«Թուլուզյան ահաբեկիչ»

Մուհամեդ Մերան


 

Ենթադրյալ այս հանցագործը, պարզվում է` մի քանի տարի առաջ փախել է աֆղանական Կանդագար քաղաքի բանտից: Բանտի տնօրեն Գուլյամ Ֆարուքը պատմել է, որ ալժիրյան ծագմամբ 24-ամյա ֆրանսիացին ձերբակալվել էր 2007-ի դեկտեմբերին` Կանդագարում ռումբեր տեղադրելու մեղադրանքով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Բայց մի քանի ամսից նա հաջողեցրել է փախչել` նույն բանտից կալանավորների զանգվածային փախուստի ժամանակ: Այդ խմբում եղել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ և ահաբեկիչներ «Ալ-Քաիդա»-ից (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Մինչ թիրախ դարձրած հրեական «Օզրա Տորա» դպրոցը, նա մահ ու ավեր էր սփռում, ոստիկանությունը որոշել է նրա հետ բանակցություններում ներգրավել Մուհամեդի մորը: Ի դեպ` հանցագործն այդ բանակցությունների ընթացքում համաձայնել էր հանձնել ատրճանակը` իրեն բարձրախոս հատկացնելու պայմանով: Ու հենց այդ բարձրախոսով էլ խոստացել էր հանձնվել օրվա երկրորդ կեսին (խոսքն ահաբեկչության 3-րդ օրվա մասին է): Սակայն հատուկ նշանակության ջոկատայինների գրոհի ժամանակ երեկ նա սպանվել է նույն բնակարանում, որտեղից երեք օր շարունակ սարսափ էր տարածում:

Ինչ վերաբերում է մոր միջոցով նրան հորդորելու ծրագրին, ապա մայրը հրաժարվել է` տեսնելով ու գիտակցելով հանդերձ իրավիճակի աղետալիությունը (հաղորդել է բրիտանական BBC հեռուստաընկերությունը): Իր հրաժարումը կինը պատճառաբանել է, թե որդու համար ինքը «երբեք հեղինակություն չի եղել»:

«Թուլուզյան ահաբեկիչ» Մուհամեդը կասկածվում է նաև ֆրանսիացի 3 զինվորականների սպանության մեջ: Նա բազմիցս եղել է Աֆղանստանում ու Պակիստանում: