«Ճանաչել, վստահել, գործակցել»


Գալիք ապրիլը 100-երորդը կլինի` մարդկային պատմության թերևս ամենամեծ ոճիրի:

Որքան մոտենում է տարելիցը, այնքան ավելի կրքեր են բորբոքվում, ու ավելի գործնական են դառնում նախապատրաստական աշխատանքները` երբեմնի մեր «թղթե շերեփը» պատմական փաստերով հագեցնելու, մեր պահանջատիրությունն անառարկելի հիմնավորումներով ներկայացնելու: Եվ այս առումով մեծ անելիքներ ունի ՀՀ սփյուռքի նախարարությունը, քանզի Հայոց եղեռնի թեման այն եզակիներից է, որի շուրջ ոչ մի հայի կարծիք չի բեկվում: Ավելին, 1915 թ. Ապրիլի 24 ամսաթիվը համախմբում է 10 միլիոն հայերին` աշխարհի որ ծագում էլ նրանք բնավորված լինեն:

Վաղը կբոլորի հայ ժողովրդի դեմ թուրքական ոճիրի 99-րդ տարին: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

- Ինչո՞վ է նշանավորում նախադարյա այդ տարելիցը Սփյուռքի նախարարությունը:

- Նախ ուզում եմ հիշեցնել 2011 թ. ապրիլի 23-ին ՀՀ նախագահի ստորագրած հայտնի հրամանագիրը` պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Սա շատ կարևոր քայլ էր, ու դրա գործունեությունն առավել կարևորվում է նրանով, որ այդ հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ նախագահը: Այն իսկապես համահայկական է, որովհետև հայկական բոլոր կառույցների ղեկավարները ներգրավված են այդ հանձնաժողովում: Եվ, վերջապես, առաջին անգամ մեր պետության ղեկավարը հորդոր ուղղեց Սփյուռքին, որ տարածաշրջանային հանձնաժողովներ ստեղծվեն: Ի պատիվ մեր Սփյուռքի` պետք է նշել, որ այն միշտ պայքարել է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար: Սակայն այս անգամ առավել կազմակերպված, համահայկական հնչեղություն ունեցող տարածաշրջանային հանձնախմբեր ստեղծվեցին, և ՀՀ արտաքին գործերի ու ՀՀ սփյուռքի նախարարություններին հանձնարարվեց նպաստել դրանց կազմավորմանը, օգնել` առավել ակտիվ գործունեություն ծավալելու: Հատկապես Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին տարածաշրջանային հանձնախմբերի օղակներն ի մի են բերում իրենց գործունեությունը, կոնկրետացնում-ճշգրտում են անելիքները և փորձում են հնարավորինս արդյունավետ ամփոփումներ կատարել: Մեր նախարարությունը Սփյուռքի գոյության, ցեղասպանության հետևանք է: Բնականաբար, մեր գործունեության կարևոր բնագավառն է հետևողական, կազմակերպված աշխատանքների իրականացումը այդ ուղղությամբ: Դեռևս 2011թ. նախարարությունը իր գործունեության ուղղություններն ամփոփել է «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» համապարփակ ծրագրում: Ծրագիրը ունի մի քանի բաժիններ` քաղաքական, քարոզչական, լոբբիստական, կրթամշակութային և համայնքների գործունեությանը նվիրված: Հայոց ցեղասպանության քաղաքական հնչեղութ յունը միշտ պետք է օրակարգում պահել: Համագործակցել տարբեր երկրների պատմաբանների, իրավաբանների հետ, անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի շատ պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից: Պակաս կարևոր չէ քարոզչական աշխատանքը` փորձել օտարալեզու լրատվամի ջոցներով հնարավորինս ծավալուն ու մատչելի ներկայացնել այդ փաստը, որպեսզի օտարազգիները իմանան, ճանաչեն, դատապարտեն Հայոց ցեղասպանությունը: Այս առնչությամբ կրթամշակութային ծրագրերը նույնպես առաջնահերթ են: Հարկ է` պատմական հիշողությունը փոխանցել նոր սերնդին, որ Ցեղասպանության փաստի մասին հստակ տեղեկանա և շարունակի պայքարել` հանուն արդարության, հանուն հայ ազգի ոտնահարված իրավունքների վերականգնման:

Մեր աշխատանքների մի հատվածը նվիրված է հայ իրավաբանների, գրողների, լրագրողների, լոբբիստների և այլ մասնագիտական համաժողովների կազմակերպման, միջազգային քննարկումների իրականացմանը:

Կուզենայի ընդգծել, որ տարբեր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ համաժողովներում քննարկել ենք 100-ամյա տարելիցի խնդիրները, որպեսզի յուրաքանչյուրն իր ոլորտում կարողանա վեր հանել հիմնախնդիրը և ներկայացնել աշխարհին: Ստեղծել ենք իրավաբանների խումբ, որը նաև Իրավաբանների միջազգային ընկերակցության հովանու ներքո պատրաստում է այն թղթածրարը, որը մշակելու է Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրների իրական ասպեկտները (անհատական, համայնքային և պետությանն առնչվող):

- Ի՞նչ խոսք, պատմական փաստերից զատ` իրավական պահանջատիրությունը ևս չպետք է երկրորդական համարել: Իսկ դեռևս կա՞ն Եղեռնից վերապրողներ:

- Բարեբախտաբար դեռևս կան, բայց մեկ տասնյակից չեն անցնում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում, և մեր համայնքները փորձում են նրանց խոսքը, հիշողությունները նույնպես լսելի դարձնել հանրությանը:

- Արդյո՞ք Քեսաբը հայերի ցեղասպանության նոր փորձ չէր: Փաստորեն թուրքերին հաջողվեց վայրագ տեղահանություն կազմակերպել, թեև յաթաղանն այս անգամ գործի դնել չհաջողեցին:

- Հայ ժողովրդի համար բոլոր դեպքերում` սիրիական թնջուկը ցավալի է, որովհետև հայկական համայնքն արնահոսում է, քչանում է: Սակայն Քեսաբը առավել յուրօրինակ ընկալվեց և զայրույթի, պոռթկման տեղիք տվեց աշխարհով մեկ, որովհետև այնտեղ հազարավոր տարիներ ապրել են մեր հայրենակիցները: Քեսաբը փոքրիկ Հայաստան է, և այն դատարկելը, տեղահանելը որևէ կապ չուներ սիրիական հակամարտության հետ: Հակամարտող կողմերից որևէ մեկն այնտեղ չէր ապրում, որը կարող էր վտանգի ենթարկել Քեսաբը: Հյուսիս-արևմուտքից հրոսակների ներթափանցումը, իհարկե, մտածված քայլ էր: Ես հավատում եմ, որ աշխարհասփյուռ դարձող քեսաբցիները կհամախմբվեն և մի օր անպայման կվերադառնան իրենց բնօրրանը, իսկ դրա համար մենք պայքարի բոլոր ձևերը պետք է օգտագործենք և երբեք չլռենք:

- Անցյալ տարեվերջին Սփյուռքի նախարարությունը նշեց իր հիմնադրման 5-րդ տարելիցը: Ի՞նչը կառանձնացնեիք` որպես այդ տարիների ամենաէական ձեռքբերում:

- Նախ, այդ ընթացքում նախարարությունը կայացավ` որպես պետական կառավարման մարմին: Այն կարողացավ իր շուրջ համախմբել ամենատարբեր հայկական կառույցներ ու կազմակերպություններ: Բացի այդ, բացառապես Սփյուռքի հետ ծրագրեր իրականացելով` նախարարությունը կարողացավ ավելի աշխուժացնել թե´ կապերը, թե´ սփյուռքահայ կառույցների գործունեությունը: Այն բանաձևը, որով աշխատում ենք, իրեն արդարացրեց. «Ճանաչել, վստահել, գործակցել»: Մեր աշխատանքի հիմքում յուրաքանչյուր համայնքի խնդիրներն են, առանձնահատկությունները, կապը համայնքի հետ և դրա ակտիվացման, սերտացման հնարավորությունները:

5 տարիների հեռվից կարող եմ արձանագրել, որ մեր սկսած որևէ ծրագիր չի տապալվել, այլ առավել ընդարձակվել է, աշխարհագրական առումով ավելի շատ երկրների ներկայացուցիչներ են մասնակցում, և ավելացել է մասնակիցների թիվը:

Մեր գլխավոր հիմնահարցը Սփյուռքում հայապահպանությունն է, մայրենիի իմացության ավելացումը, սփյուռքյան շրջանակներում և Հայրենիքի հետ կապերի ամրապնդումը:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ