«ԳԱՖԵՍՃԵԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ Է ԼԻՆՈՒՄ


«Գաֆեսճեան» արվեստի կենտրոնը, որը մայրաքաղաքի ինքնատիպ մշակութային հանգրվաններից մեկն է, երկու օր առաջ հաշվետվություն ներկայացրեց հանրութ յանը` ամփոփելով 2010 թվականի իր գործունեությունը: Ամենագլխավոր ձեռքբերումը, որի մասին խոսեց կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը, այն էր, որ «Գաֆեսճեանն» իր մնայուն տեղը հաստատեց մշակութային օջախների շարքում` հռչակվելով որպես վստահելի: Իսկ սա չափազանց կարևոր է, քանի որ քիչ չեն մեզանում այն կենտրոնները, որոնք հրապարակ են գալիս առանց հիմնարար ծրագրերի և գաղափարախոսության: Մինչդեռ այս կենտրոնն ի սկզբանե իր առջև խնդիր է դրել ձևավորել ծրագրային գործունեության երաշխիքներ, սերտ կապեր ստեղծել հանրության հետ` այսպիսով ընդգծված դարձնելով մշակութային -լուսավորական աշխատանքը: Այս կենտրոն են այցելել 950 հազար մարդ. սա անօրինակ ցուցանիշ է, որը ռեկորդային կարելի է համարել Հայաստանի մշակութային օջախների պատմության մեջ: 2010-ին կենտրոնում բացված երկու` «Լիբենսկի Բրիտովա քաղաքի ուրվագծերը» և «Իվանա Շրամկովա. երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսներում ներկայացված ցուցանմուշները նորություն էին հայ արվեստասերի համար: Դրանք ավանդականի և մոդեռնի միաձուլումն էին արտահայտում` այսպես առիթ տալով մեզ ծանոթանալու եվրոպական արվեստի արդի առանձնահատկություններին և նորացումներին: Կենտրոնը հարստացել է 17 ցուցանմուշով, որոնք արդեն իսկ առաջ են բերել այցելուների հետաքրքրությունը: 2011 թվականն էլ իր տեսակի մեջ անչափ ուշագրավ է լինելու: Ինչպես նշեց տնօրենի պաշտոնակատարը, հատկապես երեխաների համար նախատեսվում են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան բացահայտելու մոդեռն ու դասական արվեստի գաղտնիքները, հաճույք զգալու արվեստի հետ շփվելիս: Միաժամանակ կկազմակերպվի համերգաշար, որի ընթացքում կհնչի դասական երաժշտություն: Իսկ Հայաստանում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության պակաս կա, որն ուզում են այստեղ լրացնել թեմատիկ համերգներով: Այս համերգաշարի գեղարվեստական ղեկավարն է անվանի թավջութակահար Արամ Թալալյանը: Համերգներին կմասնակցեն աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Արմեն Բաբախանյանը, «Արամ Խաչատրյան» տրիոն, ժամանակակից հայ կոմպոզիտորներին կպատվիրվեն նոր ստեղծագործություններ: