ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ»` ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ


 

Կան քաղաքական գործիչներ և նրանց սպասարկու լրատվամիջոցներ, որոնք շրջանցելով բարոյականության մասին բոլոր պատկերացումները` ողբերգություններն անգամ օգտագործում են իրենց շահերի համար:

Այս կերպ նրանք ձգտում են ստանալ «դիվիդենտներ», որոնք, հավանաբար, անհրաժեշտ են իրենց քաղաքական վերելքի, կորսված հեղինակության վերականգնման և կամ ընթերցողական լսարան ապահովելու համար: Հենց նման «փիլիսոփայություն» է որդեգրել ինչ-որ լրագրող, ով «արթնանալով քնից» ու տեղեկանալով սիրիահայերի մասին` որոշել է ոչ թե խորանալ մեզ համար ազգային ողբերգության մի նոր հանգրվան դարձած իրադարձությունների և դրանք ծնող պատճառների մեջ: Ոչ թե սեփական թերթի միջոցով բողոքի ձայն բարձրացնելով ընդդեմ այն ուժերի, որոնք աշխարհաքաղաքական և ծավալապաշտական նկրտումներով հիմա էլ փորձում են ապակայունացնել վիճակը Մերձավոր Արևելքի դասական պետություններից մեկում` Սիրիայում: Պարզվում է, որ լրագրողին ոչ թե մտահոգում են սիրիահայությունն ու ողջ Սիրիան` իբրև տարածաշրջանում քաղաքական և ռազմական ծրագրերի նոր թիրախ, այլ` «քաղաքական» զրպարտությունն ու բամբառակությունը, որը հատկապես մի շարք ընդդիմադիր գործիչների ու լրատվամիջոցների համար դարձել է հաց վաստակելու միակ միջոցը:

Իր հերթական համարում թերթերից մեկը տպագրել է «Նրանք բոլորը Հրանուշ են» վերտառությամբ զրպարտագիրը, ուր լրագրողը բողոքում է այն բանի դեմ, որ... փակվել է «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը: (Այդ թերթի ու հրապարակման հեղինակի անունն այս անգամ չենք նշում` մասնագիտական համերաշխությունից ելնելով): Նրան «վշտացրել» է այն հանգամանքը, որ սիրիահայության համար ստեղծված ծանր պայմաններում Սփյուռքի նախարարությունը «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլն է փակում: Լրագրողը «ճակատագրի հեգնանք» է համարում նախարարության այս «գործելաձևը» և հենց այս «հեգնանքը» զգալուց հետո` անցնում «հարձակման»: Սփյուռքի նախարարությունում ոչ ոք և անգամ նախարարը, մեղավոր չեն, որ հեղինակը, չհետաքրքր վելով «Արի տուն» ծրագրի համապարփակ գործունեությամբ, ընդամենը չորրորդ փուլի փակումը համարում է հակազգային երևույթ: Ցանկացած ծրագիր, եթե բաժանված է փուլերի, շարունակա կան է, որ ծրագրի ամեն մի հատված ունի իր սկիզբն ու վերջը: Իսկ հատկապես 2012 թվականին «Արի տուն» ծրագիրն առաջին հերթին ուղղվել է այն նպատակին, որ ողբերգական այս օրերին սիրիահայ երեխաներն ու երիտասարդները Հայաստան գան, ապահովություն ունենան, ժամանակավորապես մոռանան այն արհավիրքը, որը հարկադրվել է Արևմուտքի մի շարք տերությունների կողմից: Սփյուռքի նախարարությունը, Հայաստանի կառավարությունը մեծագույն ջանքեր են գործադրել հատկապես սիրիահայ երեխաներին պատերազմական գոտուց դուրս բերելու և Հայաստանում նրանց համար ջերմ մթնոլորտ, խաղաղ առօրյա ձևավորելու համար:

«Արի տուն» ծրա- գրի 4-րդ փուլի փակումը չի նշանակում ծրագրի ավարտ, դրան հաջորդել է նոր փուլը, ինչի շնորհիվ 120 սիրիսահայ երեխա հնարավորություն է ստացել Հայաստան գալ, ապրել անհոգ առօրյայով: Այսօր Սփյուռքի նախարարությունը ջանքեր է գործադրում սիրիահայ երեխաների ուսման գործընթացները կազմակերպելու, Հայաստանում նրանց կեցությունը երկարաձգելու համար:

Ընդամենը մեկ անգամ Սիրիա մեկնած և հապշտապ տպավորություններով վերադարձած հեղինակին թվում է, թե ինքը «աշխարհ է հայտնագործել», թե ազգային հերոս է դարձել` նկարահանումներ կատարելով Հալեպում: Սփյուռքի նախարարությունը հետևողականորեն, որոշակի գաղափարաբանությամբ, արդեն տևական ժամանակ աշխատանքներ է իրականացնում, մշտական կապ ապահովում սիրիահայության հետ, նպաստում, որպեսզի Հայաստանում մշտական բնակության ցանկություն ունեցողները կարողանան դյուրությամբ լուծել իրենց համար առաջադիր համարվող խնդիրները: Այս ամենը լրագրողի աչքին չի երևում, այս ամենի մասին նա պատկերացում չունի: Նրան հանձնարարել են գրել Սփյուռքի նախարարության դեմ, ու նա գրում է` հավանաբար իր պատվիրատուներից որոշակի հոնորարներ ակնկալելով:

Երբ ստեղծվում էր Սփյուռքի նախարարությունը, թուրքական և ադրբեջանական որոշ քաղաքական շրջանակներում անհանգստություններ էին ապրում, այնտեղ լավ էին գիտակցում, որ այս նախարարությունը նպաստելու է ոչ միայն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համահայկական ազգահավաքին, այլև նպաստելու է Ցեղասպանության ճանաչմանն ու Արցախի խնդրի հանրահռչակմանը: Եվ նախարարությունը իրատես համարձակությամբ, ազգային շահի գիտակցմամբ, Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնադրույթների կարևորմամբ` սկսեց իր գործունեությունը: Այսօր արդեն գերատեսչությունն այն հուսալի պատվարներից մեկն է, որի շնորհիվ նաև մեր պատմական ու ճշմարիտ պահանջատիրությունը հասանելի է դառնում բոլորին: Լրագրողն իր կեցվածքով մերձեցել է մեր դարավոր իղձերի, պատմական ճշմարտության վերականգնման բոլոր թշնամիներին և շրջանառության մեջ է դնում այն հակագաղա փարը, թե Սփյուռքի նախարարությունը ավելորդություն է... Ուրեմն, հենց մեր մեջ ապրում ու թերթերում գրում են մարդիկ, ովքեր ճիշտ նույն կեցվածքն ու տրամաբանությունն ունեն, ինչ մեր թշնամիները: Նշանակում է, մեր միջի թշնամին առավել վտանգավոր է, քան` արտաքին թշնամին, ով գործում է բաց և ամեն ինչ արդարացնում իր «փիլիսոփայությամբ» ու տրամաբանությամբ:

Մեր նպատակը չէ ստանձնել Սփյուռքի նախարարության խոսնակի պարտականությունը կամ էլ նրա փոխարեն հերքում գրել: Մերը լրագրողական անշահախնդիր մտահոգությունն է` որպեսզի մեր ողբերգությունները չօգտագործվեն` ընդդիմադիր «դիվիդենտներ» հավաքելու համար, որպեսզի այսրոպեական տկարամտությամբ չուրախացնեն մեր թշնամիներին, սեպ չխրեն հայ ժողովրդի առանց այն էլ ցիրուցան եղած հատվածների միջև:

Այս օրերին Հայաստանում գտնվող մի շարք սիրիահայեր ցավով են խոսում այն մասին, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ իրենց բողոքի ձայնը Սիրիայում տեղի ունեցողի դեմ բարձրացնելու փոխարեն, սկսել են «հաշիվներ մաքրել», ստեղծված վիճակն օգտագործել ընդդեմ հայաստանյան իշխանությունների: Մեր հայրենակիցները հիասթափություն են ապրում այս ամենից և կամենում են պահ առաջ հեռանալ այստեղից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ