«...Ձերբազատվել «բարեփոխումներ կոչվող խոսելախտից»


Հ նախագահի բոլոր 9 թեկնածուները հիմա ավելի վստահաբար են պնդում մինչև վերջ պայքարելու իրենց վճռականությունը: Պաշտոնապես սկսված քարոզարշավն էլ, ինչպես նախորդող մի քանի օրերը ցույց տվեցին, խոստանում է հարուստ լինել հավաստիացումների առատությամբ, հետաքրքիր բացահայտումներով, ինչու չէ, նաև թունդ հակաքարոզչությամբ ու բազմապիսի դրամատիկ իրադարձություններով: Անկախ այն իրողությունից, թե ով ինչքան քվե կստանա, ինչ դիրք կզբաղեցնի իննյակում և, որ ամենակարևորն է, ի վերջո ով կարժանանա ընտրողների մեծամասնութ յան քվեին, ակնհայտ է, որ բոլոր թեկնածուներն էլ առաջիկա շաբաթներին այդ կամ այն չափով լրատվամիջոցների տեսադաշտում են լինելու: Եվ քանի որ արդեն հրապարակի վրա են նրանց նախընտրական ծրագրերը, փորձենք ներկայացնել ու գնահատել, թե թեկնածուներից ով հատկապես ինչ է ուզում, քարոզարշավի շրջանակներում քաղաքական վարքի ինչպիսի հետաքրքրական և ուշագրավ գծեր է դրսևորում, և, որ ամենակարևորն է, ինչպիսին են տվյալ թեկնածուի ընտրվելու հնարավորությունները: Եվ այսպես, սկսենք Արտաշես Գեղամյանից: Նախ, քանի որ Մամիկոնիչը քաղաքական դաշտի բազմափորձ վետերաններից է, իսկ եթե արածն էլ հաշվի չառնենք, ապա այն, որ արդեն քանի ամիս, ինքն իրեն առաջ մղելով, Գեղամյանը կարողանում է իրադարձությունների կենտրոնում հայտնվել, արդեն իսկ գնահատանքի է արժանի: Այլ հարց է, որ դրա արդյունքում նա մի կողմից ծայրահեղ բացասական որակումների է արժանանում, մյուս կողմից էլ անուղղակիորեն խոստովանում է, և, ինչպես շատ լեզուներն են ասում, ինչ-ինչ դեռևս չբացահայտված խոստումներ են վերջինիս տրվում: Ինչևէ, Ա. Գեղամյանի նախընտրական ծրագիրը կանխատեսվածի համաձայն` հսկայածավալ էր, սպասվածի նման տպագրվեց և ներկայացվեց առաջինը: Ոչ անհայտ սոցիոլոգներից մեկը ժամանակին նրան «մեղադրում» էր բոլոր քարոզարշավները նախատեսվածից վաղ սկսելու և տվյալ ընտրարշավի համար առկա ողջ ռեսուրսը նույնքան արագ սպառելու համար: Սակայն Նախագահի այս թեկնածուն, չանսալով սոցիոլոգի հորդորներին, «ավանդույթը» դարձյալ չխախտեց: Այսուհանդերձ, տպավորությունն այնպիսին է, թե «Ազգային Միաբանության» առաջնորդը սովորականի պես շտապել է, և նրա սպասելիքները առաջիկա ընտրություններից արդեն այնքան էլ մեծ չեն (ավելի իրատեսական են): Ավանդաբար կարծր քննադատության կողմնակից այս գործիչը, ըստ ամենայնի, քարոզարշավում, պայմանականորեն ասած, նախատեսում է միջին դիրք գրավել: Բավական է թռուցիկ կերպով ծանոթանալ «Արարման ծրագրին»` վերոնշվածում լիարժեքորեն համոզվելու համար: Բոլոր ժամանակներում անչափ հոգեհարազատ սպառողական զամբյուղի թեման քննարկելով` Գեղամյանը նախ դրա պարունակությունը քիչ է համարում, թվերի լեզվով հիմնավորում ասվածը, իսկ հետո ավելացնում, թե կենսաթոշակների 60 տոկոսանոց աճը վերջապես կփոխի 300 հազար թոշակառուների սոցիալական վիճակը: Վերջերս, մի այլ առիթով էլ նա նշել էր, թե կառավարությունն այդ քայլով կյանքի է կոչել իր կողմից վաղուց առաջարկված հակաճգնաժամային ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը: Կարելի է կարծել, թե Գեղամյանի նախանշած ճգնաժամը ԱԺ ընտրություններից հետո հաղթահարվել է, և արդեն արարման ժամանակներ են եկել… Բնա°վ: Նախագահի այս թեկնածուն առաջարկում է ձերբազատվել «բարեփոխումներ կոչվող խոսելախտից»` փոխարենը անհայտ ծագմամբ ու առաքելությամբ միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներով, հին սովորույթի համաձայն, թվախեղդ անելով իր ծավալուն հրապարակման ընթերցողներին: Խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանում համառորեն ծպտուն չհանած գործիչը նաև համոզված է, որ մինչև այժմ տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են, և այս շարքում բացառություն չի եղել նաև ԱԺ մայիսյան քվեարկությունը: Մինչդեռ, ինչպես նշեցինք, Ա. Գեղամյանն այս մասին երկար ժամանակ ոչինչ չէր ասում, համենայն դեպս ընտրությունների արդյունք ներից չէր դժգոհում: Հիմա, փաստորեն, դժգոհելու ժամանակն է եկել: Սակայն անորոշությունը և դեպքերի հետագա անկանխատեսելի ընթացքը Նախագահի այս թեկնածուին թվերի վերլուծությունից բացի այլ բան չի թողնում, քան մանևրել անհայտի կամ հնարավոր բոլոր հեռանկարների միջակայքում: Այսպես, մի տեղ նա նշում է, թե իր հայացքները համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին, մեկ այլ տեղում դրանք նմանեցվում են ազատական բնույթի հայացքներին, երրորդ տեղում Ա. Գեղամյանը վերափոխվում է երդվյալ սոցիալ-դեմոկրատի: Ավելի հետաքրքիր է, որ նյութի սկզբում հիմնական քաղաքական գաղափարախոսությունները փառաբանած Նախագահի թեկնածուն մի փոքր անց սկսում է խոսել դրանց բոլորի դեմ: Ճիշտ նույն կերպ քննադատելով բոլոր նախորդ իշխանություններին` թեման ամփոփվում է այս տարվա բյուջեի բարձր գնահատականով ու դրանով երկրի համար նոր, վաղուց սպասված հեռանկարների ի հայտ գալով: Կարճ ասած, Ա. Գեղամյանի ներկայացրած հսկայածավալ նյութում այդպես էլ կոնկրետ փակագծեր չեն բացվում: Համենայն դեպս, դժվար է հասկանալ, թե հաջողության հասնելու դեպքում հատկապես ինչ է պատրաստվում արարել Նախագահի այս թեկնածուն: Այս հարցի պատասխանը (թերևս ամենալավը) հենց ինքը` պարոն Գեղամյանը գիտի. այս ընտրություններում հաջողության հասնելու նրա շանսերը ավելի քան երբևէ փոքր են: Մյուս կողմից էլ թեկնածուն ու նրա շրջապատը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց թիմի հաջողությունն արդեն երաշխավորված են համարում: