության մեջ մտնել նաև նախկին Նախագահի հետ: Սակայն հարկ է նկատել, որ ընտրված Նախագահի հետ քաղաքական երկխոսություն սկսելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին նախ հարկ կլինի իր համար մի բավական անցանկալի «երկխոսություն» վարել մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող հատուկ քննչական խմբի հետ: Մինչև այժմ այդ խումբը բազմիցս հայտարարել է, թե եղած ապացույցները առավել քան բավարար են` հաստատելու, որ արյունոտ վախճան ունեցած տխուր իրադարձությունները կազմակերպվել, հրահանգավորվել և ուղղորդվել են «մեկ կենտրոնից»: Ո՞վ էր կանգնած այդ «մեկ կենտրոնի» գլուխ` ինքնըստինքյան հասկանալի է: Ինչ խոսք, Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ որևէ մեկի վրա ձեռք չի բարձրացրել և ջարդերին չի մասնակցել: Սակայն հասարակության մի շատ մեծ զանգված լուրջ տարակույսներ ունի, որ այդ ամենն արվել է նրա հրահրումով, նախընտրական ու հետընտրական շրջանում երկրում անսանձ ատելություն բորբոքելու նրա մոլեռանդ ջանքերով: Մարտի 1-ի իրադարձությունները ուղղակի հետևանքն էին ամիսներ շարունակ հասարակության մեջ թույն ու մաղձ սերմանելու Տեր-Պետրոսյանի անպատասխանատու քաղաքական վարքագծի: Նա և իր համախոհները կարողացան հասարակության ընդդիմադիր տրամադրված զանգվածի մեջ առկա դժգոհությունները հասցնել այնպիսի շիկացման, եռման այնպիսի աստիճանի, որից հետո պայթյունն անխուսափելի դարձավ: Այդ ամենի համար Լևոն Տեր-Պետրոսյանն առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում, թեև, ցավոք, մինչև այժմ էլ չի ցուցաբերել իր այդ պատասխանատվությունը գիտակցելու նվազագույն նշույլներ: Բայց արդյո՞ք նախկին Նախագահի պատասխանատվությունը միայն բարոյական է: Արդյո՞ք բուն անկարգությունները նույնպես տեղի չեն ունեցել անձամբ նրա գիտությամբ, համաձայնությամբ, միգուցե նաև` ուղղակի հրահանգով: Մինչև քննչական խումբը, ապա նաև դատարանը իրավաբանորեն չապացուցեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության բռնազավթման նախապես ծրագրավորված պլան չի ունեցել, որի բաղկացուցիչ մասերից է եղել նաև զանգվածային անկարգությունների հրահրումը, չի առաջնորդվել Հայաստանում նոր հեղափոխություն կազմակերպելու չարամիտ նպատակով: Ավելին, դրան չի ձգտել դրսի ուժերի դրդմամբ ու ֆինանսավորմամբ` նրա ճակատից չի կարող մաքրվել առնվազն քրեական հանցագործություն կատարած լինելու կասկածը: Հետևաբար, Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյան դեռ շատ ենթադրյալ քաղաքական երկխոսությունը կարող է կայանալ միայն և միմիայն մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող քննչական խմբի վերջնական եզրակացությունից հետո: Եթե հետաքննության արդյունքներով պարզվի, որ նախկին Նախագահը քրեական հանցագործ է, ապա էլ ի՞նչ երկխոսություն կարող է լինել նրա և ընտրված Նախագահի միջև: Այդ ո՞ր երկրում են նախագահները «երկխոսում»… քրեական հանցագործների հետ: Իսկ եթե Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան դեռ շատ և շատ կասկածելի երկխոսությունը սկսվի հետաքննության ավարտից առաջ, ապա հասարակական լսարանը, միանգամայն իրավացիորեն, դա կընկալի որպես Տեր-Պետրոսյանին քրեական պատասխանատվությունից փրկելու փորձ, ուրիշ ոչինչ: Այդպիսի փորձ, համոզված եմ, Սերժ Սարգսյանը երբեք չի անի: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ դա չի կարող բերել հասարակության մեջ բևեռացվածության թուլացման: Հակառակը, հիասթափությունն ու լարվածությունը կմեծանան: Որովհետև ամեն ոք իրավունք կունենա հարց տալու` այդ ինչպե՞ս է, որ գլխավոր հրահրողը, կազմակերպիչն ու սադրիչը կամ դրա մեջ իրավացիորեն կասկածվողը քրեական ու բարոյական պատասխանատվությունից ազատվում է, միգուցե նույնիսկ` նոր դիրքի ու պաշտոնի է հասնում պետության մեջ, իսկ նրա մոլեռանդ ջանքերով բանականությունը կորցրած և խժդժություններ կատարած մարդիկ հայտնվում են…մեղադրյալի աթոռին, հարազատներ կորցրած 8 ընտանիք` սգի մեջ, երկու հարյուրից ավելի մարդ` հիվանդանոցային մահճակալներին… Արդարությունը պահանջում է, որ ամեն ոք պատասխան տա իր արածների համար: Չի կարելի առաջնորդվել այսօր էլ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողների, կուրաբար նրա ետևից գնացողների, նրա կողմից դեռ մինչև հիմա էլ մոլորության մեջ պահվողների կրքերը մեղմելու ցանկությամբ: Պակաս բորբոքված չեն նաև նախկին Նախագահի նկատմամբ խոր հակակրանքով լցված զանգվածների կրքերը: Ո՞վ ասաց, թե Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին պիտի հանգստացնել, իսկ ատողներին` էլ ավելի բորբոքել ու վիրավորել: Մանավանդ, գոնե իմ դիտումներով, նախկին Նախագահին ատողները բազմապատիկ ավելի են, քան` սատարողները: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կերպ խույս տա դատարանի առաջ կանգնելուց, նրա անմեղությունը կամ մեղավորությունը չհաստատվի կամ չհերքվի դատական կարգով` անձամբ նրան ատողների, նրա նկատմամբ բացասաբար տրամադրվածների, նրա անպարագիծ իշխանատենչությունը երկրի ու ժողովրդի դժբախտությունը համարողների խոր ու դառը հիասթափությունը անսահման կլինի: Այդ երկկողմանի կրքերը կարող են իրապես հանդարտվել միայն և միմիայն անաչառ, համակողմանի, օբյեկտիվ հետաքննության ու հրապարակային, թափանցիկ դատաքննության միջոցով: Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե իր ապրած ցնցումի, իր տարած ողբերգության մեջ ում մեղքը որքա՞ն է: Հասարակությունը պետք է պատժված տեսնի անխտիր բոլոր մեղավորներին, անկախ այն բանից, թե ո՞վ է այդ մեղավորը` նախկին Նախագա՞հ, թե՞ պահի տակ ինքնավերահսկումը կորցրած, իսկ միգուցե նաև հենց նախկին Նախագահից այդպիսի ջարդեր կազմակերպելու հրահանգ ստացած ստահակ… Միայն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի անշեղ կիրառման պարագայում հասարակության երկկողմանի վիրավորվածությունը կմեղմանա: Պետությունը պարտավոր է արդար վերաբերվել իր բոլոր քաղաքացիներին` չնայելով որևէ մեկի նախկին ծառայություններին, ներկայի քաղաքական նպատակահարմարությանը, դրսի ճնշումներին, այլևայլ հանգամանքների: Որովհետև պետության արդարությունը հասարակության համերաշխության նախապայմանն է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ