«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՅԱՑԱՎ


 

Վերջապես «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ձևավորեցին իրենց դաշինքն ու կազմեցին համամասնական ցուցակը: Այս ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը հուշում է, որ երկու կուսակցությունն էլ շատ մեծ ակնկալիքներ չունեն:

Ցուցակի 25-րդ տեղում հայտնվել է գործող պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Այն Վարդան Խաչատրյանը, ով վաղուց իրեն չէր համարում «Ժառանգության» անդամ, ՏԻՄ ընտրություններում աջակցում էր ԲՀԿ թեկնածուի, իսկ հետո էլ դարձավ Տիգրան Կարապետյանի հանրահավաքների ամենաակտիվ մասնակիցը: Եթե հիշենք, որ Տիգրան Կարապետիչի համար ամենաանընդունելի քաղաքական գործիչը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ Վարդան Խաչատրյանն էլ այսօր ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ցուցակում, նշանակում է` քաղաքականությունն իսկապես այնքան մաքուր բան չէ: Ու չի կարող մաքուր լինել այն պայքարը, ուր չկան սկզբունքներ և որոշակի բարոյական ըմբռնումներ:

Ցուցակի երկրորդ տեղը, ինչպես սպասվում էր, բաժին է հասել «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին: «Ազատ դեմոկրատներից» ցուցակում հայտնվել են նաև Ալիկ Արզումանյանը, նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը, գրականագետ Անուշ Սեդրակյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, միջազգայ նագետ Կարեն Կարապետյանը և ուրիշներ:

Երկու տարօրինակ փաստ ստիպում են իրենց վրա ուշադրություն սևեռել: «Ժառանգության» ամենաակտիվ պատգամավորներից մեկը` Անահիտ Բախշյանը, ով նաև առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, հայտնվել է 14-րդ տեղում: Ցուցակում բացակայում է Լարիսա Ալավերդյանը: Այս փաստն արդեն իսկ հուշում էր, որ «Ժառանգության» ներսում ակնհայտ են հակասությունները, որ Լարիսա Ալավերդյանը չի ցանկացել միանալ մի ուժի, որը հանդիսանում է արևմտյան «նախագիծ» և ներքին կապեր ունի ՀՀՇ-ի հետ: Իսկ Անահիտ Բախշյանն էլ ընդգրկվել է ցուցակում խորհրդանշական առումով, քանզի հազիվ թե 14-րդ տեղը ընդգրկվի հավանական «անցողիկների» շարքում: Այս ցուցակում քիչ չեն անկուսակցականները, ինչպես նաև գործող պատգամավորները, որոնցից Ստյոպա Սաֆարյանը հայտնվել է 8-րդ տեղում, իսկ ահա Արմեն Մարտիրոսյանը` 16-րդ: Փոխարենը, նախկին դաշնակցական և Սանկտ-Պետերբուրգում նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանին բաժին է հասել 5-րդ տեղը: