«Պուտինի բարեկամներ»-ը` իտալական խորհրդարանում


Քաղաքական համակրանքն էլ երբեմն բուռն է լինում, որ ակամա մտածում ես, թե ի˜նչ թռիչքներ կարող է գործել նույն` քաղաքական միտքը: Օրինակ Իտալիայի ազգային խորհրդարանում միջկուսակցական խմբակցություն է ստեղծվում` «Պուտինի բարեկամներ» անվամբ: Ինչպես հաղորդել են պատգամավորների պալատի մամլո ծառայությունից` այդ նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմության ներկայացուցիչ «Հյուսիսի լիգա» կուսակցության ղեկավարության անդամ Պաոլո Գրիմոլդին: Նա արդեն ստորագրահավաք է սկսել խորհրդարանական պալատում: Նա հույս ունի պատգամավորների և սենատորների մի քանի հարյուր համախոհներ հավաքագրել (հաղորդել է ՏԱՍՍ-ը):

- Պուտինին հարգում են ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները` չնայած համապատասխան կուսակցությունների զազրախոսություններին` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների առնչությամբ, որոնք «Հյուսիսի լիգա»-ում մենք համարում ենք բացահայտ խելագարություն,- հայտարարել է քաղգործիչը:

- Վերջին տարիներին Պուտինի քաղաքական կշիռը ավելի ակնառու է դարձել. հատկապես եթե համեմատենք Օբամայի վարչակարգի (և ոչ միայն) աղետի հետ,- համոզված է Գրիմոլդին:

Իր համակրանքը նա նաև գործնական առաջարկով է արտահայտում: Ընդգծելով Ռուսաստանի և Իտալիայի ավանդական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, Գրիմոլդին վստահություն է հայտնում, որ`

- Այս նախաձեռնությունն ուղղված է մեր անբաժանելի առևտրա-տնտեսական գործընկերոջ հետ երկխոսության աջակցմանը: Սա կարևոր քայլ է` ընդդեմ ինքնասպան շրջափակման, որը կորուստ է բերում մեր ձեռնարկություններին: Ռուսաստանն ու Իտալիան պետք է երկխոսություն վարեն և համագործակցեն ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ «ԻՊ»-ի («Իսլամական պետության»-խմբ.) դեմ պայքարում: