ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՈՒԶՎԵԼ ԵՆ


 

Կրթության ասպարեզում ունեցած հաջողությունների համար պարգևատրելով մի շարք ուսանողների և նրանց 200-հազարական դրամ պարգևավճար հանձնելով` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է.

- Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունը ապագա հաջողությունների գրավականն է: Կոչ եմ անում ձեզ` ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ, որպեսզի ձեր նպաստը բերեք մեր հայրենիքի այդ հատվածների բարգավաճմանը:

Պարզվում է, որ նախարարի այս միտքը չափազանց զայրացրել է վրացի մի շարք պաշտոնյաների, ովքեր տեսել են անջատողականության կոչ: Մեզ, իհարկե, քիչ է հետաքրքրում, թե ինչպես են մեկնաբանում մեր հարևանները նման մտքերը: Մանավանդ որ հայրենիք հասկացությունը միայն սահմաններով ամրագրված տարածքը չէ, այլ ավանդական բնակավայրերը, այն հանգրվանները, որտեղ հարյուրամյակներով ապրում են մեր հայրենակիցները: Վրացիներից շատերն իսկապես ամեն ինչ կտային, որպեսզի Ջավախքը հայաթափվեր, Վրաստանում հայոց լեզուն չհնչեր… Բայց այդ լեզուն հնչում է, և վրացիներից էլ անկախ` Ջավախքը եղել է ու կա մեր հայրենիքի մի հատվածը: