94-ամյա սիրային նամակը 


Դրա հեղինակն ու հասցեատերը վաղո˜ւց հրաժեշտ են տվել իրենց երկրային կյանքին: Ու եթե նրանց հոգիները դեռ շրջում են Երկրի վրա, հիմա մի լավ կզվարճանան և կխաղաղվեն. շուրջ մեկ դար հետո բոլորն իմացան իրենց նվիրական զգացմունքի մասին:

Ֆրանսիական Նիցցա քաղաքի «Վիլսոն պլազա» հյուրանոցի վերանորոգման ժամանակ համարներից մեկում աշխատակիցները հայտնաբերել են թիթեղյա արկղիկ, մեջը` սիրային նամակ` թվագրված 1922 թ.: Նրանք որոշել են որոնել նամակի հեղինակի հարազատներին (տեղեկացրել է INews-ը):

Չորաբլիթների մետաղյա տուփը թաքցված է եղել կախովի առաստաղի մի անկյունում: Գրության հեղինակ Անտուանեթը գրել է.

- Թանկագին Էռնեստ, սե´ր իմ, խնդրում եմ փրկիր ինձ: Չէ՞ որ դու գիտես, որ քեզանից բացի ես ոչ ոք չունեմ: Հանուն ամենայն սրբության, Էռնեստ, շտապ արի: Ես սիրում և սպասում եմ քեզ:

«Վիլսոն պլազա»-ի ղեկավարությունը տեղի փոստատանը խնդրել է վերանայել արխիվային փաստաթղթերը` հույս ունենալով պարզել, թե ովքեր են ապրել ներկայիս հյուրանոցի տարածքում 20-րդ դարասկզբին:

Հյուրանոցի աշխատակիցները, ենթադրելով, որ Էռնեստն ու Անտուանեթը գտել են իրար, հույս են փայփայում գտնել նրանց ժառանգներին: Սակայն տագնապալի և անհուսությամբ լի նամակը, փաստորեն, Էռնեստին չի հասել: Իսկ Անտուանեթը նրան խնդրում էր շտապ գալ ու փրկել իրեն…