«Դոխերի խաղը դիտելով եմ սկսում առավոտն ու մթնեցնում օրը…»


Ասում են` մի առանձնակի խաղաղություն կա աղավնիներ պահող մարդկանց հոգիներում: Նման տեսակետ ունեցողները գուցե ներշնչվել են կտակարանային ավետաբեր աղավնու պատմությամբ, գուցե` ոչ: Այնուամենայնիվ, որոշեցինք հավաստիանալ` որքանով է հիմնավոր ժողովրդական խոսքը օրինակ Գյումրիում, որտեղ դեռ հնուց քաղաքի կոլորիտի անբաժան մասն են կազմել դոխբազները` աղավնատերերը: - Պիտի խոսա՞նք. պիտի մեր մասի՞ն գրես,- տեսնելով ձայնագրիչս` գյումրեցուն հատուկ պարզությամբ հետաքրքրվում են «ղուշբազներն» (աղավնի պահողները) ու չսպասելով իմ հարցերին` սկսում են պատմել վանդակում վաճառվող ու օդում թռչող իրենց աղավնիների մասին: Գյումրեցիները աղավնուն «դոխ» են կոչում, իսկ աղավնի բազմացնողներին և պահողներին` «դոխբազ»` աղավնամոլ: Գյումրու սուրբ Յոթվերք եկեղեցու դիմաց հաճախ են հավաքվում նրանք: «Դոխերի» փոխանակություն, մրցակցություն ապահովելու համար` «գովազդ», հետաքրքիր պատմություններ սպիտակ աղավնիների մասին… Նիկոլայը` վարպետ Կոլոն, արդեն յոթ ամիս է, ինչ եկեղեցու հարևանությամբ կանգնած աղավնիներ վաճառելով է զբաղվում: - Քեռուս գործը հիմա ես եմ շարունակում,- ասում է նա ու ավելացնում, որ մահացած մորեղբայրը տասը տարուց ավելի միայն «դոխերով» է զբաղվել: - Կյանքն ուրախ ու խաղաղ է, երբ այս թռչունների խաղը դիտելով ենք սկսում առավոտն ու մթնեցնում օրը,- ասում է նա: Ցորեն ու ջուր, ահա սնունդը, որով կերակրվում են աղավնիները: Աղավնիներով զբաղվողների հոգեբանությունն անգամ այլ է Գյումրիում: - Մի տարի առաջ,- պատմում է մեկ այլ աղավնասեր,- դոխերս հիվնդցան, ճար չկար, չիդեի ինչ էնեի, գլուխները կախել էին… կհավատա՞ք, ես էլ հետները կտանջվեի, գիշեր-ցերեկ չէի քնի… Մինչև որ լավցան… Լենինականը միշտ էլ հայտնի է եղել իր ղուշբազներով, դա են վկայում ֆիլմերում ու գրքերում զանազան տեսարաններն ու պատմությունները: Սպիտակ աղավնին եղել է խաղաղության, բարության ու հավատարիմ սիրո խորհրդանիշ: Բայց հետաքրքիրն այն էր, որ նույն Լենինականում ծնված ու ապրած «ղուշբազն» այսօր չգիտեր, որ անցյալում ղուշբազի աղջկան կնության չեն առել` զուտ հոր «մասնագիտության» պատճառով: - Ըդպես բա՞ն էլ է եղել,- ասում են նրանք,- ձեզնից լսինք… Ընչի՞, հմի էլ ըդպես բան կա՞… Ջալաբ, ալֆնի, բաս, դաղլի, քոլի. աղավնու տեսակների մասին հակիրճ բացատրություններ է տալիս Կոլոն: - Ջալաբը վայրի է, բասը երկար է թռչում… Նիկոլայի աշխատանքը եկեղեցու դիմաց սկսվում է առավոտյան ժամը 9.30-ից ու տևում մինչև 16¬ը: Վաճառվող աղավնիները տարբեր են, տարբեր են նաև սահմանված գները: Հարսանեկան արարողության համար նախատեսվող սպիտակ ջալաբի զույգն արժե 10.000 դրամ, մատաղի համար կան նաև 1.500- 4.000 դրամ արժեցող թռչուններ: Գյումրիում ղուշբազներ այսօր կան ու նրանց գտնվելու մասին կարելի է իմանալ միայն երկար հարցուփորձ անելուց հետո: «Բոշի սադ», «Թուրքի մայլա», «Սլաբոդկա», «Ձորի մայլա», Կոշտոյան… Նրանցից մի քանիսը գտնելու համար երկար անցա թաղերով: Հարևանները նրանց լավ են ճանաչում, ուղեկցում են ու հպարտորեն մատնանշում: Մեծ բակում ընկերներով շրջապատված` աղավնամոլը ձեռքի ափի մեջ պահած ցորենը օդ է շաղ տալիս, օդ են թռչում նաև «դոխերն» ու ձայնակցելով միմյանց, փռվում գետնին` ցորենի հատիկները փնտրելու: - Այ, էկեք մե օրմ էլ դոխերիս խաղը տեսեք,- հպարտորեն ասում է աղավնատերը,- 150 դոխ ունիմ, գիտե՞ք, ինչ ծնվել եմ` ղուշբազ եմ,- կրկին չսպասելով հարցիս` ոգևորված պատմում է ավետաբեր թռչունի սիրահարն ու ղո՜ւշ-ղո՜ւշ կանչելով` վազվզում աջուձախ:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ