ԻՆՔՆԱՏՐՈՀՈՒՄ


Ծիծաղելի լինելու չափ զավեշտալի հնչող «Պայքար, պայքարը...» Լևոն Տեր¬Պետրոսյանի հաշվարկներից ևս մեկը խառնեց: Մինչ թվում էր, թե նպատակի անհասանելիությունը կարող է մշտապես աշխատեցնել պայքարի` հավերժական թվացող շարժիչը, ՀԱԿ¬ն սկսեց կամաց¬կամաց տրոհվել: Հայտնի իրադարձություններին հաջորդող շրջանում առաջին Նախագահի ու նրա համախոհների բանակն անհամեմատ ավելի մեծ էր, քան հիմա, երբ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Ներքին տարաձայնությունների մասին պնդումները Կոնգրեսում հետզհետե ավելի են առարկայանում, ու եթե մինչև հիմա դրանց կարելի էր կարճ պատասխանել «բամբասանք է» պիտակավորմամբ, ապա հիմա թերևս արմատականները ոչինչ չեն գտնում` Կոնգրեսը լքող իրենց երբեմնի համախոհների հայտարարությունները մեկնաբանելու: Կարելի է նաև կանխատեսել, որ առայժմ հատ ու կենտ հրաժարականներն առաջիկայում բազմապատկվելու են. նախ պառակտման ձնագունդն է նոր¬նոր սկսում թափ հավաքել, իսկ հետո նման իրավիճակի անխուսափելիության պայմաններում դժվարն առաջին քարը նետելն է: Այսինքն, ՀԱԿ¬ում շատերն են սպասել այն պահին, երբ համաժողովրդական հորջորջված շարժման շարքերը լքելու առիթը ներկայանա, ու իրենք էլ առաջիններից չլինեն: Շատ չանցած, երբ տեղի ունեցածը և ունենալիքը մեկնաբանելու հերթը Լ. Տեր¬Պետրոսյանին հասնի, նա, իհարկե, հեռացածներին դավաճաններ, իշխանությանը ծախվածներ ու այլ նման բնորոշումներով կորակի: Իրողությունն անվիճելիորեն այն է, որ լճացող այս միավորի հետ բավական երկար ժամանակ հույսեր կապած մարդիկ ՀԱԿ շարքերը լքում են առաջին Նախագահին փառաբանող հանրահավաքներից վերջնականապես ձանձրանալով և «Պայքար, պայքարի» հետ այլևս որևէ հույս չկապելով: Իսկ պատկերացնելը դժվար չէ, թե որքան անհանդուրժող կլինի ՀԱԿ վերնախավը` ներքին ընդդիմության հանդեպ... Ամեն դեպքում, Կոնգրեսի պառակտման ալիքն այլևս անկասելի է թվում: Արարատ Զուրաբյանի հեռանալուց հետո ՀԱԿ-ը լքելու գործընթացն ակնհայտորեն նոր է միայն սկսվում և առաջիկայում ավելի ընդգրկուն բնույթ է ունենալու: Իսկ արդյունքում` ընդդիմադիր դաշտի առաջատարը համարվող քաղաքական միավորը քայքայվելով` հնարավորությունների ու հավակնությունների առումով հավասարվելու է իր մրցակից մյուս ընդդիմադիրներին: Ընտրություններից առաջ, իհարկե, ՀԱԿ¬ի համար ավելի աննախանձելի իրավիճակ դժվար էր պատկերացնել, սակայն ընդդիմադիրների ուժերի հավասարեցումն էլ իր հերթին է հետաքրքիր դարձնելու ու նոր սրություն հաղորդելու նախընտրական պայքարին: