Հա՞ որ...


ՍԱՌՈՒՅՑԸ վերջապես շարժվեց: Եվ հալոցքի համար ճիշտ ժամանակ էր ընտրված` անկախ այն բանից` համընկնումը հատո՞ւկ էր կազմակերպվել, թե՞ պատահաբար զուգադիպեց հենց այս շրջանին: Այն պահից, երբ մարտի 1-ից հետո ձերբակալվածներին մեկը մյուսի հետևից սկսեցին ազատ արձակել, դրամատիկ բովանդակությամբ դատական գործընթացներ հեռանկարում կարծեք թե այլևս չմնացին: Ահա այս առումով նույնպես «ճգնաժամ» էր սկսում հասունանալ, ինչի «հաղթահարումն» էլ Հայ Ազգային Կոնգրեսը որոշեց ստանձնել: Եվ մինչ թվում էր, թե պետության ու ժողովրդի, բայց ավելի շատ Կոնգրեսի թշնամի Ռ. Քոչարյանին Հաագայի դատարան հասցնելու թեման այլևս փակված է, հայտնի դարձավ, որ ակտիվ քաղաքական պայքարի դադարեցումից անկախ` ՀԱԿ-ն այնուամենայնիվ այս մի նախաձեռնությունը կիսատ թողնել չի ցանկանում. անցնող ամիսներին նա ընդամենը զբաղված է եղել երկրորդ Նախագահին մատուցվելիք տհաճ անակնկալի տեքստային թարգմանությամբ: Ընդ որում, հասկանալի է, թե միայն Թարգմանչաց տոնի նախօրեին ի հայտ եկած պարզաբանումն ինչո՞ւ է այդքան ուշացել: Եթե հավատալու լինենք կոնգրեսականների պնդումներին, ապա թարգմանությունը շուրջ 400 էջ ծավալ ունի: Սա էլ հենց թույլ է տալիս հուսալ, որ ընդդիմության համակիր մեր հազարավոր հայրենակիցները, ովքեր ժամանակին ստորագրել են միտինգներում տարածվող համապատասխան ձևաթղթերը, ՀԱԿ-ից հիասթափվելու մի նոր առիթ չեն ունենա: ԶԱՐՄԱՆԱԼԻ է, բայց ասպարեզն այլ ընդդիմադիրների զիջելու Լ. Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը հավանաբար վերջինիս հերթական հիասթափությամբ եզրափակվի: Չնայած կոալիցիայում գործած շրջանում ձեռք բերած անհամեմատ մեծ քարոզչական հնարավորություններին` Դաշնակցությանն այդպես էլ չի հաջողվում մի կարգին հանրահավաք կազմակերպել… Արդեն որերորդ անգամ նույն ընդդիմադիր լրատվամիջոցները փաստում են, որ ՀՅԴ-ն «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում մեծ դժվարությամբ մի երկու հազար միտինգավոր է ժողովել: Ընդ որում, ընդամենն այդքան մարդու մեկտեղելու համար անշուշտ ողջ կուսակցական ռեսուրսն է գործադրվում: Միտինգի ժամին հարևան փողոցներում դաշնակցականներին սպասարկող բազմաթիվ ավտոբուսներ են կայանած եղել… Դե ինչ, սխալված կլինենք, եթե պնդենք, թե հանրահավաքի գլխավոր թեման` հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, հանրությանը չեն հետաքրքրում: Ամբողջ խնդիրն այն է, որ նշված հարցի շուրջ ՀՅԴ տեսակետները մարդիկ չեն կիսում, և այդ է պատճառը, որ այս քաղաքական ուժին այդպես էլ չի հաջողվում բազմամարդ դարձնել իրենց հանրահավաքները: ԵՎ ԻՐՈՔ, եթե առաջնորդվելու լինենք այս օրերին հնչող ամենամտահոգիչ տեսակետներով, ապա սահմանի բացումից հետո առավել անմխիթար վիճակում հնարավոր է, որ գյուղատնտեսությունը հայտնվի: Մինչև այժմ Թուրքիայից մատակարարված գյուղմթերքներն ասում են, թե իրենց որակական հատկանիշներով տեղականին չեն գերազանցում: Բայց մյուս կողմից էլ հայկական մրգերի ու բանջարեղենի գինը բարձր է ոչ այնքան լավ որակի, որքան գյուղմթերքների շուկայում գործող սպեկուլյատիվ փոխհարաբերությունների հետևանքով: Ասել է թե, եթե «ձեռքից-ձեռք» համակարգը տեղական շուկայից արմատախիլ արվի, ապա իրական ապրանքատերը, որ տվյալ դեպքում բերքն աճեցրած գյուղացին է, հավանական է, որ ճիշտ նույն մրցունակ գինը կարողանա առաջադրել, որքան որ Հայաստան ներկրված թուրքական գյուղմթերքներն են արժենալու: Ճիշտ է, հայկական շուկայում մենաշնորհի վերացումը հարյուրավոր սպեկուլյանտների գործազուրկ կդարձնի, բայց եթե այս մարդիկ անազնիվ ճանապարհներով պետք է շարունակեն գումարներ աշխատել, ուրեմն ավելի լավ է նոր աշխատանք որոնեն: