Հնամենի օթևան


Անցյալ տարվանից, Գառնու հեթանոսական տաճարի մատույցներում, մեկնարկեցին մեր մշակութային ժառանգության կարևորագույն կոթողները հանրահռչակող ճանաչողական վահանակների տեղադրման աշխատանքները: «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) շրջանակներում հնգալեզու վահանակներ, ճանապարհային ուղեցույցներ և բացատրական ցուցապաստառներ են տեղադրվել Հայաստանի ավելի քան 40 տարածքներում: Անմիջական մասնակիցը լինելով բացօթյա այս յուրատիպ պատմագրքի գրեթե բոլոր «էջերի» շնորհանդեսների` հերթական ներկայացուցչական հավաքի տոնակատարության մթնոլորտում եմ ներգրավվում 2009-ի 12-րդ հանգրվանում` Մետաքսի ճանապարհի հայաստանյան խաչուղիների քարտեզում մինչ օրս նշանակալից Սելիմի լեռնանցքի իջևանատան շրջակայքում: ՀՀՃԾ համախմբած պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներն ընդմիջվում են «Կարին» ազգագրական պարի համույթի, «Նոր անուններ» հիմնադրամի շնորհալի սաների ելույթներով: «Հատկանշական է երգչուհի Լոլոյի (Չինաստան), պարուհի Նիտաշայի (Հնդկաստան) մասնակցությունը համերգին: Չէ՞ որ մ.թ.ա. II դարից մինչև մ.թ. XVI դարը գործած, Չինաստանը Ասիայի և, ապա, Եվրոպայի հետ կապող առևտրաքարավանային մայրուղին մեծապես նպաստել է Եվրասիայի ժողովուրդների ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապերի սերտացմանը: Եվ Օրբելյանների պատվերով 1332-ին կառուցված այս բարձրադիր (2410 մ) բազալտակերտ իջևանատան շեմին Մետաքսի մայրուղու երբևէ մտերմացրած տարբեր ժողովուրդների խոսքի ու տարատեսակ մշակույթի միաժամանակյա ներկայացումը, հայկականին սերտաճած նրանց նորօրյա փոխըմբռնման ինքնատիպ արտահայտություն է դառնում: Հայաստանում ներկայումս ապրող և ուսանող տարազգի երիտասարդներին մշակույթի ոլորտում բարեկամացած տեսնելով` ՀՀՃԾ ծրագրի 5 հովանավորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատարությամբ, հերթով իրենց գոհունակությունն են արտահայտում` տպավորված շնորհալի պատանիների ձգտումից` հարևան ժողովրդի մշակույթի հնարավորինս բարձրարվեստ մատուցման, ուրույն գրավչության շեշտադրման: Նինան հնչեցնում է հունական երաժշտություն, Գարիկը` իտալական: Ժողովուրդների տոնախմբության տրամադրությամբ համակված` Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին գեղարվեստական պատկերավորությամբ են ձոներգում հայ-իտալական բազմաշերտ բարեկամությունը: Յուրովի լրացնում պրոֆ. Օնիկ Խնկիկյանի համառոտ պատմական ակնարկը Մետաքսի ճանապարհի հայկական երթուղիների մասին` «սելիմ» բառի ծագումնաբանությունը բխեցնելով իտալական «սելլա» (լանդշաֆտ) բառից: Քարավանատան շենքը` երկլանջ կտուրի տակ առնված եռանավ դահլիճ, խորհրդավոր կենդանություն էր ստանում մոմերի լույսերով օթևանի սենյակները զննող ուսանողների բազմության համար: Տպավորվում էին Օրբելյանների իշխանական տան զինանշանները` քանդակված ստալակտիտավոր մուտքի ճակատին: Լինելով Հայաստանի նմանօրինակ կառույցների արժեքավոր օրինակներից` Սելիմի լեռնանցքում կառուցված իջևանատունը դաջվում է նրանց մտապատկերում` որպես Մետաքսի ճանապարհի ուղեցույցներից մեկը: Օգտվելով պատեհ առիթից` ավանդական հարիսայի սեղանի շուրջ արևաշող օրվա մտերմացնող ուժով խմբված երիտասարդներին Ռալֆ Յիրիկյանը ինքնահատուկ պարզ ու անկեղծ իմաստությամբ պատգամում է` վերընձյուղել աշխարհի ժողովուրդներին մտերմացրած մշակութային համագործակցությունը իրենց հայրենանվեր նոր գործերով, ստացած դարավոր ժառանգության հոգատար պահպանությամբ ու հանրաճանաչմամբ: Երկու տարի շարունակ հենց այս նպատակասլացությամբ են յուրաքանչյուր պատմական տեղանքում հավաքվում ՀՀՃԾ գործընկերների ջանադրությամբ տեղի և մայրաքաղաքի երիտասարդները, երգ ու պարի զվարթ տիրույթում Երկիր մոլորակի արժանավոր քաղաքացիները դառնալու, իրենց այսօրն ու վաղը խելամիտ ապրելու պատմական դասեր քաղում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ