ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ


2009-ի գլխավոր խնդիրը մեզ համար…բնակչության կենսամակարդակի հնարավոր նվազում և այդ հիման վրա երկրում սոցիալական պայթյուն թույլ չտալն է: Ինչու՞: 1-ին` մոլորակով մեկ մոլեգնում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դրա հետևանքները, անվերապահորեն, գնալով նկատելի են դառնալու նաև մեր պետության, մեր ժողովրդի կյանքում, առաջացնելու են զանգվածների օրավուր խորացող դժգոհությունները: Իսկ այնպիսի «փայլուն» մի ընդդիմություն, ինչպիսին մերն է, անպայման այդ դժգոհությունները շահարկելու է, ձգտելու է հասարակական զայրույթի էներգիան հասցեագրել գործող իշխանություններին, մարդկանց ներշնչել, թե դուք վատ եք ապրում, դժվարություններ եք կրում ոչ թե օբյեկտիվ պատճառներով, ոչ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, այլ…գործող իշխանությունների մեղքով: Իբր` իշխանության ղեկը տվեք մեզ, ժողովրդի «բարեկամներիս», և մենք այնպես կանենք, որ դուք…լավ ապրեք: Փարիսեցիություն է, իհարկե, սակայն այդ թունավոր քարոզչությանը հավատացողներ, անշուշտ, լինելու են: Հետևաբար, գործող իշխանությունների խնդիրն է ոչ թե «փափուկ բարձ» դնել ժողովրդի գլխի տակ, հանգստացնել նրան, թե` մի վախեցեք, համաշխարհային ճգնաժամը մեզ շրջանցելու է կամ մեծ վնասներ չի տալու, ինչպես մինչև հիմա արել ու անում է հայրենի կառավարությունը, այլ ճիշտ հակառակը` անկեղծ լինել սեփական քաղաքացիների հետ և ամենայն մանրամասնությամբ նրանց հաշիվ տալ երկրում օբյեկտիվորեն առաջացող այս կամ այն դժվարության իրական պատճառների մասին: Ասել կուզեմ` երկիրը այս ծանր պահին կառավարելու բեռն իրենց ուսերին պահող քաղաքական ուժերի քարոզչությունը պետք է լինի ծայրահեղորեն անկեղծ և առաջանցիկ: Պետության հիմքերը խարխլելու, երկրի կայունությունը վտանգելու ճանապարհով իշխանությունը բռնազավթելու ցանկացած փորձ պետք է անհապաղ հակահարված ստանա, պաշտոնաբաղձ ոհմակների ցանկացած սադրանք պետք է վճռականորեն կանխվի, մերկացվի, հարկը պահանջածին` նաև խստագույնս պատժվի: 2-րդ` կառավարությունը պետք է ամեն ինչ անի երկրում օրենքի իրական գերակայություն ապահովելու, հղփացած օլիգարխներին սանձահարելու, պղտոր ջրում ձուկ որսալու սիրահար կարճամիտ գործարարների անհագուրդ ախորժակներին չափ դնելու, նրանց բոլորին անխտիր կերպով հարկային դաշտ բերելու, տնտեսական գործունեու թամբ զբաղվելու իրական ազատություններ ապահովելու, մարդկանց ազատ տնտեսական գործունեության իրականացման ճանապարհին վերևից ներքև ամեն կարգի իշխանավորների բյուրոկրատական քաշքշուկներն ու ստեղծած արհեստական խոչընդոտները բացառելու, մենաշնորհները վերացնելու և իսկական մրցակցություն ապահովելու համար: Այլ խոսքով` գործադիրը չպետք է հանդուրժի այս կամ այն, այդ թվում ամենաբարձր պաշտոնյաների «լյուբիմչիկների» խավի գոյությունը երկրում: Մինչև այժմ եղած նման անձեռնմխելի արտոնյալներին հարկավոր է հասկացնել, որ այսուհետ նույն շահատակությունները շարունակելու դեպքում ժողովրդական զայրույթի փոթորիկը կսրբի-կտանի թե իրենց, թե իրենց հովանավորներին: 3-րդ` հարկավոր է թեթևացնել թե° գործարար խավի, թե° շարքային մարդկանց հարկային բեռը: Հարկային դրույքաչափերն իջեցնելու ճանապարհով կարելի է հասնել հարկատուների թվաքանակի ընդլայնմանը, տնտեսության ստվերային հատվածը կամ դրա մի խոշոր մասը ստվերից դուրս բերելուն, ինչը, ի վերջո, թույլ կտա ապահովել պետական բյուջեի հարկային մուտքերի կատարումը: Սա հենց այն ճանապարհն է, որ ամեն տեսակ հարկատուների համար սեփական եկամուտները թաքցնելը դարձնում է ոչ ձեռնտու: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը պայթելուն պես այդ ճանապարհով, այսինքն ժողովրդի հարկային բեռը թեթևացնելու ճանապարհով են գնացել արդեն բազմաթիվ կառավարություններ, իսկ մեր կառավարությունը, կարծես, «քնած» է և այս մասին չի էլ մտածում: Բոլորը խոսում են միայն հարկային վարչարարությունն ուժեղաց նելու մասին, սակայն մինչև հիմա դեռ ոչ ոք չի խոսել ԱՐԴԱՐԱՑԻ հարկային քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության մասին: Հետևանքն այն է, որ մանր ու միջին բիզնեսով մի կերպ ծայրը ծայրին հասցնող տասնյակ-հազարավորներ օրավուր իրենց վրա զգում են հարկային վարչարարության խստացման հետևանքները, մինչդեռ բոլորի աչքի առաջ զանազան «արտոնյալներ» շարունակում են թաքցնել իրենց իրական եկամուտները: Մանավանդ առևտրային և սպասարկման ոլորտի բիզնեսով զբաղվողներից շատերի զանազան ու զարմանազան օբյեկտներում շարունակվում է գնված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց քաղաքացիներին հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոններ չտրամադրելու խայտառակությունը, իսկ կառավարությունը նման վիճակի մեղքը բարդում է…քաղաքացիների վրա: Իբր` դուք եք մեղավոր, ինչու՞ չեք պահանջում… ձեր կտրոնները: 4-րդ` ամենամտահոգիչը մնում է երկրում գործազրկության մակարդակի նոր բարձրացում թույլ չտալը: Օգտվելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տված պատեհությունից` բավական շատ գործատուներ արդեն սկսել են իրենց օբյեկտներում աշխատատեղերի անհիմն կրճատումները, ոմանք` նույնիսկ աշխատավարձերի նվազեցումները: Բնականաբար, կրճատված, իսկ ավելի կոպիտ` փողոց նետված աշխատողների պարտականությունները փոխանցվում են դեռևս աշխատանքում մնացողներին, և նրանք, աշխատանքը կորցնելու սպառնալիքից վախենալով, համակերպվում են նույն և նույնիսկ ավելի ցածր աշխատավարձով կրկնակի-եռակի պարտականություններ կատարելու պարտադրանքի հետ: Այսինքն, այս կերպ բարձրանում է մարդկանց ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ մակարդակը, խորանում է գործատուից գործավորի ունեցած կախվածությունը, առաջինի հանդեպ երկրորդի անպաշտպանվածության աստիճանը: Այս պայմաններում կառավարությունն ուղղակի պարտավոր է պաշտպանության տակ առնել շահագործվող գործավորին, հետևել, որ գործատուն նրա վզին չփաթաթի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին չհամապատասխանող աշխատանքային պայմանագրեր կամ բանավոր պայմանավորվածութ յուններ: Եթե գործավորը գործատուի ճնշմամբ ճարահատ ստորագրել է իր մարդկային տարրական իրավունքները, իր արժանապատվությունը վիրավորող աշխատանքային պայմանագրեր կամ համաձայնել է առանց «ժամ ու պատարագ», այսինքն օրական 8 ժամից ավելի կատարել նվաստացուցիչ, հաճախ անվճար աշխատանքներ, ապա ո՞վ պետք է «տեր կանգնի» այդ անտեր, անպաշտպան, գործատուի անսանձ կամայականություններին զոհ դարձող քաղաքացուն, եթե ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միով բանիվ, ծանր ժամանակներ են սկսվել աշխարհի, նաև մեզ համար, և միանգամայն հնարավոր է, որ գլխավոր դժվարությունները դեռ առջևում են: Գալիք հնարավոր փոթորիկները կազմ ու պատրաստ դիմագրավելը, պետության ու ժողովրդի միասնությունն ապահովելը, ազգային նյութական ու հոգևոր կարելիությունների համատեղումը ստեղծված վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու միակ երաշխիքն է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ