ՇԱՌԱՉԵԼՈՎ ԸՆԿԱՎ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՂՆԻՆ... ԿԵՑՑԵ°Ս, ԱՂՋԻԿՍ... ՀԻԱՍՔԱՆՉ է...


1950թ. Արմեն Տիգրանյանը եկավ Երևան և ցանկություն հայտնեց լսել Գոհարին: Գ. Գասպարյանի կատարման ընթացքում ես ջանում էի որսալ հեղինակի ռեակցիան, բայց ոչ մի կերպ չէի կարողանում. Տիգրանյանը լուռ էր ու անշարժ: Ի՞նչը կարող էր այդպես անտարբեր թողնել հեղինակին: Ընդմիջումներին նույնպես լուռ էր: Երբ պարտիայի կատարումը մոտենում էր ավարտին, կոմպոզիտորի դեմքին հետաքրքրության նշաններ երևացին: Հասավ կուլմինացիայի տեսարանը` Անուշի խելագարության պահը: Գոհարն իր տարերքի մեջ էր: Եվ հանկարծ լսում եմ. - Այսքան հակասական տրամադրություններ, միաժամանակ` տեխնիկայի ու կանտիլենայի այսպիսի օրգանական ամբողջականությո՞ւն... ապշելու բան է... Իսկ երբ Գոհարը հնչեցրեց վերջին նոտան, այն էլ` մի ամբողջ օկտավա բարձր, Տիգրանյանը զարմանքից գրեթե ճչաց. - Կեցցե°ս, աղջի°կս... հիասքանչ է... Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է... աներևակայելիորեն լավ է... Երբ դահլիճը դատարկվեց, Աղավարդի ուղեկցությամբ դուրս եկանք թատրոնից և ուղևորվեցինք Վարդան Տիգրանյանի տուն, որտեղ էլ մեզ սպասում էին: Որդու տանը Տիգրանյանը բոլորովին ուրիշ մարդ դարձավ, Գոհար Գասպարյանի կատարումից հիացած, նա մոռացել էր իր հիվանդությունը և անընդհատ կատակում էր ու սրախոսում, իսկ հետո խոսեց Գոհարի կատարման մասին. - Իմ Անուշը գրված է սոպրանոյի միջին ձայնածավալի համար: Այդ մասին ես գրել եմ դեռ 1935 թվականից, «Խորհրդային Հայաստան» թերթում, բայց քանի որ Գոհարի կոլորատուրային ձայնը չունի ոչ մի սահմանափակում, դրա համար էլ նա փայլեց իր արտահայտիչ կանտիլենայով: Այդպիսի կենդանի երգ, բնական շարժուձև, հուզական անկեղծ ապրումներ` օպերային երգիչներից շատ քչերն են կարողանում արտահայտվել... Իսկ երբ ես որոշ մանրամասներ պատմեցի երգչուհու կյանքից և նա իմացավ, որ Գոհարը եկել է Եգիպտոսից` ավելի զարմացավ. - Որտեղ` Նեղոսը, որտեղ` Դեբեդը... Ֆինալում նա այնքան անկեղծ, անմիջական և հուզիչ խաղ ցույց տվեց, որ ինձ թվաց` Դեբեդի ձայնն եմ լսում: Այդքան երիտասարդ ու անփորձ, բայց որքան համոզիչ էր արտահայտում Անուշի անմեղությունը, նրա դժբախտ սիրո ողբերգությունը: Շատ կարևոր էր, որ Գոհարի Անուշը կերպարի եռամաս կառուցվածք ունի` հոգեկան մաքրություն ու կուսական նրբություն, անհոգ, կենսուրախ, անմիջական աղջիկ, իսկ հետո` ողբերգության հասնող հուսահատություն, որի հոգեկան խռովքն ու դրաման հասցնում են նրան խելագարության և կործանման: Եվ հետո այդպիսի մաքուր առոգանություն ոչ մի երգչի կատարման ժամանակ ես չեմ լսել: Գոհարը քանդակում էր իր յուրաքանչյուր բառը: Անուշի կատարումն այնպես տպավորվեց, որ կարծում եմ, Գոհարի ձայնի համար առաջին հայացքից ոչ համապատասխան թվացող «Դավիթ Բեկի» Շուշանի կերպարը նրա կատարմամբ կունենա նույն հաջողությունը: Մտածել է պետք: Արմեն Տիգրանյանը վատառողջ էր. Հայրենական պատերազմի առաջին օրերին, ռազմաճակատում զոհվել էր կրտսեր որդին` Գևորգը, ինչն էլ ազդել էր նրա սրտի վրա: Երգելիս հևում էր, բայց կատարումը հուզիչ էր: - Ոչինչ, կառողջանամ, կգամ և° «Անուշի», և° «Դավիթ Բեկի» պրեմիերաներին: Այս անգամ ներս կմտնեմ թատրոնի շքամուտքից, հետո կգնամ ու կհամբուրեմ Գոհարին, որն իմ համոզմամբ, շատ շուտով ճանաչելի կդառնա աշխարհին... Սակայն մեծանուն կոմպոզիտորը չարժանացավ իր ներկայացումները տեսնելու բախտին: Մեկնելուց հետո վիճակը կտրուկ վատացել էր և իր մահկանացուն կնքեց 1950-ի փետրվարի 10-ին: Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ Երանգների ճոխությամբ, բնատուր շքեղ ձայնը սիրահոժար ծառայեցնելով իր ժողովրդի` համաշխարհային ճանաչմանը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆԸ բազմաթիվ դերերգերով ու համերգներով (հատկապես շեքսպիրյան) անցյալ դարի կեսերից դարձավ մեր օպերային բեմի ադամանդակուռ զարդը` հանուրի ակնածանքը նվաճող հայ երգարվեստի անգերազանցելի հմայքը սփռելով ամենուր: Կոլորատուրային սոպրանոյի աննախադեպ լայն դիապազոնը, վիրտուոզ կատարումների բանաստեղծական համոզչականությունը ոսկեզօծեցին Հայաստանի սոխակի անունը ազգային մշակութային գանձարանում` Սարյանի ու Խաչատրյանի կողքին: ...Խոնարհվենք նրա պայծառ հիշատակի առաջ և գեթ հիմա` ֆիզիկապես կորցնելուց հետո, իրավունք նվաճենք հպարտանալու երկնակամարում մշտապես նույն ուժգնությամբ փայլատակելու ունակ լեգենդար մեր գիսաստղով: