Գուցե իսկապե՞ս խածել է


 

Ինքնապաշտանական բնազդները ենթագիտակցության թելադրանքով են ի հայտ գալիս: Ու որպես կանոն` այնքան անակնկալ, որ այդ թելադրանքին ենթարկվածը երբեմն չի հավատում, թե տվյալ արարքն ինքն է թույլ տվել: Օրինակ, աշխարհահռչակ շախմատիստը ո˜՞նց կարող էր իրեն սաստող ձեռքը կծել: Բայց ոստիկանը պնդում է, որ Գարի Կասպարովը կծել է իր ձեռքը:…

Միացյալ քաղաքացիական ճակատի ձերբակալված առաջնորդ Կասպարովին քրեական պատասխանատվություն է սպառնում: Նրա դեմ նախապատրաստվող քրգործը ենթադրում է մինչև 5 տարի ազատազրկոΖւմ («Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են իրավապաշտպան մարմիններից): Մոսկովյան դատարաններից մեկի մոտ բողոքի ելած նախկին չեմպիոնը կծել է ոստիկանին: Այդ օրը շուրջ 100 մարդ է ձերբակալվել, և փաստաբանները բողոքարկում են նրանց դեմ հարուցված մեղադրանքները: Բայց քաղաքական իրարանցումը` մի կողմ, իսկ 29-ամյա ոստիկան Դենիս Ռատնիկովը հայտարարություն է ներկայացրել` ստացած վնասվածքի առնչությամբ: Նույն դատարանի մոտ իր պաշտոնեական պարտականությունը կատարելիս (այն պահին, երբ դատարանում ընթերցվում էր Pussy Riot-ի ակտիվիստուհիների դատավճիռը), շախմատի աշխարհի երբեմնի չեմպիոնը հարձակվել է նրա վրա...

Կասպարովն, իհարկե, հերքել է նրան և ենթադրություն հայտնել, թե երիտասարդի ձեռքը գուցե ծառայողական շունն է կծել: Նրա ենթադրությունը չէին կարող չհարգել, և ՆԳՆ քաղվարչությունից հաղորդել են.

- Մոսկվայի ոստիկանությունը պատրաստ է Կասպարովին և իրենց ծառայողական շների ատամների համեմատական փորձաքննություն կատարել:

Բա որ հանկարծ և´ շների, և´ մարդու ատամնահետքերը համընկնեն կծած ձեռքի վրա: