«Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին իր բարեկամը տեսնել, իսկ Ռուսաստանը` Ադրբեջանին»


Խորհրդային ձեռնածությամբ նվեր ստացած տարածքները, փաստորեն, նույնիսկ պատերազմով տանուլ տալը «անարդարացի» են համարում արևմտյան «բարի քեռիներին» ապավինող մեր հարևանները: Վրացիներին ոգևորող, ինչպես իրենք են ասում` բարոյական աջակցություն ցուցաբերած Ադրբեջանում,ոմանք արդեն «իրատեսության» նշաններ են ցուցաբերում: Իհարկե` դարձյալ սեփական շահերի տեսանկյունից: Միլլի մեջլիսի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Այդին Միրզազադեն, օրինակ, վրաց-օսեթական պատերազմը համարում է ընդամենը անցում` ռուս-վրացական հարաբերությունների նոր փուլի: - Այստեղ վաղուց էր սպասվում նման ինչ-որ բան. միայն կայծ էր հարկավոր: Այն հայտնվեց, և հասունացած հակամարտությունը,վերջապես, դարձավ բացահայտ` դղդդացնելով ողջ տարածաշրջանը,- ասել է նա` հավելելով. - Սակայն պետք է խոստովանել, որ Վրաստանն էլ, չգիտես ինչու, հակամարտության ռազմական լուծումը տեսավ միայն` առանց դիվանագիտական ջանքերի և հաշվի չառնելով Ռուսաստանի կարծիքն ու տարածաշրջանում նրա հետաքրքրությունները: Այսինքն, պատերազմի խնդիրը, որը խիստ պատասխանատու քայլ է, լավ մտածված չէր մինչև վերջ: Սկսենք նրանից, որ ռուսական բանակը մի քանի անգամ ուժեղ է վրացականից` ինչպես անձնակազմի, այնպես ռազմատեխնիկայի քանակով: Երկրորդ` հենց վրացական հանրությունը չուներ անհրաժեշտ միասնականություն և վճռականություն` մարտնչելու մինչև վերջ. Սահակաշվիլիին, օրինակ, չէին սատարում նշանավոր քաղաքագետներ, ինչպես ասենք, Շևարդնաձեն, Բուրջանաձեն, Նաթանաշվիլին… Ի տարբերություն իրենց մի քանի օր առաջ Ռուսաստանին այպանող իր գործընկերների, Միրզազադեն ավելի ճարպկորեն է խուսանավում միակողմանիությունից` - Սահակաշվիլին մի փոքր գերագնահատեց իր հնարավորությունները` անվերապահ հավատալով արտաքին օգնության գործոնին: Բայց Վրաստանը կորցրեց դիրքերը Կոդորի կիրճում, կորցրեց Ցխինվալիի մերձակա վրացական գյուղերը. նրա բանակը բավական կազմալուծվել է, փլուզվել են երկրի հաղորդակցության ուղիները:Իհարկե, Ռուսաստանը դուրս եկավ «խաղաղարարական գործողությունների» շրջանակներից: Եվ լավ է, որ հիմա Կրեմլում հաղթանակել է առողջ դատողությունը. ռուսական զորքերը հանվել են Վրաստանից: Ռուսաստանի առողջ դատողությունը գովաբանելու հիմնառիթը, սակայն այլ է: Էլ ի¯նչ ադրբեջանցի, որ անգամ տիեզերքի մասին խոսելիս` չանդրադառնա Ղարաբաղին: - Հայաստանի կողմից գրավված տարածքներն ազատագրելով`Ադրբեջանն այլ կերպ կվարվի, քան Վրաստանը: Մենք համալիր գործողություններ կծավալենք` և° ռազմական, և° դիվանագիտական ջանքերով: Ընդ որում, եթե Հարավային Օսեթիայում, ինչպես մաքուր ջրում` անջատողական վարչակարգ ենք տեսնում, ապա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է` ուրիշ երկրի կողմից գրավված: Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ հարգում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Մեր ժողովուրդները բարեկամներ են, մեր երկրների հարաբերությունները լավ են և մշտապես զարգանում են, աճում է ապրանքաշրջանառությունը: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անըմբռնողականություն չկա: Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին տեսնել իր բարեկամը, իսկ Ռուսաստանը` Ադրբեջանին: Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի ազատագրումից հետո Ադրբեջանը կօգտվի իր ինքնորոշման իրավունքից: Ծիծաղելի՞ է: Երևի, իսկապես, անմեղսունակության հասնող պարզունակության հետ նույնպես աշխարհիս հզորները հաշվի են նստում: