Տուգանք` շքեղ հարսանիքներին


Ղրղզստանի հարավային` Ուզգենսկի շրջանի տեղական իշխանությունները որոշել են տուգանք կիրառել նրանց նկատմամբ, ովքեր չափից ավելի շատ փող կծախսեն հարսանիքների ու հուղարկավորությունների վրա: Որոշումը կայացրել են տեղի կեշենի (խորհրդարան) պատգամավորները (տեղեկացրել է ԼԸ «24. kg»¬ն): Բնակչության շրջանում արդեն բացատրական աշխատանքներ են տարվում: Այդ կարգը չպահպանողներին սպառնում է 25-50 հազար սոմ (մոտավորապես 500-1000 դոլար) տուգանք: Օրենքի պահանջը կրկնակի խախտողների նկատմամբ ավելի խիստ պատիժ կկիրառվի` «տեղի համայնքը չի մասնակցի նրանց ավանդական միջոցառումներին` հարսանիքներին ու հուղարկավորություններին»: Ներկայումս ճշգրտվում է, թե ինչ գումարի սահմաններում ծախսերը շռայլություն չեն համարվի: Անհայտ է նաև, թե ովքեր են հաշվարկելու տվյալ ընտանիքի կատարած գնումները: Ըստ գործակալության` Ղրղզստանի քաղաքացիները տարեկան ավելի քան 300 միլիոն դոլար են «վատնում» այդ նպատակներով: Ավելի վաղ Տաջիկստանում էր արգելվել շքեղ ծիսակատարությունները: 2007 թ. երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ հատուկ օրենք էր ընդունվել, որով կանոնակարգվում էին շքեղության այնպիսի ցուցիչներ, ինչպես օրինակ` հարսանիքում հյուրերի, հարսանեկան երթի մասնակից ավտոմեքենաների, մատուցվելիք ճաշատեսակների քանակն է: Եվ 2 տարի անց` 2009¬ին, Տաջիկստանի նախագահը հայտարարեց, որ նման սահմանափակումների շնորհիվ երկրի բնակչությունը խնայել է ավելի քան 1 միլիարդ դոլար: