ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանն անկեղծ ու անմիջական զրուցակից է: Նրա խոսքը պարզ է, անպաճույճ, կենդանի, լի հույզերով: - Պարոն գեներալ, ի՞նչ կպատմեք ինքներդ Ձեր մասին: - Բանվորի հասարակ, ավանդապաշտ րնտանիքում եմ ծնվել: Ութ երեխա էինք, մեծ ընտանիք: Մեկս մյուսին նման չէինք բնավորությամբ: Ես չար էի, կռվարար, անհաշտ: Իմ մանկության խաղալիքը պարսատիկն էր: Վատ էի խփում, բայց սիրում էի ամեն ինչի նշան բռնել: Բարության իմ ըմբռնումր մի քիչ յուրահատուկ է: Անտեղի բարությունն ինչ-որ մեկին վնասում է, ի վերջո դառնում է չարիք: Ես կողմ եմ գիտակցված, արդարացի բարությանր: Ինձ բախտավոր մարդ եմ համարում, քանի որ դիրք ու հնարավորություն ունեմ շատերին օգնելու: Շատ ընկերներ ունեմ, լավ ընկերներ: Իմ ամենամեծ առաքինությունը մարդկանց սիրելու ունակությունն է: Զերծ եմ նախանձից, հավակնոտ չեմ: Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իմ թերություններն ունեմ: Չկարողացա սովորել «դիվանագիտության լեզուն»` մտածել մի բան, ասել մեկ այլ բան: Զգացմունքներս դժվար եմ զսպում: Անկախ այն բանից, թե ինչ կխոսեն մարդիկ իմ մասին, ինչ կերպար կհորինեն ինձ համար, կարևորը` պարտք չմնամ խղճիս, ու հոգիս խաղաղ լինի: -Անհնար է զրուցել Ձեզ հետ ու չհիշել Արցախյան պատերազմը: Ղարաբաղյան կարգավորումն այս օրերին ամենաշրջանառվող թեմաներից է` կապված Արցախի անկախության 15-ամյակի հետ: Եվ այսօր, ավելի քան երբեւէ, զգում ենք մեր հաղթանակի արժեքը: -Ազգը, կորցնելով պետականությունը, ապրելով օտարի իշխանության տակ, հետզհետե վարժվում է այդ կենսակերպին: Մենք` հայերս, այդպիսին չենք: Մենք չենք մոռանում նախնիների փառքը: Մեր ուժի, զորության, թող որ սակավ, բայց փառահեղ հաղթանակների տեսիլքը փոխանցում ենք սերնդեսերունդ: Ըմբոստությունը, ազատ, ինքնիշխան ապրելու պահանջը մեր արյան, մեր գենի մեջ է ու պայքարի է դրդում: Մենք հաղթեցինք, որովհետեւ կռվում էինք սեփական հողի համար, որովհետեւ մեզ համար թանկ է այդ հողի պատմությունը, որովհետեւ այդ հողը սրբացած է մեր ապուպապերի գերեզմաններով ու նրա համար իրենց կյանքը զոհաբերված քաջերի արյամբ: Որքան էլ ազերի զինվորին ներշնչեն, որ Ղարաբաղն իր հայրենիքն է, արյունն ու սիրտը չեն արձագանքելու: Հողի զգացողությունը որքան անբացատրելի, նույնքան խորն է եւ ուժեղ: Ես հպարտ եմ, որ այսօր ղարաբաղցին իր հողի վրա տուն է կառուցում, որ Ղարաբաղում հարսանիքներ են լինում, երեխաներ են ծնվում: Եվ սա Արցախը վաստակել է իր զավակների կյանքի ու արյան գնով, հանուն նոր սերնդի ապահով ապագայի: - Մենք հաղթեցինք պատերազմում, իսկ խաղաղության դաշտում տանուլ տվեցինք. այս կարծիքը հնչել է ամենաբարձր ամբիոններից, այս տեսակետն իշխող է ժողովրդի շրջանում: - Մենք ունենք անկախություն ու ազատագրված տարածքներ, եւ սա արդեն հաղթանակ է: Անկախությունն անվիճարկելի արժեք է բոլորիս համար: Մենք հաղթեցինք ազգի արժանապատվության եւ ազատության համար մղվող պայքարում, քանի որ գաղափարը նվիրական է: Իմ կարծիքով` ճիշտ չէ ամեն ինչ պայմանավորել նյութական պրոբլեմներով, խնդիրն ավելի շուտ բարոյական եւ բարոյահոգեբանական է: Իսկ խաղաղության դաշտում տանուլ տալու մասին խոսակցությունները միշտ էլ կլինեն, բայց փաստ է, որ ունենք անկախ եւ հզորացող պետություն, ինքնորոշված Արցախ: Այսօր արդեն 15 տարեկան անկախություն ունենք, պետություն եւ պետական հզոր բանակ, որը պաշտպանում է մեր ժողովրդին ու սահմանները եւ ազատամարտիկների բարձր պատրաստակամություն` անկախությունը, պետականությունը պաշտպանելու: Մեր պայքարն արդար է, դարաբաղյան հաղթանակը` հաստատուն: Թող մեր ժողովուրդը, հերոսներ ծնող ժողովուրդը, աշխատասեր ժողովուրդը վայելի իր ծնած հերոսների փառքը եւ միասնական լինի: Մեր միասնության մեջ է մեր երկրի ուժը: Մենք Անկախության այս տոնական օրերին սա ենք պատգամում սերունդներին: - Իսկ ո՞վ էր մեղավոր, որ պատերազմը հաղթանակած ազատամարտիկը չկարողացավ իր տեղը գտնել խաղաղության մեջ, մատնվեց անուշադրության, չգնահատվեց: Այսպիսով նսեմացավ նաեւ նրա սխրանքը, հայրենասիրությունը դարձավ երկրորդական արժեք: - Համաձայն չեմ: Ազատամարտիկները երբեք անուշադրության չեն մատնվել ոչ պետության, ոչ էլ հասարակության կողմից, եւ հայրենասիրությունը չի դարձել երկրորդական արժեք: Ես չեմ բացառում սխալներն ու վրիպումները, սակայն իշխանությունն ու ժողովուրդը միշտ էլ հնարավորությունների սահմանում սատարել են ազատամարտիկներին: Պատերազմից հետո մենք գոյատեւման խնդիրներ էինք լուծում: Հեշտ չէր: Երկրաշարժի հետեւանքները, շրջափակումը, փախստականների խնդիրները, կաթվածահար տնտեսութ յունը երկիրն օղակել էին զրկանք-կարիքի ճիրաններում, բայց մենք կարողացանք դուրս գալ օրհասից առանց էական կորուստների, առանց հող ու անկախություն զիջելու: Սա պակա՞ս հաղթանակ էր, ժամանակը կգնահատի ու շատ բարձր կգնահատի մեր ժողովրդի 20-րդ դարավերջի սխրանքը: Իսկ խնդիրները տարեցտարի լուծվում են: Դրա համար էլ միջոցներ են անհրաժեշտ, ժամանակ, համբերություն, ու դարձյալ միասնություն է անհրաժեշտ: - Ազատամարտիկների մի մասը պաշտոն ստացավ, մի մասը մտավ քաղաքականություն, իսկ մյուսները մնացին ձեռնունայն: Դա ճի՞շտ քաղաքականություն էր` Ձեր կարծիքով: Դա ինչո՞վ էր նպաստում օրհասից դուրս գալուն: - Ազատամարտիկներս տարբեր խավի, մտածելակերպի ու մտավոր կարողությունների մարդիկ էինք, մի՞թե հնարավոր էր բոլորին պաշտոն տալ կամ ստիպել, որ զբաղվեն քաղաքականությամբ: Մի՞թե սոցիալական արդարությունը կպահպանվեր, եթե պետությունը չօգտագործեր ազատամարտիկների որոշ մասի հնարավորությունները խաղաղ ժամանակ: Ազատամարտիկների նյութական խնդիրներն աստիճանաբար լուծվում են: Ազատամարտիկներն առաջին հերթին բարոյական աջակցության կարիք ունեն: Այսօր մենք պետք է աստվածացնենք ոչ միայն ընկած հերոսներին, այլև մեզ հետ ապրող, երկիրը շենացնող, պատերազմից վերքերով վերադարձած, սահմանում հաց ցանող ազատամարտիկին: Մենք պիտի հավատանք, որ այսօր շատերն են ունակ համախմբել ժողովրդի ցաքուցիր ուժն ու առաջնորդել մարտադաշտ, եթե հարկ լինի: Ազատամարտիկն այս երկրի քաղաքացին է ու տերը եւ պարտավոր է իր լուման դնել ոչ միայն երկրի պաշտպանության, այլեւ ցանկացած բնագավառում: - Ձեր խոսքից հետեւում է, որ խնդիրներ ունենք գաղափարախոսական դաշտում: - Ունենք: Լրատվամիջոցները պիտի ավելի շատ սատարեն ազգային խնդիրներին, ուղղորդեն հասարակական կարծիքը, միտքը, թելադրեն չափանիշները: Գոնե պետական քարոզչամեքենան պետք է ճիշտ ներկայացնի իրավիճակն ու կենսական կարեորություն ունեցող առաջնահերթությունները` զերծ ավելորդ զգացմունքայնությունից, սթափ, տրամաբանված: Մի օրինակ բերեմ. անկախության 15 տարիների ընթացքում մեր կորուստներից մեկն էլ արտագաղթն էր: Սակայն ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր այդ երեւույթի մասին խոսում են խուճապային տրամադրությամբ ու ողբերգական շեշտադրումներով: Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի մեջ կա մի խավ, որն հակված է արտագաղթելու: Դժվարին, ծայրահեղ իրավիճակներում այդ զանգվածը լքում է հայրենիքը, բարեկեցիկ պայմաններ է որոնում արտերկրում: Այդպես է եղել միշտ, բոլոր ժամանակներում: Պիտի շեշտել այն իրողությունը, որ մեր ժողովրդի հիմնական մասը, կորիզը ցանկացած իրավիճակում մնում է հողին կպած, իր տունը չի ծախում: Հենց նրանք են կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր հողը, մեր անկախ պետականությունը: Քամիները միշտ էլ զտում են ցորենը թեփից: Ցորենը մնում է տեղում, թեփը ցրվում է աշխարհով մեկ: Ինչպիսի վիճակ էլ լինի, երկրի տերը մնում է երկրում, տան տերը մնում է իր տանը եւ ծառայում է իր ընտանիքին ու ժողովրդին: - Երկրից հեռացել են նաեւ ճանաչված մարդիկ` մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, մարզիկներ: Ես կարող եմ բազում հռչակավոր անուններ նշել... - Որքան էլ հռչակավոր անուններ նշեք, ինչ հեղինակությունների էլ վկայակոչեք, փաստը մնում է փաստ, որ դժվարության ու դժբախտության մեջ գտնվող հայրենիքը լքողը, մեղմ ասած, անհավատ է: Եթե զավակդ կամ ծնողդ ցավի, կարիքի մեջ են, չես լքում նրանց, ընդհակառակը, եթե հեռվում ես, թողնում ես ամեն ինչ եւ օգնության ես հասնում: Չես ասում` կլավանաս` կգամ: Ինձ ցույց տվեք մի երկիր, որն իր անկախության կամ հասարակարգի փոփոխության ճանապարհն անցել է առանց դժվարությունների ու սխալների: Ամերիկայի պես երկիրը բազում պրոբլեմներ ունի` եւ° նյութական, եւ° մանավանդ` բարոյահոգեբանական, բայց դա չի նվազեցնում շարքային ամերիկացու հպարտությունը` որպես պետության քաղաքացու: Մեզ այդ պատասխանատվությունն ու հպարտությունն է պակասում: Եթե որոշ մարդիկ, հատկապես արվեստի, մշակույթի, գիտության բնագավառի մարդիկ դուրս են գալիս երկրից իրենց կարողություններով նոր հաջողությունների հասնելու, նոր նվաճումների հասնելու, սա հասկանալի է, որովհետեւ նրանք որտեղ էլ լինեն, էլի հայ են ու հաղթանակած վերադառնալու են հայրենիք: - Իսկ զինվորի՞ց... գո՞հ եք այսօրվա զինվորից: -Առանց մտավախության մեր զինվորի հետ մարտի կգնամ ու համոզված եմ, որ նա կհաղթի եւ° ոգու ուժով, եւ° գործի վարպետությամբ: Ինչպիսի շրջադարձեր էլ տեղի ունենան միջազգային արենաներում, բարձր է մեր բանակի մարտունակությունը եւ ապահովված է անհրաժեշտ զինատեսակներով: - Իսկ ո՞ր հրամանատարին եք լավ հրամանատար համարում: -Այն հրամանատարին, որը կարգապահ է, խստապահանջ եւ պահպանում է համազգեստի պատիվը, որի զինվորն արժանապատիվ կեցվածք ունի եւ, հետեւելով հրամանատա րին, հպարտությամբ է կրում համազգեստը: Անկախ մարդկային որակներից, համազգեստ կրող պատանին պիտի ժառանգի նաեւ այն պատիվն ու հարգանքը, որին արժանի է հայկական բանակի զինվորական համազգեստը: Միայն այդ դեպքում զինվորն ինքն էլ կհարգի իր համազգեստը, կգիտակցի իր ահռելի պարտքն ու պատասխանատվությունը: Զինվորի հպարտությունը նրա հայրենիքի եւ ծնողի, օջախի պաշտպանության մեջ է, որն ունեն հայ զինվորն ու հրամանատարը: Անկախ պետության բանակի զինվորի համազգեստ հագնելը պատիվ է: Եվ այսօր, օգտվելով առիթից, ցանկանում եմ առաջին հերթին Անկախության տոնի առթիվ շնորհավորել հայրենի սահմանները պահող զինվորներին, աշխարհասփյուռ հայերին, Արցախի խրոխտ հայությանը, ողջ հայ ժողովրդին` հավաստիացնելով, որ միասնականությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը մեզ կհասցնի ժողովրդի ու պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ու լիակատար հաղթանակների: