ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ` ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ


Հիրավի աշխատանքային էին ու խիստ գործնական ՀՀ սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի այցերը` նորոգվող ու հիմնանորոգվող մարզադպրոցներ, որոնք մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվեն: Շինարարական աշխատանքների ընթացքի ու որակի ճշգրիտ պատկերն ամբողջացնելու նպատակով այդ այցերի վերջնահասցեն Երևան քաղաքում էր: Այստեղ հիմնանորոգվող երեք մարզադպրոցներից զատ նաև կառուցվում է նորը` Նոր Նորքի 5-րդ զանգվածում: * * * Ժամանակներ առաջ ՀԱՕԿ փոխնախագահ, Եվրոպայի սիրողական բռնցքամարտի ասոցաացիայի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը մեծ ոգևորությամբ էր պատմում, որ հիմնանորոգվում է իր ղեկավարած քոլեջի ննջարանային մասնաշենքը: Իսկապես հիմնանորոգվում է, և, դժբախտաբար, շինարարության ընթացքում են ի հայտ գալիս այնպիսի բարդություններ, որոնք նախատեսված չեն (ու երևի չէին էլ կարող լինել) նախագծերում: Շուրջ 40 տարի պատանի մարզիկների օթևանած այս կառույցն ընդամենը մեկ-երկու անգամ է մասնակի կոսմետիկ վերանորոգվել: Տարիների բեռին պատերն այլևս չեն դիմանում: Համահայկական «Հայաստան հիմնադրամի» ֆինանսավորմամբ շինարարությունն իրականացնում է «ՎԱՆԻ» ՍՊԸ-ն: Ինչ խոսք, անհրաժեշտություն է ծագել վերանայել ֆինանսական հատկացումները, որպեսզի, ինչպես սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է փաստում, գոնե այս անգամ հիմնավոր աշխատանքներ տարվեն` կարճ ժամանակ հետո կրկին դրանց չանդրադառնալու համար: - Հարկ է նշել, որ այս քոլեջում «Հայաստան» հիմնադրամը անցյալ տարի նույնպես ներդրումներ կատարել է` կյանքի կոչելով մարզադահլիճները հիմնանորոգելու մեր ծրագիրը,- շարունակում է խոսքը Դ. Գաբրիելյանը: - Կարծում եմ, որ ննջարանային համալիրի հիմնանորոգումն էլ հաջողությամբ ավարտին կհասցվի, թեև դեռևս բավական աշխատանքներ կան: Կան նաև որոշակի խնդիրներ, որոնք շինարարության ընթացքում են ծագել, որոնց լուծմամբ կմտահոգվի նաև հիմնադրամը` դրանք հարթելու համար աջակցելով շինարարներին ու նախագծողներին: Քոլեջի տնօրենը վերստին երախտագիտություն է հայտնում, նշելով, որ դրական տեղաշարժերը չէին լինի առանց ՀՀ Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործուն աջակցության: Իրենց պահանջկոտությամբ հանդերձ, նրանք սատարում են մեզ, միայնակ չեն թողնում` դժվարություն ներին դեմ-հանդիման, նրանց աջակցությամբ մեր բոլոր ձեռքբերումները թվարկելն իսկ դժվար է: Դե, իսկ ճաշարանային համալիրը դարձյալ շարունակում է «հանդուրժել» սոցիալական հիմնադրամի անտարբերությունը` սպասելով նորոգման իր հերթին: * * * Հարուստ ավանդույթներ ու բարի համբավ ունեցող Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի անմխիթար վիճակը, բնականաբար, նույնպես չէր կարող անտարբեր թողնել սպորտկոմիտեին ու նրա ղեկավարին: Եվ այսօր արդեն, երբ հիմնանորոգման աշխատանքները կամաց-կամաց ավարտին են մոտենում, ոչ միայն Իշխան Զաքարյանը, այլ նաև դպրոցի տնօրինությունն ու մարզիչներն են ոգևորված: ԽՍՀՄ սպորտի վարպետ, ճանաչված մարզիչ Դեզդեմոնա Մկրտչյանը կարծես բոլոր մարզիչների անունից է հավաստիացնում, որ դպրոցի հանդեպ պետական այս հոգածությունը, հնարավորություն ընձեռելով հանդերձ, նաև խիստ պարտավորեցնում է մարզական նոր ձեռքբերումներով երախտահատույց լինել: Իսկ դպրոցի տնօրեն Սարգիս Գալստյանը հավելում է, որ մայիսի 2-ից սկիզբ առած շինաշխատանքները շատ շոտով կավարտվեն, և հոկտեմբերի 5-10-ի ընթացքում իրենք նորամուտ կնշեն: * * * Ի՞նչ է փաստում իրականությունը: Պետական հոգածության արդյունքում նորովի հառնում են մարմնակրթության մեր օջախները: Հանգամանք, որը ոչ միայն ոգևորում է մարզիկներին ու մարզիչներին, այլև նորոգում է հավատը, որ անտարբերության ախտը ոչ բոլոր պաշտոնյաներին է համակել: Բարեբախտաբար, ՀՀ սպորտկոմիտեի, նրա նախագահի և վերջինիս ծրագրերը սատարողների նախանձախնդրությունը ցանկանք մեր պետական բոլոր այրերին` հավաստիացնելով, որ ջանքերը երբեք զուր չեն կորչում, իսկ բարի ծրագրերի իրագործումը մեծագույն պարգև է նախ և առաջ դրանց հեղինակներին: