Անսովոր դիմակահանդես


Հայաստանի Նկարչի տունը բարենորոգվելուց հետո սկսում է ապրել ցուցահանդեսային ակտիվ կյանքով: Երեք ցուցասրահներից յուրաքանչյուրում միաժամանակ ներկայացվում են գեղագիտական մտածողության երեք միանգամայն տարբեր արտահայտությունների համապատկեր հավաքածուներ: Գեղարվեստի առումով ամենաարժեքա վորն, իհարկե, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործություններն են: Գեղարվեստական լուսանկարչության և Եկատերինա Ռոժդեստվենսկայայի աշխատանքների միջև նմանության եզրերն ակնհայտ են անզեն աչքով: Վերջինների ուշագրավ տարբերիչ հատկանիշը հիմնականում այն է, որ հանրաճանաչ բանաստեղծի դուստրը հայտնի մարդկանց պատկերելու անսովոր հնարք է բանեցրել` նրանք ներկայացվում են Վելասկեսի, Վան Գոգի, Կրամսկոյի, Ռեպինի, Սարյանի, Պիկասոյի և ուրիշ հռչակավոր նկարիչների վրձնած հերոսների կաղապարներում: Մանրակրկիտ ճշգրտությամբ վերարտադրելով ընտրված կտավը` Ռոժդեստվենսկայան հանրահայտ քաղաքական գործիչներին, դերասաններին, մտավորականներին, երգիչ-երգչուհիներին երբեմն այնպիսի հնարամտությամբ է ներմուծում ստեղծված միջավայր, որ դիտողը անմիջապես չի նկատում մեծադիր դիմանկարի ու կից վերատպության հերոսների փոփոխումը: Առաջին հայացքից գրեթե ոչնչով չեն տարբերվում Ելենա Օբրազցովան` Իվան Բաժենովի Օրլովա-Չեսմենսկայա դքսուհուց, Լյուդմիլա Գուրչենկոն` Պիկասոյի աբսենթի սիրուհուց, Անտոն Մակարսկին` Սարյանի Շչուկինից, Ռոքսանա Բաբայանը` Տուլուզ-Լոտրեկի Բերտա Բադիից, Յուրի Լուժկովը` անհայտ նկարչի Միխայիլ Լոմոնոսովից, Գեորգի Մովսիսյանը` Էլ Գրեկոյի Դիեգո դը Կովարուբիասից, Յուրի Լյուբիմովը` Վան Գոգի պապաշա Տանգիից… Արտաքին նմանության մանրադետալ պահպանման առաջնահերթությամբ զգալիորեն տուժել են պատկերվող հերոսի կերպարային բնութագրականությունը, մարդկային նկարագրի խորքային բացահայտումը: Երբեմն ճնշող է դեկորատիվության կնիքը: Այդուհանդերձ, Եկատերինա Ռոժդեստվենսկայայի կտավի վրա արված համակարգչային տպագրության 91 լուսանկար չական գեղարվեստաոճ աշխատանքների ու դրանց բնօրինակների վերատպությունների համադրությամբ, նորաբաց «Մասնավոր հավաքածու» անհատական այս ցուցահան դեսի այցելուները շուտով իրենց զգում են անսովոր մի դիմակահանդեսում, որին, անճանաչելիորեն վերափոխված, ասես մասնակցում են նաև Սոֆիա Ռոտարուն և Իրինա Ալֆյորովան, Անդրեյ Մակարևիչն և Ալեքսանդր Շիրվինդտը, Սերգեյ Յուրսկին և Վենիամին Սմեխովը, Ալեքսանդր Շիլովն և Միխայիլ Բոյարսկին, Բոգդան Ստուպկան և Վալերի Զոլոտուխինը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ