ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԼԵՖ


 

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են մեր քաղաքական գործիչները, կուսակցապետերը: Անգամ` մոռացության մատնված «դեմքերը», ովքեր ընտրությունները վերհառնումի ու քաղաքական վերակենդանացման միջոց են համարում: Նրանք երևում են հեռուստաէկրաններին, տարբեր ասուլիսների սրահներում, ջանադրաբար կուրծք են ծեծում` ժողովրդի աչքին «պուպուշ» երևալու համար: Տառապելով քաղաքական ամնեզիայով` մի ողջ ժողովրդի կամենում են տանել դեպի այս ամնեզիան` մոռացության տալու համար իրենց իսկական դեմքն ու նկարագիրը, ձախավերության դատապարտված իրենց գործունեությունը: Հենց սրանք են ծնունդ տալիս մի իրավիճակի, որին կարող ենք նաև դեժավյու կոչել` առավել «ռելիեֆ» ներկայացնելու համար ամեն ինչ: Անցած ուրբաթ գիշեր դեժավյուի «հրաշալի» օրինակ ցույց տվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` արդեն իսկ բացելով հոգեհարազատ պոպուլիզմի «պարկը»:

Գիտենք, որ կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե սևեռվել ենք ՕԵԿ-ին, թե կարծես այլ կուսակցություններ ու թեմաներ մեզ չեն հետաքրքրում: Սակայն սա թյուր պատկերացում կարող է լինել, քանզի քաղաքական կամ լրատվական դաշտում ի հայտ եկող ամեն ինչ մեր ուշադրության կենտրոնում է: Մենք, իհարկե, առանձնակի հաճույք չենք զգում` գրելով քաղաքական անշնչության վերածված այս կուսակցության մասին: Սակայն հենց այս կուսակցության գործիչներն են անընդհատ թեմաներ «հուշում»` պարտադրելով ոչինչ չմոռանալ և ոչ մեկի չմոռանալ: Անտարակույս, գոյություն ունի ջրբաժան այս կուսակցության պատմության մեջ. մինչև 2006 թվականը մենք ունեինք իշխանական կերատաշտի մի «հանգրվանը» սեփականած կուսակցություն, որը, սակայն, հանդես էր գալիս որպես կառուցողական ուժ, ակտիվ մասնակցություն բերում օրինաստեղծ գործունեությանը, նախաձեռնում մի շարք օրենքներ և օրենսդրական հոդվածներ, որոնք, անշուշտ, լուրջ ներդրում եղան մեր երկրի կյանքում: 2006-ից հետո ՕԵԿ-ին հանձնարարեցին ընդդիմություն խաղալ, ինչն էլ այս կուսակցության առաջնորդի վարկանիշը բարձրացրեց, ոգևորեց շատերիս: 2008-ից հետո մենք ունեցանք մի այլ «Օրինաց երկիր», որի ներկայացուցիչները դիմակները պատռեցին և բացահայտեցին իրենց անհագ իշխանատենչությունն ու կարիերիզմը, արծաթասիրությունը... Այսօր արդեն «Օրինաց երկիրը» Հանրապետականի կցորդն է` անդեմ ու անսկզբունք: Փոխարենը` հարստացած առաջնորդներով ու մի շարք կուսակցականներով:

Այս ամենը լղոզելու, հանրության աչքերին թոզ փչելու համար էլ Արթուր Բաղդասարյանը, ում հետ մի ժամանակ մենք էլ միամտաբար հույսեր ենք կապել, հավատացել, նրան համարել եվրոպական տիպի առաջնորդի օրինակ` Նվեր Մնացականյանի վարած հաղորդման ընթացքում անընդհատ վերադառնում էր մինչև 2006 թվականը` մոռանալով, որ կյանքն առաջ է գնացել, որ մարդիկ դատում են ոչ թե հեռավոր անցյալի, այլ առկա իրավիճակի դիրքերից:

Հիշեցնելով ապօրինի շինությունների սեփականաշնորհման, բանկերում ավանդադրված գումարների կիսատ-պռատ ու երբեմն էլ անարդար վերադարձման, սոցիալ-կրթական ու մշակութային շինությունների ապապետականացումը կանխելու մասին անցյալի նախաձեռնությունները, ՕԵԿ առաջնորդը փորձում էր հանրությանը դուր գա ներկայում: Նա չէր կամենում խոսել այն մասին, թե ինչպես ձևավորվեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Եթե ազնիվ ու անկեղծ լիներ, ապա կասեր, որ այս ցուցակից դուրս մնացին կուսակցությանն իսկապես նվիրված մարդիկ, կամ էլ նրանք հայտնվեցին 131 անունից բաղկացած ցուցակի վերջին տեղերում: Կասեր նաև, որ իր ձեռամբ պաշտոններ էին ստանում կիսագրագետ, միայն իրեն քծնելու պատրաստակամությամբ տոգորված մարդիկ: Կասեր գուցե, թե ինչպես պատահեց, որ նախարարներ դարձան կա´մ մտերմագույն ընկերները, կա´մ էլ Գերասիմ Ալավերդյանի նման «պատահականությունները», ովքեր առավել վարկաբեկեցին, հեղինակազրկեցին կուսակցությունը: Երևի Արթուր Բաղդասարյանը չէր մոռանա և կասեր, որ իրեն շրջապատելով ամենաշատը 10 կուսակցականով` մշտապես արհամարհել է կուսակցության ինտելեկտուալ շերտը կազմող մարդկանց: Նա մտավորականներին և չունևորներին չի սիրում, այդ պատճառով էլ նրանք այս կուսակցությունում չեն կարող դառնալ կառույցի ղեկավար ու քաղխորհրդի անդամ, չեն կարող օգտվել բարեհաճ վերաբերմունքից:

Արթուր Բաղդասարյանի համար մեծագույն ինտելեկտուալը Հեղինե Բիշարյանն է` ուրիշի կողմից գրված թեկնածուական ատենախոսությամբ: Եթե այդ տիկնոջը հարցնես Խրիմյան Հայրիկի մանկավարժական հայացքների մասին` գրադարակից մի թուղթ կհանի ու գիրկապ անելով` հազիվ կներկայացնի մի քանի կցկտուր նախադասություն... Այս ամենի մասին Արթուր Բաղդասարյանը լռեց:

Լռեց նաև այն մասին, թե ինչպես էր իր կուսակցության «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի լրագրողներին վճարում ընդամենը 25 հազար դրամ աշխատավարձ` այսպես ծաղրելով ու ծանակելով նրանց: Մի քանի ամիս այս լրագրողներին աշխատավարձ չվճարելով` նրանց հասցրեց աղքատության: Մարդիկ ստիպված էին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց տալ, պատմել ճշմարտությունը: Օրենքի երկիր կառուցող մարդը ՀՀ քաղաքացիներին զրկում էր օրինական վարձատրությունից: Ու երբ շատերն իրենց վերջին խնայողություններն էին ծախսում` Արթուր Բաղդասարյանը հարստանում էր:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ երկիր օրինաց կառուցողը հանկարծ դարձավ օլիգարխ, ձեռք բերեց «Արմենո» խանութների ցանցը, Ջրվեժում հյուրանոցառեստորանային համալիր, «Աստորիա» վատահամբավ հյուրանոցը, «Հայասի» գինու գործարանը... Հետաքրքիր է, ո՞ւր է նայում Էթիկայի հանձնաժողովը:

Հաղորդման ընթացքում ներկայացված մյուս նախընտրական բլեֆը կուսակցության գրասենյակների թիվն էր` 350: Հավանաբար, երազում է այդ թիվը տեսել Արթուր Բաղդասարյանը կամ էլ հայտարարում է` տպավորություն գործելու համար: Որտե՞ղ են այդ գրասենյակները... «Պոտյոմկինյան գյուղերի» նման հառնող դատարկ տարածությունները երբեք չեն կարող գրասենյակներ կոչվել: Հա, մոռացա, Երևան-Սպիտակ ճանապարհին, կարծեմ Ռյա թազա գյուղի մոտակայքում, մի լքված տնակ կա, որի մոտ իրենց բնական կարիքներն են հոգում արոտից տուն դարձող անասունները. ա´յ, դրա վրա «Օրինաց երկիր» ցուցանակը կա: Գուցե դա էլ է մտնում 350 թվի մեջ:

ՕԵԿ նախագահը հայտարարեց, թե կուսակցության անդամների թիվը 120 հազար է: Հնարավոր է, եթե հավատանք, որ 150 տեղանոց դահլիճում կարելի է 500 հոգի տեղավորել: Դեռ 2011-ի դեկտեմբերի վերջերին հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ ցուցադրվեց, որը ներկայացնում էր Գյումրիում մի նեղլիկ դահլիճ, մինչդեռ կուսակցապետը հայտարարեց, թե 500 հոգի այստեղ անդամատոմս է ստանում:

Նախընտրական բլեֆների, իհարկե, դեռ շատ կհանդիպենք, շատ կտեսնենք քյոռօղլիների ու քաջնազարների: Պարզապես պետք է զգոն լինել` չխաբվելու և չմոլորվելու համար:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ