Վան Գոգը տառապել է հոգեգարության նոպաներով 


Սա ամստերդամցի փորձագետների եզրակացությունն է. հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ, իմպրեսիոնիստ Վինսենթ Վան Գոգը կյանքի վերջին մեկուկես տարում տառապել է հոգեգարության կրկնվող նոպաներով:

Հետազոտողների խումբը` բժիշկների և արվեստաբանների մասնակցությամբ, հսկայական քանակի փաստաթղթեր են ուսումնասիրել. այդ թվում և հոլանդացի պոստ-իմպրեսիոնիստների նամակները: Ուսումնասիրություններն այն եզրակացությանն են հանգեցրել, որ Վան Գոգի նյարդային խանգարումները կարող էին սթրեսի կամ ալկոհոլի չարաշահման հետևանք լինել: Հենց այդ խանգարումներն էլ 1888-ին մղել էին նկարչին` կտրել սեփական ականջը:

Վան Գոգի հոգեկան խնդիրների մասին շատ է խոսվել, սակայն հիմնավոր ախտորոշում այդպես էլ չկա: Այս անգամ ևս վերջնական ախտորոշում չգտնվեց: Նրա առողջության վերաբերյալ ամենատարածված տեսությամբ նշվում է, որ նա տառապել է կրկնաբևեռության խանգարումներով, շիզոֆրենիայով և սիֆիլիսով:

- Սակայն այս ամենը չի ներկայացնում ամբողջական պատկերը, թե ինչ է կատարվել նրա հետ,- «Տելեգրաֆ» թերթին տված հարցազրույցում ասել է բժիշկ, պրոֆեսոր Արկո Օդերվալդը:

Հիշեցնենք, որ Վան Գոգը մահացել է 1890 թ.` հրազենային վիրավորումից: Համարվում է, որ նա ինքնասպան է եղել: