Աշխարհի ուշադրության կիզակետում


Թվում էր` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի գազային գործարքի կնքումով վերջ կդրվի Ռուսաստանը շրջանցող գազատարի` Նաբուկոյի մասին խոսակցություններին: Սակայն քիչ, շատ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի Միացյալ Նահանգների դրդմամբ Եվրամիության` թվով չորս պետություններ Թուրքիայի հետ միջպետական համաձայնագիր ստորագրեն հիշյալ գազատարի կառուցման մասին: Ըստ այդմ, Նաբուկոն ունենալու է 3300 մ երկարություն և շահագործման կհանձնվի 2014 թվականին: Դրա կառուցման համար Եվրամիության 4 պետությունները պետք է ծախսեն 8 մլրդ եվրո: Ի՞նչ է սա. տնտեսական-քաղաքական արկածախնդրությո՞ւն, թե՞ տնտեսական լուրջ հաշվարկ: Չէ՞ որ Ադրբեջանի հետ տնտեսական առումով ոչ շահավետ գազային գործարքը` 1000 խմ-ի դիմաց 350 ԱՄՆ դոլար Ռուսաստանը կնքել էր միայն նպատակ ունենալով թույլ չտալ, որ իրեն շրջանցող գազմատակարարող գազատարը կառուցվի: Ադրբեջանը կունենա՞ այնքան գազ, որ սպասարկի և° հյուսիսային հարևանի հետ կնքած գազային պայմանագիրը, և° Եվրամիությանը: Եթե հավատանք Իլհամ Ալիևի լոնդոնյան հայտարարություններին, ապա` այո°, Ադրբեջանն այսօր այդ նպատակի համար պահանջվող գազի չափաքանակն ունի: Ըստ Ալիևի, մոտ ժամանակներս Ադրբեջանում շահագործման կհանձնվեն ևս երկու հորատանցքեր, որոնք թույլ կտան զգալիորեն ավելացնել այսօր արտահանվող գազի չափաքանակը: Ադրբեջանի նախագահը հավաստիացնում է, թե իր երկրի գազային պաշարները կբավարարեն 100 տարի: Ուշադրություն դարձնենք, որ այս մասին Ալիևը հայտարարել է Հայաստանի նախագահի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ մոսկովյան հանդիպումից մի քանի օր առաջ: Հայտարարության օրն էլ պատահաբար չէր ընտրված: Այսպիսով, Ալիևը, կարծես, մի կրակոցով երկու թիրախի խոցելու փորձ է անում: Նախ, ցանկանում է վստահեցնել Եվրամիությանը, որ վերջինս չի սխալվել` ստորագրելով 8 մլրդանոց Նաբուկոյի կառուցման պայմանագիրը, ինչպես նաև հերթական անգամ համոզել Մինսկի խմբի ամերիկացի և եվրոպացի համանախա գահներին, որ Ղարաբաղի հարցում իր կողմը բռնելով, չեն սխալվի: Ի դեպ, Նաբուկոյի կառուցման միջպետական հիշյալ` 8 միլիարդանոց փաստաթղթի ստորագրման մասին տեղեկատվությունից շատ չանցած, տեղական որոշ վերլուծաբան ներ շտապեցին իրենց «ծանրակշիռ» գնահատականը տալ` չարախնդալով, թե Հեյդարօղլին փորձում է իր դեմքը փրկել: Նման տիպի վերլուծությունները, ցավոք, հիշեցնում են անցյալ դարի 90-ականները, երբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ընդամենը քննարկման թեմա էր: Այն ժամանակ էլ եղան վերլուծաբաններ, ովքեր շտապեցին հանգստաց նել, թե Ադրբեջանի նավթային պաշարներն այսօր սպառվելու վրա են և չարժե անհանգստանալ, որ իր նավթով Բաքուն կարող է սիրաշահել Արևմուտքին: Այնուամենայնիվ, նավթատարը շահագործման հանձնվեց, և նավթադոլարները հոսեցին Ադրբեջան: Իսկ ի՞նչ կարող է հակադրել Հայաստանը Ադրբեջանին` նրան Նաբուկոյի տված կամ տրվելիք տնտեսական ու քաղաքական շահաբաժինները հավասարակշռելու համար: Թերևս, այդ հարցում ամենազորեղ կռվանը Հայաստան-Իրան կառուցվելիք երկաթուղին լինի: Դրանով առավել գործնական կարող են դառնալ Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմաքաղաքական վեկտորը և տնտեսական կապերը: Ի դեպ, այն տարածաշրջանային առումով կարող է նաև որոշիչ դեր խաղալ, եթե հաստատվեն առայժմ ոչ պաշտոնական այն լուրերը, թե Վրաստանը մտադիր է իր երկաթուղին վաճառել Ռուսաստանին: Այս լրատվությունը շատ համարձակ կարող է թվալ, եթե հաշվի ենք առնում ոչ հեռավոր անցյալի` ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած այս տեղեկատվության համաձայն, Վրաստանի հիշյալ մտադրության իրականաց ման կնքահայրը Հայաստանն է: Այս տեղեկատվության օգտին կարող է խոսել վերջերս Սահակաշվիլու Երևան կատարած պաշտոնական այցը և այստեղ նրան ցույց տրված բարձր մակարդակով ընդունելությունը: Իսկ Վրաստանի այս մտադրության իրականացման դեպքում աբխազական երկաթուղու վերագործարկումն արդեն օրերի խնդիր կդառնա: Եվ այս պարագայում Ադրբեջանի էներգակիրները կարող են ծառայել միայն տարածաշրջանում Ադրբեջանի` զուտ որպես հումքային կցորդ հանդես գալու օգտին: Այս ամենը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա: Անցած շաբաթվա վերջին օրերին Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասաց, թե հիմնարար սկզբունքների հարցում, որքան մոտենում են երկու նախագահների տեսակետները, այնքան դժվարանում է դրանց դետալների խնդրում կողմերի դիրքորոշումների համաձայնեցումը: Ըստ էության, Ֆասիեն հաստատում է Մադրիդյան սկզբունքների մասին վերլուծաբանների ու քաղաքագետների գնահատականները, թե խնդիրը, վտանգները ոչ թե հիմնարար սկզբունքների, այլ դրանց իրագործման ձևերն ու «երթուղին» համաձայնեցնելու մեջ է թաքնված: Այստեղ կարևորվում է նաև հարցը, թե ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները, հատկապես Միացյալ Նահանգները, բանակցային այս փուլում գաղտնազերծեցին հիմնարար սկզբունքների փաստաթուղթը: Այս մասին հիշատակվող վարկածներից ամենաէականը, թերևս, այս հարցում Թուրքիայի գործոնի հիշատակումն է: Չմոռանանք` Սերժ Սարգսյանը հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ է սահմանել, ասելով, թե Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը դիտելու կգնա հավանաբար արդեն բացված սահմանով: Այդ օրը յոթ սարի հետևում չէ: Իսկ Թուրքիայի նախագահն ու վարչապետը առիթը բաց չեն թողնում ասելու, թե սահմանը կբացվի, եթե ղարաբաղյան հարցում ինչ-որ առաջընթաց երևա: Ահա, հենց այս առաջընթացը ցույց տալու համար էլ համանախագահները գաղտնազերծեցին Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը` հնարավորություն ընձեռելով Միացյալ Նահանգների դաշնակից Անկարային իր խոստումը կատարելու համար: Ինչպես ասում են` այսպիսով Ամերիկան իր դաշնակից Թուրքիայի երեսը պարզ արեց: Հարավային Կովկասում լրջագույն, աշխարհաքաղաքական նշանակության գործընթացներ են զարգանում, և տարածաշրջանն իրոք հայտնվել է Ռուսաստանի, Արևմուտքի ու Եվրամիության ուշադրության կիզակետում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ