ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ


Խորհրդարանը շուտով քննարկելու ու հավանաբար հավանության է արժանացնելու «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Դրա ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ օրինագիծն օրենք դառնալուց հետո ունևորների թիկնապահների թիվը չպետք է գերազանցի երեքը` մեկ ուղեկցող մեքենայով: Ինչ խոսք, Գալուստ Սահակյանի և Հովհհաննես Սահակյանի օրինագիծ-առաջարկին ընդդիմացողներ շատ են լինելու: Ավելին, բազմաթիվ պատգամավոր¬մեծահարուստներ այս ու այնտեղ արդեն հայտարարել են, թե երեք թիկնապահը հաստատ քչություն է անելու, ու իրենց առանց այն էլ ոչ այնքան խաղաղ կյանքը նոր տագնապներով է լցվելու: Ստացվում է, որ առանց բազմամարդ թիկնազորի նրանք վախենում են: ԱԺ¬ում ծավալվելիք թեժ քննարկումներից առաջ թիկնապահավոր իրենց գործընկերներին ոչ այնքան բարի աչքով նայող օրենսդիրներն էլ իրենց հակափաստարկներն են նախապատրաստում` հիմնավորելու, որ առանց տասնյակ կերած¬խմած տղերքի էլ կարելի է հանգիստ ապրել ու էլի մեծահարուստ համարվել: