ՈՐՈՇԱԿԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ


 

Հավատացեք, սա սովորական բառախաղ չէ, այլ տպավորություն, որը ստացվեց այն բանից հետո, երբ օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահողները հանդես եկան հայտարարությամբ: Նրանք ողջունեցին Ստեփանակերտի օդակայանի շահագործումն ու տեղեկացրեցին, թե ձեռք են բերել կողմերի հավաստիացումներն այն մասին, որ թռիչքների հանդեպ բացառվում է ռազմական ուժի կիրառումը, իսկ ծագող տարաձայնությունները լուծվելու են բացառապես դիվանագիտական մեթոդներով:…

Այս հայտարարությունից հետո մարդկանց մի փոքր խումբ սկսեց ուրախություն արտահայտել, թե վերջապես պաշտոնական Բաքուն հասկացել է, որ անիմաստ է ուժի կիրառումը, պետք չէ ընդդիմանալ համանախագահողների հորդորներին: Սակայն այս հայտարարությունից բառացիորեն մեկ օր անց նույն Բաքվից շա˜տ բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, որ Բաքուն մնում է իր տեսակետին և ռմբահարելու է Ստեփանակերտից օդ բարձրացող ցանկացած օդանավ: Իհարկե, երկու օր անց ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հավաստիացրեց, որ միջազգային օրենքներով ոչ ոք իրավունք չունի ռմբահարել քաղաքացիական ավիացիան: Բայց Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Է. Աբդուլաևի պաշտոնական հնչողություն ունեցող խոսքը ևս մնաց մեր հիշողության մեջ.

- Համաձայն միջազգային իրավունքի, Ադրբեջանի գրավյալ տարածքների վրայով ցանկացած թռիչք համարվում է անօրինական:

Խոսնակին երկրորդեց Ադրբեջանի միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան.

- Եթե մենք մեր օդային սահմանների տարածքում երաշխավորում ենք ցանկացած թռչող սարքի անվտանգությունը, ապա մյուս կողմն էլ պարտավորվել է չխախտել սուվերեն օրենքները: Այսպիսով, մյուս կողմը պարտավորվել է Ադրբեջանի վրայով թռիչքներ չիրականացնել: Եթե փորձեր կարվեն նման թռիչքների, ապա Ադրբեջանը համարժեք պատասխան կտա:

Եթե «մյուս կողմը», այսինքն` Հայաստանը, նման պարտավորություն է ստանձնել, ապա ո՞ւմ էր պետք համանախագահողների հայտարարությունը, ի՞նչ էին ուզում ասել այդ հայտարարությամբ: Հազիվ թե համանախագահողները նման հայտարարություն անեին` չունենալով անձամբ Իլհամ Ալիևի հրահանգը: Ավելին, նրանք իրենց չէին դնի ծիծաղելի վիճակի մեջ, որում հիմա, կարծես թե, հայտնվում են: Համանախագահողներին տալով խոստումներ և համաձայնելով հայտարարության տեքստի հետ, նրանց մեկնելուց հետո Ալիևը ոտքի է հանել երկրորդական նշանակության պաշտոնյաների և նրանց շուրթերով հերքում է համաձայնությունները, ադրբեջանցիներին ներշնչում, թե Հայաստանը Ղարաբաղն ադրբեջանական տարածք չի համարում, ուրեմն հարկավոր է հերթական վայնասունը բարձրացնել և համախմբվել «ազգի առաջնորդի» կողքին: Ալիևը, բնականաբար, քաղաքական և իշխանական հարցեր է լուծում, փորձում է ամրապնդել իր թուլացած դիրքերը սեփական երկրում, հատկապես ընդդիմությանն առնել իր թևերի տակ` զգալով այն վտանգը, որը կարող է շուտով կախվել իր գլխին` Ադրբեջանում սիրիական իրադարձությունների կրկնությամբ:

Սակայն այստեղ փոքր-ինչ անհասկանալի է համանախագահողների կեցվածքը. փաստորեն, Ալիևը նրանց ողջ աշխարհում հռչակել է ստախոսներ, ովքեր հայտարարություն են տարածել, որին համաձայն չէ Ալիևը: Համանախագահողներն էլ խոնարհաբար լռում են` չդատապարտելով Ադրբեջանի նախագահի անբարո քայլը: Ստացվում է, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ ներկայացնող դիվանագետները ինչ-որ բանից վախենում են, կամ էլ նրանց ստիպում են լռել` այսպես ի ցույց դնելով այն երկերեսանիությունը, որը որդեգրել են համանախագահող երկրների առաջնորդները` երբեք չկամենալով վճռական լինել ադրբեջանական խարդավանքների և քաղաքական անբարոյականության դատապարտման հարցում: