Ուրիշ ովքե՞ր, եթե ոչ` մտավորականները


ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆՆ այն եզակի գործիչներից է, ով խորհրդային տարիներին լինելով բարձրաստիճան պաշտոնյա, բավական տեղեկացված է երկրի անցյալի և ներկայի խնդիրների մասին: Միամտություն կլինի կարծել, որ ներկայիս իշխանությունների կողմից նա կարող էր անտեսված լինել, կամ, ասենք, զրկված լիներ որևէ ցուցակով պատգամավորական աթոռ զբաղեցնելու հնարավորությունից: Բայց փաստն այն է, որ ՀԴԿ նախագահն ընտրեց այլ ուղի: Նա նաև Հայաստանի Մտավորականների խորհրդի ներկայացուցիչ է. կառույց, որն ապաքաղաքական է և զբաղված է երկրի առջև ծառացած խնդիրները վերլուծելով և դրանք լուծելու ուղիները հուշելով: Ներկայիս սոցիալ-տնտեսական աճող լարվածության պայմաններում, սակայն, տպավորությունն այնպիսին է, որ կամ մեր մտավորականները բավական դանդաղ են շտապում, կամ էլ այնքան մտահոգ են, որ «օֆ»-ից բացի այլ ձայն չի հասնում հասարակությանը: Այս խորհրդավոր «լռությունը» խախտելու նպատակով էլ «Ավանգարդ» -ը զրուցեց Արամ Սարգսյանի հետ` պարզելու, թե երկրի շարժիչ ուժը հանդիսացող մտավորականների հավաքական միտքը երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք է տեսնում:

- Այս օրերին, երբ հասարակությունն ակտիվ պայքարում է իր սոցիալական խնդիրները լուծելու համար, մտովի վերհիշում ենք 1988-ը: Եվ ակամա հարց է ծագում` այն օրերի մտավորականներն արդյո՞ք այսօրվա Հայաստանն էին երազում: Այլ կերպ ասած` ի՞նչ էինք ուզում ունենալ և ի՞նչ ունենք այսօր:

- Մենք ընդդիմություն ենք եղել ՀՀՇ-ի կառավարման տարիներին և 1998 թ. ՍԻՄ կուսակցության հետ միասին Ռոբերտ Քոչարյանին առաջարկեցինք քաղաքական, իրավական և բարոյական գնահատական տալ նախորդ իշխանության գործունեությանը:

Ոչ թե արյուն էինք պահանջում, այլ ուզում էինք, որ մի շատ կարևորագույն ստանդարտ ընդունվի մեր կյանքում` պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչը նրանք իրականացրել էին իրենց կառավարման տարիների ընթացքում: Մենք բացահայտ ասում էինք, որ ոչ թե բոլորին պետք է գնդակահարել, այլ` հասկանալ, թե ի՞նչ արեցին, ինչո՞ւ արեցին, և ի՞նչ ստացվեց: Ցավոք, այն ժամանակվա նախագահն ինձ ասաց, որ եթե այդպես վարվենք, ապա ամբողջ երկրով մեկ կախաղաններ պետք է լինեն: Իրականում դրա կարիքը չկար, պարզապես երկրում ստեղծված իրավիճակի համար պետք է պատասխանատվություն կրեին դրա մեղավորները: Մեր այդ պահանջի հիմքում այն մտայնությունն էր, որ տրվեր քաղաքական և իրավական գնահատական, ինչը հաջորդ իշխանությանը կհուշեր, որ իր հետ նույնն է լինելու, եթե իրենք էլ նման ձևով շարժվեն:

Ինչո՞ւ երկրորդ նախագահը նման որոշում կայացնելու վճռականություն չունեցավ:

- Միգուցե հասկանալով, որ իրենք էլ են այդպիսին… Առաջ եկան այսպես կոչված օլիգարխները, ովքեր առաջին 7 տարվա ընթացքում տղայական, կոպիտ, գողական բարքերով երկիրը թալանեցին, վաճառեցին, սեփականաշնորհեցին, իսկ մյուս տարիներին արդեն ձևավորեցին օլիգարխիկ համակարգը: Նրանք այս աղքատ երկրում դարձան միլիոնների և միլիարդների տերեր:

- Այստեղ գուցե տեղին է հիշել հայտնի դարձած հետևյալ արտահայտությունը` ուզում էին ավելի լավ, բայց ստացվեց` ինչպես միշտ:

- Խնդիրը միայն ցանկանալը չէ: Նույնիսկ վերջին վեց ամիսների ընթացքում մեր հիմնած Մտավորականների խորհուրդը մի շարք հայտարարություններով է հանդես եկել, մի շարք առաջարկներ է արել: Մասնակցել ենք նաև «Տնտեսական օրակարգ» համաժողովին, որը հրավիրել էլ վարչապետը: Այնտեղ մենք բավական կարևոր հարցեր արծարծեցինք, որոնց, սակայն, ոչ մի ընթացք չտրվեց:

Ի՞նչ խնդիրներ էին դրանք:

- Մտավորականների խորհրդի անդամների կարծիքով ձևավորվել է անընդունելի մի համակարգ, որը պետք է վերափոխել: Ավելին, ընդհանրապես պետք է դրանից հրաժարվել և ձևավորել նորը: Իմ կարծիքով երրորդ Հանրապետությունն իրեն ամբողջովին սպառել է, և որպեսզի կարողանանք առաջ շարժվել, պետք է սկսենք ձևավորել նոր` չորրորդ Հանրապետությունը:

Ըստ Ձեզ, այս իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լինի չորրորդ Հանրապետությունը:

- Մեր կարծիքով կյանքի որակը պետք է դառնա բոլոր ծրագրերի հիմնաքարը: Այսօր որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ո՞ր ստանդարտների համաձայն ենք մենք առաջ շարժվում: Այսօր նույնիսկ չեն հայտարարում, թե սպառողական զամբյուղի պարունակությունն ինչ է և ինչքան է կազմում: Չեն ասում, որովհետև գիտեն, որ դա խայտառակություն կլինի: Այստեղ մի պարադոքս կա: Ասել, որ գործող իշխանությունները չեն կարող` այդպես չէ, բայց ինչպե՞ս է, որ չեն կարողանում ներքին կյանքում էլ նույնքան բարձր կազմակերպվածություն դրսևորել, ինչպես արտաքին հարաբերություններում է ստացվում:

Գուցե պատճառն այն է, որ բոլորն իրար հետ կապված են քավոր-սանիկական բարեկամական «շղթաներով», որն էլ թույլ չի տալիս ավելի վճռական գործել, քանի որ ինչ քար էլ նետեն, միևնույնն է, դարձյալ իրենց է դիպչելու:

- Ամեն ինչ պայմանավորված է երկրում ձևավորված կառավարման համակարգով: Դրա համար էլ ասում ենք, որ այդ համակարգը մեզ համար ընդունելի չէ: Խնդիրն այն է, որ ոչ թե չեն կարող, այլ` չեն ուզում: Որովհետև այս համակարգն իրենց ստեղծածն է, որի շրջանակներում էլ իրենք հասել են նման կարիերային և ֆինանսական հաջողության: Հոգևորը այստեղ չկա ընդհանրապես, իսկ պետական շահը շատ քիչ է: Ամեն ինչ կարողանում են բացատրել` և´ արտագաղթի աճող տեմպերը, և´ տնտեսության ու գյուղատնտեսության անկումը: Բայց արդարացնելը քիչ է: Պետք է հասկանալ, թե ինչպես շտկել իրավիճակը: Պետական պարտքը, որն արդեն 5 միլիարդից անցել է, 0 արդյունավետություն ունի երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վրա, քանի որ որևէ գումար չի գնացել երկրի իրական զարգացման ուղղութ յամբ:

Դուք օրինակներ եք նշում, իսկ երկրի գլխավոր դատախազն ասում է` եթե փաստեր ունեք, ներկայացրեք: Մի կողմից` կարծես թե բոլորն ամեն ինչ գիտեն, բայց միևնույն ժամանակ` ոչ ոք ոչինչ չի տեսել, ու փաստեր էլ չկան:

- Ես պրոֆեսիոնալ լրագրող եմ եղել, և երբ ասում էին փաստեր բերեք, ես ասում էի` ես երևույթի մասին եմ ասում, իսկ փաստերը ձեր ձեռքի տակ են: Այսինքն, երկիրն ունի Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Դատարան, վերահսկող մարմիններ: Ի՞նչ է նշանակում` հասարակությանն ասել փաստեր բերեք: Ի՞նչ է 37 թի՞վ ենք սարքելու, որ նորից մարդիկ սկսեն իրար դեմ ամբաստանագրեր գրել:

Ինչո՞ւ ոչինչ տեղից չի շարժվում:

- Ագահություն կա: Եթե պատքեր են կուտակվում, ապա հարց է առաջանում` ինչպե՞ս են կուտակվում, ինչո՞ւ, ո՞ւմ գրպաններն են դրանք գնում և ո՞ւմ թողտվությամբ: Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի սակագնի իջեցման հետևանքով միայն 2014 թ. 104 մլն դոլար պակաս է ստացել, իսկ վառելիքի գծով` 48 մլն դոլար: Նույն սկզբունքը գործելու է մինչև 2015 թ. դեկտեմբեր: Հիմա հարց է առաջանում, թե Ռուսաստանի նվիրած այդ գումարները ո՞ւր են գնում:

Լավ, իսկ այս ամենի վերջն ի՞նչ պետք է լինի, ո՞րն է այն ռացիոնալ հատիկը, որը մարդու մոտ պետք է առաջընթացի հույս արթնացնի: Կուսակցություն ները մի տեսակ իրենց սպառել են, փոխարենը զարգացում է ապրում քաղացիական հասարակությունը: Նրանք կարողացան անել ավելին, քան բոլոր կուսակցությունները միասին:

- Ես շատ ուրախ եմ, որ քաղաքացիական հասարակությունը զարգանում է, բայց եկեք շատ չոգևորվենք: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա այն կուսակցությունները, որոնք չեն պառակտվել, պետք է կարողանան թարմություն մտցնել ներկայիս իրավիճակում: Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ բան է փոխվում: Եթե վերցնենք սահմանադրական բարեփոխումները, ես հարց եմ տալիս` գործող սահմանադրությունը խանգարո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարել, կարգ ու կանոն ապահովել, տնտեսապես զարգանալ: Ասում են` կառավարման համակարգն է պետք փոխել: Իսկ որ այն փոխվի, հարց է ծագում` ովքեր են այն իրականացնելու: Լինելով ընդդիմադիր, ես ընդհանրապես թեժության կողմնակից չեմ, բայց, երբ սոցիալական հարցեր են բարձրացվում, մենք ամեն կերպ աջակցելու ենք, որպեսզի դրանք իրենց լուծումները ստանան: Մեր ստեղծած «Մտավորականների խորհրդի» բուն նպատակը հենց դա է: Փորձելու ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Խորհրդի կազմում կայացած մասնագետներ են, ովքեր իրենց գաղափարներով կարող են օգտակար լինել Կառավարությանը: Նրանցից ոչ մեկը որևէ պաշտոնի չի ձգտում: Բոլորիս նպատակն է` նպաստել, որպեսզի գոնե մեղմվի սոցիալական լարվածությունը, կանխվի արտագաղթը: Վերջին հաշվով` սա մեր երկիրն է, որը մտահոգ տանտերերի կարիք ունի: Ուրիշ ովքե՞ր, եթե ոչ` մտավորականները պետք է ձայն բարձրացնեն և ժողովրդի պահանջը ներկայացնեն: Ձգտելու ենք, որ մեր ձայնը լսելի լինի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ