Ինչո՞ւ անջատ-անջատ


2002-ին ստեղծված «Վիրահայերի միասնություն» հ/կ-ն գտնում է, որ վիրահայությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ Հայաստանի քաղաքական որոշ ուժերի շահարկումների և վիրահայ համայնքների հատվածական գործելաոճի պատճառով էական լուծումներ չեն ունենում, ուստի այս տրամաբանությամբ էլ միացյալ ջանքերը համակարգող և նպատակաուղղող հ/կ-ն պատրաստակամ է գործակցելու կառուցողականություն դավանող հասարակական-քաղաքական բոլոր ուժերի և անձանց հետ, ովքեր կիսում են վիրահայերի հոգսերը: - Մենք այս առումով լուրջ հաջողությունների ենք հասել, քանի որ ունենք բազմահազարանոց թիմ,- ասում է հ/կ-ի համանախագահ Տաճատ Վարդապետյանը,- մեր կազմակերպությու նը զբաղված է բոլոր կառույցների միավորմամբ: Ի դեպ, վիրահայության խնդիրներով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք գործում են անջատ-անջատ, այնինչ, դրանց բոլորի համախմբումը և միասնական ցուցակով ընտրություններին գնալը, թերևս, նպաստեր ԱԺ-ում ունենալ իրենց ներկայացուցիչը: Օրինակ, ինչո՞ւ չմիավորվել «Հզոր հայրենիք» կուսակցությանը: Այս առաջարկն ամենևին Տաճատ Վարդապետյանի սրտով չէ: - Չե°մ ընդունում, ինչո՞ւ հենց «Հզոր հայրենիքը»: (Ակնհայտ էր, որ նրանց միջև սև կատու էր անցել): Պարզվում է, որ` «Վիրահայերի միասնություն»-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելու է ՀՀԿ-ին, թեև 2003-ին նման մտադրություն չեն ունեցել, իսկ թե ինչո՞ւ` հ/կ-ի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը հիմնավորեց այսպես. - Նախ, հասարակական կազմակերպությունն ընտրություններին չի կարող մասնակցել, իսկ ՀՀԿ-ի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը գալիս են հեռվից: ՀՀԿ-ն միշտ էլ ակտիվ և սրտացավ մոտեցում է դրսևորել վիրահայության նկատմամբ: Պետք է խոստովանել, որ այդ կուսակցության գաղափարական ուղղվածությունը` նժդեհյան ցեղակրոնությունը, հոգեհարազատ է մեր շահերին: Եվ հետո վստահ ենք, որ ՀՀԿ-ն մեծ թիմով մտնելու է խորհրդարան: Այո, նժդեհյան գաղափարախոսությունը կարող է նպաստել վիրահայերի ծայրաստիճան լարված խնդիրների լուծմանը: Սակայն Տաճատ Վարդապետյանը, կարծես, դժվարանում է հիմնավորել այս իրողությունը: Այդ հարցին նրա պատասխանն ավելի շատ անտեղյակ մարդու արտաբերած ձևակերպում էր. - Դե, նժդեհականությունը,-... Նժդեհը մեծ փիլիսոփա է, մեզ համար ընդունելի ու գնահատելի են նրա գաղափարները: Ըստ Տաճատ Վարդապետյանի` վիրահայերը 400 հազար են, բայց. - 400 հազարն ամբողջական ընտրազանգված չէ, մենք հավակնում ենք ոչ պակաս 150 հազարանոց էլեկտորատի: Թեև Վրաստանի խորհրդարանում ջավախքցի 5 պատգամավորների ներկայությունը ինչ-որ չափով նպաստել է վիրահայության որոշ խնդիրների լուծմանը, սակայն այդ երկրի ներկայիս քաղաքական անկայուն իրավիճակը պարտադրում է անորոշության մեջ դեգերող վիրահայության հույսը կապել Հայաստանի հետ: Հայրենիքն, իհարկե, չի հրաժարվի սփյուռքաբնակ իր զավակներից: Սակայն 400 հազար վիրահայերի շրջանում չկա՞ն իրենց իսկ շահերը պաշտպանելու ունակ անհատներ: Չէ՞ որ Նժդեհը նաև պատգամում էր սեփական ուժերին ապավինել:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ