ԽԱՌԸ ԻՐԱՎԻՃԱկ


 

Նախքան մայիսի 6-ի քվեարկությունը` բավական հետաքրքիր իրադարձություններ կարող են ծավալվել Ավան համայնքն ու Նոր Նորքի 2-րդ զանգվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Գործարար-պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով վերջին մի քանի ընտրություններում մենաշնորհել էր այս ընտրատարածքը, ինչպես հայտնի է` հրաժարվել է առաջադրվել` իր տեղը զիջելով մինչ այժմ մանկավարժական գործունեությամբ զբաղվող Է. Գևորգյանին: Վերջինս, սակայն, ոչ թե Ավանի, այլ Նոր նորքի բնակիչ է, ինչը ենթադրում է, որ նրան (Ռ. Հայրապետյանի հովանավորությունից անկախ) Ավան համայնքում չեն ճանաչում:

Այս հանգամանքը մեծ աշխուժություն է առաջացրել ՀԱԿ-ում: Եվ փոխելով նախնական որոշումն, ընդդիմությունն այստեղ ոչ թե հնագույն ՀՀՇ-ական Հովհ. Իգիթյանին, այլ «Ժառանգությունից» ՀԱԿ տեղափոխված Զոյա Թադևոսյանին է պատրաստվում առաջադրել: ՀՀՇ ներկայացուցիչն էլ բնականաբար ծանր է տարել ՀԱԿ ղեկավարության որոշումը` թերևս իրավացիորեն հակադարձելով, որ ինքը բոլոր ժամանակներում է այս ընտրատարածքում «Նեմեց Ռուբոյին» ձեռնոց նետել:

Հ. Իգիթյանի ընդվզմանն ի պատասխան` վերջինիս ասվել է, թե Զ. Թադևոսյանի մրցակիցը գիտական կոչումներ ունի, ու այս առումով լավ կլիներ, որ իրենց թեկնածուն (ով նույնպես նման կոչումներ ունի) Է. Գևորգյանի հետ մրցի: Բացի այդ, հավանական է, որ ՀԱԿ թեկնածուին պաշտպանի նաև «Ժառանգությունը»: Չէ՞ որ ի վերջո նա ժամանակին անդամակցել է այդ քաղուժին: Ասում են, թե Հ. Իգիթյանին ՀԱԿ որոշումն այնպես է վիրավորել, որ անկախ ամենից` հավանաբար նա ևս առաջադրվի: