Ո՞Վ Է ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ


 

Զոհված ազատամարտիկների ընտանիքներից շատերն այսօր Գյումրիում գտնվում են անհույս վիճակում: Տարիներ առաջ հաստատված արտոնություններից ու զեղչերից են կտրվել, շատերին տրված առևտրի փոքրիկ կրպակներն են քանդել` այդ ամենը պայմանավորելով գերակա շահերով: Սրա հետ կարծես համակերպվել են զոհվածների կանայք, բայց այլևս չեն կարող հանդուրժելի համարել այն, որ նրանցից շատերը շարունակում են ապրել առանց սեփական տանիքի` ժամանակավոր կացարաններում կամ էլ հարազատների տներում: 2006 թվականից շատերը սպասում են իրենց հերթին, մինչդեռ այդ հերթն առաջ չի գնում նրանց համար, բնակարանային բաշխումներով զբաղվողները կարծես մոռացութ յան են տվել հայրենիքը պաշտպանածների ընտանիքներին, արհամարհել նրանց իրավունքները:

Արցախյան ազատամարտում իր ամուսնուն կորցրած Լիլիկ Ասլանյանը զայրացած ասում է.

- 2009 թվականին ես գնացի նախագահական, ինձ ասացին` գնացեք, մինչև ձեր հերթը հասնի, բայց էդպես էլ սպասում ենք: Այս ծրագրով 8 հոգու տվեցին բնակարաններ, որն էլ  անհասկանալի մնաց բոլորիս. նրանք չունեին զոհվածի կարգավիճակ, ավելին`  ունեին սեփական բնակարաններ: Ահա թե ում է հասնում այս ծրագիրը, իսկ իմ փաստաթղթերը կորցրել էին, կրկնակի անգամ եմ տարել դրանք:

Նախագահականում, իհարկե, չեն պատկերացրել, թե կարելի է ապօրինությունների գնալ, թե ազատամարտիկների ընտանիքներին պատկանող բնակարանները կարող են ուրիշներին հատկացնել` առանց որևէ հիմնավորման: Գյումրեցի կանայք այլևս ելքեր չգտնելով, օրերս նամակ են հղել երկրի նախագահին, որում մասնավորաբար ասվում է.

- Հարգելի պարոն նախագահ, Ձեզ դիմում ենք բաց նամակով, որովհետև այլ միջոց չենք տեսնում նամակները ինչ-որ կերպ Ձեզ հասանելի դարձնելու համար: Բազմիցս դիմել ենք գրավոր նամակով, բայց հավատացեք` այն երբեք չի ուսումնասիրվել, պարզապես մակագրվել, ուղարկվել է պատկան մարմիններին, չինովնիկական  աստիճաններով իջել է, տրվել շաբլոն պատասխան (Ձեր հերթը այսինչ համարն է...): Իսկ զոհված  ազատամարտիկի  ընտանիքից նախագահին ուղղված դիմումը հենց այնպես գրություն չէ, այն պարունակում է ճակատագրայնորեն անհրաժեշտություն  և ենթադրում է  լուրջ մոտեցում: Հատկապես վիրավորական է այն, որ մեր կառավարությունն ամեն ինչի համար միջոցներ գտնում է, իսկ զոհված ազատամարտիկի ընտանիքի գոնե բնակարանային  խղճուկ պայմանները  որոշակի բարելավելու համար միջոցներ չի գտնում: Բավական է մի տեղ փոքր խնայողություն անել (իսկ այդպիսի տեղերն անչափ են, չենք ուզում մատնացույց անել), հարյուրավոր ընտանիքների հոգս կարելի է հոգալ: Մենք չենք ուզում որևէ արդարացում լսել, ցանկացած հարցի ինչ-որ ձևով կարելի է պատասխանել, ինչ-որ թվեր ասել: Գիտենք, որ 2003-2009 թվականներին բավական մոտեցում ցուցաբերվել է, հարցն այն է, որ վերջին 2 տարին համարյա ոչինչ չի արվում, արվածը համարյա ոչինչ է: ...Զոհված ազատամարտիկների ընտանիքները այդքան շատ չեն, և այդ գումարները  այդքան սարսափեցնող թիվ չեն կազմում, դրանք չնչին գումար են` տասնյակ  բնագավառներում աղաղակող չարաշահումների ֆոնին, տասնյակ բնագավառներում միլիոններ հատկացնելու, փոշիացնելու ֆոնին:

Այս նամակի հեղինակներից մեկը` խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Անահիտ Առաքելյանն ավելացրեց.

- Մեզ կառավարությունը տեղեկանքներ տվեց, որտեղ  հստակ նշված էր, որ կարող էինք  օգտվել բոլոր զեղչերից ու արտոնություններից:  Շատ գոհ  ու շնորհակալ  էինք, բայց  մի քանի տարի կիրառվեց, ու,  չգիտես ինչու, վերացրին: Կառավարությունը երևի շատ համարեց` մտածելով, որ տարեցտարի զոհվածների ընտանիքները  կարող են բարգավաճել: Հիմա ոչ մի  բանից չենք օգտվում, եթե ուզենք ձայն բարձրացնել` քնած որևիցե մի պաշտոնյայի արթնացնել` կդառնանք խեղկատակներ:

Այս զայրալից խոսքերի տակ մարդկանց իրավացի վրդովմունքն է, նրանց վիրավորվածությունը: Մի շարք չինովնիկներ արհամարհում են կառավարության որոշումները և պահանջները, ոտնահարում մարդկանց իրավունքները: Եվ մարդիկ այս դեպքում վիրավորվում են երկրի նախագահից, պաշտպանության նախարարից` շատ հաճախ մտածելով, թե անտարբերության հեղինակները նրանք են: Մինչդեռ լավ գիտենք, որ շատ նամակներ թաքցվում են, դրանց անհոգի պատասխաններ են հորինվում, նամակների մի մասը կորչում է չինովնիկական գզրոցներում, իսկ երբեմն էլ արտոնություններից օգտվում են դրանց կարիքը չունեցող անձինք:

Մի առիթով գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց.

- Մեր գլխավոր ուշադրությունը պիտի կենտրոնանա երկիրը պահած ու հանուն մեր երկրի զոհվածների ընտանիքներին, որպեսզի նրանք վշտի մեջ նաև չկորցնեն հպարտության զգացումը:

Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ հպարտությունը չկորչի, որ զոհվածի մայրն ու կինն իրենց մենակ ու լքված չզգան:

Լ.Մ.